Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը
![]() Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» զեկույցի ամփոփագիրը։ Զեկույցը համատեղ պատրաստել են Freedom House-ը, International Partnership for Human Rights-ը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և Truth Hounds կազմակերպությունները։ Զեկույցը փաստում է՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից միտումնավոր ենթարկվել է հարձակումների, շրջափակման և ահաբեկման, ինչի հետևանքով հիմնարար իրավունքները կոպտորեն խախտվել են։ Փաստահավաք առաքելության ընթացքում վկաների հետ խորքային հարցազրույցների ընթացքում արձանագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային քրեական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներ։ Փաստահավաք առաքելությունը պարզել է, որ կան բավարար ապացույցներ՝ եզրակացնելու, որ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները հանցագործություն են՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածի (մարդկության դեմ հանցագործություններ) և 8-րդ հոդվածի (պատերազմական հանցագործություններ), և համապատասխանում են բնակչության բռնի տեղահանման սահմանմանը, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի փորձագետների կողմից սահմանված էթնիկ զտումների չափանիշներին։ Զեկույցի ամփոփագրի շնորհանդես-քննարկումը տեղի է ունեցել ս․թ․ հուլիսի 1-ին՝ Freedom House-ի կողմից համակազմակերպվող 3-րդ ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումի»-ի շրջանակում: Զեկույցի ամբողջական տարբերակը հասանելի կլինի սեպտեմբերին: |