Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաքուն փորձում է վարկաբեկել Ռուբեն Վարդանյանին՝ նրան «ռուսական գործակալ» անվանելով»․ #Politico

15:00, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
«Բաքուն փորձում է վարկաբեկել Ռուբեն Վարդանյանին՝ նրան «ռուսական գործակալ» անվանելով»․ #Politico

Ադրբեջանն ակտիվ փորձում է վարկաբեկել գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին՝ նրան «ռուսական գործակալ» անվանելով և տարբեր հնարքների դիմելով։ Այս մասին գրում է Politico-ն՝ «Շաբաթվա տարօրինակ լոբիստական արշավը» վերտառությամբ հոդվածում։

Նշվում է, որ Politico-ն և մի քանի այլ թերթեր վերջերս նամակ են ստացել PR գործակալություններից մեկից։ Փաստաթղթում նշվում է Եվրոպայում «ռուսական ազդեցության գործակալների» գործողությունների մասին։

«Այս պահին Վարդանյանը ճաղերի հետևում է Ադրբեջանի բանտում այն բանից հետո, երբ այդ երկիրը հարձակում գործեց Ղարաբաղի վրա և գրավեց այն, որից հետո սկսվեց տարածաշրջանի հայ բնակիչների զանգվածային արտագաղթը։ Չնայած 56-ամյա գործարարն իր կարողությունը վաստակել է Մոսկվայում և ենթարկվել Ուկրաինայի պատժամիջոցներին, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ քաղաքականությամբ զբաղվելու և Ղարաբաղի պետնախարար դառնալու համար: Լուրեր էին պտտվում, որ նա կապ է պահպանել Կրեմլի հետ, բայց ռուս խաղաղապահները, որոնք տեղափոխվել էին տարածաշրջան, ի վերջո Վարդանյանին և տեղի մյուս առաջնորդներին գերի են թողել ադրբեջանցիների մոտ։ Նրա ազատ արձակման ակտիվ քարոզիչների թվում են Unilever ընկերության նախկին ղեկավար Փոլ Փոլմանը և Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ Վերջերս նրա գրասենյակը հայտարարել է Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին, թեպետ այդ բաղձալի մրցանակը շահելու շանսերը գրեթե զրոյական են։ Այնուամենայնիվ, դա վրդովմունք է առաջացրել Բաքվում։ Եվ հենց այստեղ է սկսվել PR արշավը։ Եվրոխորհրդարանի պատգամավորները պաշտպանել են այն առաջարկը, որը կոչ է անում Նոբելյան կոմիտեին Վարդանյանին ճանաչել ռուսական գործակալ և նրան հեռացնել մրցանակի պոտենցիալ դափնեկիրների թվից։ Այսպիսով, Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնի անունից գործող PR ընկերության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ Եվրոխորհրդարանի պատգամավորներ Վիոլա ֆոն Քրամոն-Թաուբադելը և Քարեն Մելքիոն աջակցություն են հայտնել այդ հեղինակավոր մրցանակից Վարդանյանի թեկնածությունը բացառելու կոչերին»,- գրում է թերթը։

Հոդվածում նաև ասվում է, որ վերջիններս հերքել են Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

«Իսկ ի՞նչ է Ուկրաինայի Վերլուծությունների և ռազմավարությունների կենտրոնը։ Ամենևին բարզ չէ․ կազմակերպությունը, կարծես, չունի անգլերենով կամ ուկրաիներենով գործող կայք, Facebook-ի էջն ունի ընդամենը 88 հավանում և Google-ում առկա ընդամենը 5 հղումներից 4-ն ադրբեջանամետ հոդվածներ են»,- նշում է թերթը։

1470 | 0
Facebook