Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մենք Ցեղասպանության ճանաչման գործընթացի սանձերը ձեռքից բաց ենք թողել». Արման Մելիքյան

14:45, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Մենք Ցեղասպանության ճանաչման գործընթացի սանձերը ձեռքից բաց ենք թողել». Արման Մելիքյան

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն, անկասկած, օրակարգային է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ թուրքական պետության կողմից իրականացված հայության բնաջնջման, հայրենազրկման և ունեզրկման հրեշավոր ծրագրի հետևանքների բոլոր դրսևորումներն ամենաողբերգական կերպով արտացոլված են մեր այսօրվա գոյության բազում խնդիրներում: Մեզ համար Ցեղասպանության փաստի ճանաչումը հատկապես Թուրքիայի կողմից նվազագույնը կնշանակի արդարության բարոյական հաղթանակ և կատարվածի կրկնության նախադրյալների վերացում, այսինքն՝ անվտանգության լրացուցիչ կարևոր երաշխիքների հաստատում»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ խոսելով Ցեղասպանության ճանաչման կարևորության մասին և պատասխանելով հարցին, թե ի՞նչ է այն մեզ տալու, ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
     Հարցի շուրջ կիսվելով իր տպավորություններով, նա նշեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում Ցեղասպանության հարցի զուտ քաղաքական բաղադրյալն անհրաժեշտ խորությամբ գնահատված չէ: «Խնդիրն այն չէ միայն, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր օգնությամբ վեր է ածվել ինչ-ինչ պայմաններում օտարների կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և անգամ շանտաժի ենթարկելու գործիքի, այլ այն, որ այդ գործիքի կոնկրետ կիրառումը հիմնականում դուրս է մնում մեր պետական քաղաքականության վերահսկողության և ուղղորդման տիրույթից: Այսինքն՝ եթե կցանկանա Մոսկվան, Փարիզը, Թեհրանը կամ որևէ այլ ազդեցիկ կենտրոններ Ցեղասպանության հարցն արծարծելու միջոցով ինչ-ինչ ճնշումներ բանեցնել Անկարայի նկատմամբ, ապա կարող են դա անել, անկախ այն բանից, թե ինչ են թելադրում այդ պահին Երևանի շահերը»,- նկատեց Ա. Մելիքյանը:
     Նրա խոսքով՝ մենք գործընթացի «սանձերը ձեռքից բաց ենք թողել» և կարող է գալ նաև այն պահը, երբ ոչ թե Թուրքիան, այլ ինքներս, կդառնանք ուրիշների կողմից նախաձեռնված գործողությունների պատանդը կամ թիրախը: «Ասածս այն է, որ ոչ մի առանձին հարցի լուծում չի կարելի դրոշ դարձնել՝ միայն երկարաժամկետ ռազմավարության խնդիրներ լուծող համակողմանիորեն մշակված և հետևողականորեն իրականացվող քաղաքականությունն է, որ կարող է մեր կենսական պահանջների բավարարումն ապահովել և որը ներկայումս Հայաստանը չունի մի շարք օբյեկտիվ ու սուբյեկըիվ պատճառներով»,- կարծիք հայտնեց Արման Մելիքյանը:

3810 | 0
Facebook