Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ինձ համար առաջնային է այս հրաշք գործիքով հմայել տարբեր ազգերի ունկնդիրներին». Մարգարիտա Զաքյան

18:18, երկուշաբթի, 04 հոկտեմբերի, 2021 թ.
«Ինձ համար առաջնային է այս հրաշք գործիքով հմայել տարբեր ազգերի ունկնդիրներին». Մարգարիտա Զաքյան

Իր ջութակի նման նուրբ ու քնքուշ, շատ երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Մարգարիտա Զաքյանի սերն ու հետաքրքրությունն այս կախարդական գործիքի նկատմամբ առաջացել է ծննդյան օրից։ Երբ ջութակահար մայրը փոքրիկ աղջնակի հուզական և զգայական աշխարհը, երաժշտական մտածողությունն ու ընդունակությունները փորձում էր զարգացնել գեղեցիկ ու ճաշակով երաժշտության ներքո, այլևս անհնար էր նրան երբևէ հեռացնել այդ աշխարհից։

Ջութակահար դառնալու երազանքի ամենակարևոր նախապայմանն, իհարկե, ստեղծագործական տաղանդն էր, հետո նաև ակադեմիական գերազանց կրթությունը՝ որ ջութակահարուհին ստացավ Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում, հետո նաև Երևանի պետական կոնսերվատորիայում։ Մի առիթով ԵՊԿ լարային ամբիոնի վարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գագիկ Սմբատյանն իր սիրելի ուսանողուհու՝ Մարգարիտայի մասին ասել է, որ նա ցանկացած փառատոնի, համերգի, հյուրախաղերի ժամանակ փայլել ու առանձնացել է իր տաղանդով․

«Մարգարիտային ճանաչում եմ դպրոցական հասակից: Լինելով երաժշտի ընտանիքից` նա միշտ տարբերվել է իր հասակակիցներից։ Ցանկացած համերգի և միջոցառման ժամանակ ներկայացել է յուրովի, ինքատիպ կերպով։ Կարելի է առանձնացնել Խաչատրյանի 112-րդ ամյակին նվիրված համերգը, ՀՀ Մշակույթի Նախարարության կողմից կազմակերված ԱՊՀ երկրների Դելփյան խաղերի մասնակիցների համերգը և Հայ-ֆրանսիական նվագախմբով ունեցած համերգաշարը, որոնք չափազանց մեծ մասշտաբային միջոցառումներ էին»,- ասել է Պրոֆեսորը։

Դեռ դպրոցում Մարգարիտան ձգտում էր միշտ առաջինը լինել, ամեն ինչում անթերի լինել։ Անմնացորդ աշխատասիրությունն ու մեծ նվիրումն իր անբաժան ջութակին, ստիպեցին նրան հրաժարվել բակային բոլոր խաղերից և անընդհատ ու ամեն րոպե նվագել։ Նա ցանկանում էր երաժշտության անսահման տիեզերքում հզոր ու շքեղ ջութակի միջոցով ստեղծել իր անհատական ոճն ու առանձնահատուկ հնչողությունը։ Թերևս այս ամենի շնորհիվ է, որ երիտասարդ ջութակահարուհին ստեղծագործական կարճ ժամանակում կարողացել է մեծ հաջողությունների հասնել։ Նա մի շարք միջազգային հեղինակավոր փառատոնների դափնեկիր է, արժանացել է բազում պատվոգրերի ու մրցանակների, եղել աշխարհի գրեթե բոլոր ծայրերում՝ ամենուրեք տարածելով ջութակի նրբագույն հնչյունները։

«Ուսանողական տարիներին շատ համերգներ եմ ունեցել Հայաստանի տարբեր համերգասրահների բեմերում, նվագել՝ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահարների հետ։ Բայց վերջերս «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում անցկացված մրցույթում, որտեղ մասնակցում էին 30-ից ավելի ջութակահարներ, հաղթեցի։ Ես և ևս 3 հոգի մեկնեցինք ԱՄՆ համերգների։ Շատ տպավորիչ օրեր ունեցանք։ Ելույթներով հանդես եկանք շատ քաղաքներում, այդ թվում՝ Վիլիամսբուրգում, Շարլոթում, Տամպայում, Օրլանդոյում, Սարասոտայում, մայրաքաղաք Վաշինգթոնում, որտեղ հատուկ հարցազրույց տվեցինք Ամերիկայի Ձայն-ին: Այնուհետև արտահերթ այցով մեզ հյուրընկալեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը»,- ոգևորված ու տպավորված նշում է ջութակահարուհին և ավելացնում․ «Ինձ համար առաջնային է, որ այս հրաշք գործիքի միջոցով, կախարդական և մեղեդային մեր երաժշտության հնչյուններով կարողանանք հմայել և ապշեցնել տարբեր ազգերի ունկնդիրներին»։

Այսօր արդեն, չնայած իր շատ երիտասարդ տարիքին, Մարգարիտան դասավանդում է արվեստի մանկական դպրոցում՝ ջութակի անչափ նուրբ հնչյուններով նպաստում երեխաների հոգևոր և երաժշտագեղագիտական կրթությանն ու դաստիրակությանը։

124 | 0
Facebook