Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին

12:36, ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2023 թ.
Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին

Արցախից բռնի տեղահանված բնակիչների առջև ծառացած կենսական խնդիրները հաշվի առնելով՝ Իդրամ ընկերությունը որոշել է սատար կանգնել «ՎԻՎԱ - բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է դժվարին կացության մեջ հայտնված հայրենակիցներին։ ՎԻՎԱ հիմնադրամին է փոխանցվել 5մլն դրամ։

«ՎԻՎԱ - Բժիշկներն ու Կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը բազմամյա փորձ ունի արտակարգ իրավիճակներում մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու՝ կազմակերպելով բժիշկների և կամավորների գործունեությունը այն վայրերում, որտեղ դրա կարիքն ամենաշատն է զգացվում։

«Արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունների և դրանց հետևանքով բռնի տեղահանության արդյունքում մեր հայրենակիցների առջև կենսական խնդիրներ ու բարդ մարտահրավերներ են ծառացել։ Սա հենց այն պահն է, երբ բոլորս պիտի միավորենք մեր ջանքերը՝ հնարավորինս արդյունավետ, արագ ու կազմակերպված աջակցություն ցույց տալու համար մեր հայրենակիցներին»,- նշում է Իդրամ ընկերության բաժնետեր Լալա Բախշեցյանը։

«ՎԻՎԱ - Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տատյանա Օգանեսյանի խոսքով՝ այսօր յուրաքանչյուրը կարող է իր լուման ներդնել մեր հայրենակիցների աջակցության գործում։ «Մտածված, տեղին ու ճիշտ կազմակերպված օգնություն ցուցաբերելն առաջնային նշանակություն ունի։ Ցավոք՝ այսչափ բարդ իրավիճակում մարդիկ հաճախ չգիտեն՝ ինչպես օգնել, ինչ անել, ինչի կարիք ունեն տեղահանված ընտանիքները, վիրավորները, զոհերի ընտանիքները։ Մենք բազմամյա փորձ ունենք արտակարգ իրավիճակներում կամավորների և բժիշկների աշխատանքը կոորդինացնելու և ճիշտ ուղղությամբ տանելու, ուստի բարձր ենք գնահատում Իդրամ ընկերության վստահությունն ու օգնությունը հենց մեր միջոցով»,- ավելացնում է Տատյանա Օգանեսյանը։

Հիմնադրամը հովանավորել և աջակցության ծրագրին սատարել կարող եք նաև Դուք՝ անցնելով հղումով և ընտրելով աջակցության նախընտրելի տարբերակը։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

5491 | 0
Facebook