Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Ավետիք Չալաբյանի կալանավորումը

չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2022 թ.
Համացանցը քննարկում է Ավետիք Չալաբյանի կալանավորումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր որոշել է 3 ամսով կալանավորել ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանին։

Այս թեման մեկնաբանել են`

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ նախկին պատգամավոր

Սոֆյա Հովսեփյան, ԱԺ նախկին պատգամավոր

Ավետիք Չալաբյանին կրկին կալանավորեցին` այս անգամ երեք ամսով։ Ես այդքան չտրամաբանված, աբսուրդ դատական նիստի երբեք ներկա չէի եղել։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ ինչ-որ լխպորներ, եթե ցանկանան կամայականորեն քեզ ազատությունից զրկել, քանի որ դու քաղաքական այլ դաշտում ես, ապա դա կարող են անել բառացի սառնասիրտ ու անխիղճ մոտեցմամբ։


Դատավորը հորդորում է, որ պաշտպանող կողմը հավասարակշռություն պահպանի, բայց ինքը բառացի անհավասարակշիռ պահվածքով ընդմիջում է հայտարարում։ Մի օր կտեսնենք վստահ եմ, որ գողը, մարդասպանը, մանկապիղծը դատապարտվեն, իսկ ազնիվ մարդիկ անգամ դատարանի դուռը չհասնեն:

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Ավետիք Չալաբյանին նորից կալանավորեցին: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, դիմեք դատական իշխանությանը, բայց ոնց դիմեն դատական իշխանությանը, եթե դեմ եք տալիս Մնացական Մարտիրոսյանին, որի ձեռքի տակով անցել են մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, ընդ որում՝ նրանցից որոշ մասը ՄԻԵԴ-ով է անցել և արդարացվել է, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հենց նա էլ արդարադատության երաշխավորն է մեր երկրում: Ինչպես կարող էր այդ դատավորը շարունակել աշխատել, որը բացահայտորեն ակնհայտ ապօրինի դատավճիռներ է կայացրել և շարունակում է կայացնելլ: Հարգելի՛ արդարադատության նախարար, Ավետիք Չալաբյանը քաղբանտարկյալ է, ամբողջ ցանկության դեպքում այլ բան մտածել հնարավոր չէ: Միայն թե բանտ ուղարկեն և սա արդարադատության երաշխավորի սրտով է: Եվ դատական համակարգը բարեփոխելու մասին հեքիաթներ մեզ մի՛ պատմեք:

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ նախկին պատգամավոր

Բոլոր իշխանությունների գործիք Մնացական Մարտիրոսյանը, նույն ինքը՝ Մացոն, քիչ առաջ 3 ամսով կալանավորեց Ավետիք Չալաբյանին։


Ու թեև անգամ հանրային մեղադրողը միջնորդեց կիրառել գրավ, սակայն Մացոն հավատարիմ մնաց իր տեսակին։


Ավետիք Չալաբյանը քաղաքական բանտարկյալ է, ինչպես այս ռեժիմի դեմ պայքարող ու կալանավորված բազմաթիվ տղաներ, և միջազգային հանրություն կոչված աջաբսանդալի քար լռությունը՝ Հայաստանում դատական համակարգը պոլի շոր սարքելու գործընթացի հանդեպ, մեկ բան է փաստում՝ «միջազգային հանրություն» ՓԲԸ-ի լուռ աջակցությամբ մենք դեռ շատ բան ենք զիջելու թուրքին՝ հանուն ֆեյք խաղաղության։


Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ՝ դիմել եմ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ Ավետիք Չալաբյանի հանդեպ իրականացվող հստակ քաղաքական հետապնդման խնդրով։


Երբևէ, որևէ իշխանության ժամանակ նման տրյապկա դատական համակարգ և նման կարգի քաղաքական բռնաճնշումներ չեն եղել:

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Քրեական դատավարության գործող օրենսգիրքը դատաքննության (այլ ոչ թե նախաքննության) փուլում գտնվող գործերով դատարանին իսկապես հնարավորություն տալիս է, ի հեճուկս դատախազի դիրքորոշման, կիրառել կալանք։


ԲԱՅՑ ակնհայտ է, որ դատարանն այդպիսի որոշում կարող է կայացնել միայն ու միմիայն բացառիկ հանգամանքների պարագայում, և այդ հանգամանքները պետք է հստակ ներկայացվեն թե՛ կողմերին, և թե՛ հանրությանը։


Ի՞նչ տեղի ունեցավ րոպեներ առաջ Կենտրոնի դատարանի չարաբաստիկ 3-րդ դահլիճում։ Դատախազը հայտարարեց, որ Չալաբյանի նկատմամբ բավարար է գրավի կիրառումը, իսկ դատարանն անսպասելիորեն որոշեց կիրառել կալանք։ Ընդ որում՝ բացի ընդհանրական ձևակերպումներից՝ որևէ ավել բան ես չլսեցի։ Հետևաբար՝ դատարանի այդ որոշումը որևէ կերպ չի կարող իրավաչափ համարվել։


Հուսով եմ՝ Տիգրան Սիմոնյանից ազատված Վերաքննիչ դատարանը հստակ դիրքորոշում կարտահայտի, որ նման բան հնարավոր է միմիայն փաստերով (այլ ոչ թե ենթադրություններով) հստակորեն հիմնավորված բացառիկ դեպքերում, կարձանագրի, որ այդ չափորոշիչը Չալաբյանի պարագայում ապահովված չէ, և կվճռի վերականգնել նրա ազատությունը։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին:

Արամ Վարդևանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արամ Վարդևանյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Տարիներ առաջ «դատավոր» Մնացական Մարտիրոսյանը կալանավորում, այնուհետև ազատազրկման է դատապարտում Նիկոլ Փաշինյանին: Վերջինս ու իր թիմակիցները 2010 թվականից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո և այլն»:


Տարիներ անց այդ անձը, ու իր թիմը դառնում են իշխանություն, իսկ նույն «դատավորը», ում բնութագրում էին «խամաճիկային դատարան», ոչ միայն շարունակում է որպես դատավոր հանդես գալ, այլ հավակնում է դատարանի նախագահ լինել, ու դրա համար կալանավորում է բոլորին: Այդ մարդու նիստի ժամանակ մարդու մահ է լինում, իսկ ինքը չի փոխվում: Այսօր Ավետիք Չալաբյանի գործով դատախազը, մեղադրանքի պատասխանատուն ՉԻ ԱՌԱՐԿՈւՄ այլ խափանման միջոցի կիրառմանը, բայց «դատավորը» կալանավորում է: Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նման իրավիճակում, երբ անձն ազատվել էր կալանքից, չի թույլատրում առանց ՆՈՐ հանգամանքի կրկին կալանավորել, բայց դա էլ է անտեսվում:


Փաստ է` օրվա իշխանությունների համար վերջ չկա աննախադեպ ապօրինություններին...

Արթուր Թովմասյան, հասարակական-քաղաքական գործիչ

Արթուր Թովմասյան, հասարակական-քաղաքական գործիչ

Ավետիք Չալաբյանի կրկին կալանավորումը կոծկելու է հակահայ ինչ-որ մի գործարք:

| | |
10535 | 0