Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 03 հուլիսի, 2024 թ.

Համացանց

«Կարևորում ենք քոնգրեսականների՝ Արցախի վերաբերյալ ներկայացրած բանաձևը»․ հայտարարություն

12:30, երկուշաբթի, 01 հուլիսի, 2024 թ.
«Կարևորում ենք քոնգրեսականների՝ Արցախի վերաբերյալ ներկայացրած բանաձևը»․ հայտարարություն

Արցախի Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել. «Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուի և Քրիս Սմիթի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված բանաձևը, որով առաջարկվում է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատասխանատվություն պահանջել Ադրբեջանից ռազմական հանցագործությունների համար և պաշտպանել արցախցիների՝ անվտանգ և ապահով վերադարձի իրավունքը։
     Կարևորում ենք, որ ԱՄՆ քոնգրեսականների կողմից ներկայացված այս բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերին սանձազերծած ռազմական ագրեսիան և ԱՄՆ նախագահին ու դաշնային համապատասխան մարմիններին կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել՝
     • ապահովելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի սեփական հայրենիք ազատ և անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքը՝ անվտանգային ամուր երաշխիքների ներքո,
     • պատժամիջոցներ կիրառել ռազմական հանցագործությունների համար մեղավոր ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ,
     • հումանիտար աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ բռնի տեղահանված արցախցիների հումանիտար խնդիրները հասցեագրելու համար,
     • կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը
     • քայլեր ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։
     Լիահույս ենք, որ կոնգրեսականների կողմից ներկայացված բանաձևը պաշտոնապես կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, և դրանում ներկայացված դրույթները կարտահատվեն ԱՄՆ գործադիրի կողմից վարվող քաղաքականության մեջ՝ նպաստելով Հարավային Կովկասում արդարացի և տևական խաղաղության հաստատմանը։
     ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող՝ Գագիկ Բաղունց
     ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Գեղամ Ստեփանյան
     ԱՀ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ՝ Կարեն Բեքարյան

Աղբյուրը` ԱՀ ԱԺ
1215 | 0
Facebook