Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի գազը Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար ավելի կարևոր է, քան 120 հազար մարդու կյանքը». Նաիրի Հոխիկյան

00:42, ուրբաթ, 23 հունիսի, 2023 թ.
«Ադրբեջանի գազը Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար ավելի կարևոր է, քան 120 հազար մարդու կյանքը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը ամբողջությամբ շրջափակելու ահաբեկչական Ադրբեջանի գործողություններին սկզբում հայկական կողմը պատասխանում էր բողոքի բուռն ալիքով, հանրահավաքներով, դեսպանատների մուտքերը փակելով, հետո միջազգային հանրության անբարո լռության ֆոնին աստիճանաբար ամեն ինչ հանգստացավ ու մտավ բնական հուն, կարծես այդպես էլ պիտի լիներ։
     Հայ ժողովուրդը հոգնեց պայքարել Արցախի ճանապարհի բացման համար՝ տեսնելով նաև աշխարհի անտարբերությունը։ Ադրբեջանի գազը Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար ավելի կարևոր է, քան 120 հազար մարդու կյանքը, Թուրքիայի տարանցիկ ճանապարհները Ռուսաստանի համար հիմա ավելի կարևոր են, քան Արցախի անվտանգության համար ստանձնած պարտավորությունների կատարումը։
     Սա է մեր իրականությունը։ Սա է անբարոյական աշխարհը։
     Ու երևի ժողովրդի հավաքական միտքը ճիշտ է, երբ անիմաստ է համարում միտինգներն ու բողոքի ակցիաները։ Աշխարհի երկրները իրենց շահերով են նայում մարդու իրավունքներին կամ ժողովրդավարությանը։ Եթե Ադրբեջանը չունենար գազ, եվրոպական երկրները կամ ՄԱԿ-ը վաղուց տարբեր պատժամիջոցներով, բանկային հաշիվները փակելով՝ խեղդել էին ադրբեջանական իշխանությանը և պարտադրել բացել ճանապարհն ու նույնիսկ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե Ռուսաստանը չունենար ուկրաինական պատերազմ ու ստիպված չլիներ օգտվել միայն Թուրքիայի տված ծովային ուղիներից, ապա վաղուց իր խաղաղապահները ուժով բացել էին միջանցքն ու ապահովել Արցախի ազատ տեղաշարժը։
     Շահ։ Ահա այն երևույթը, որը կարող է քանդել երկրներ, կործանել ժողովուրդներ, ավերել արժեքներ, մարդկանց մղել դավաճանության։
     Նույն Եվրոպայի ձեռքերը թաթախված են արյան մեջ հանուն իր շահի, բայց նրանք սրբի լուսապսակով են խոսում ուրիշների հետ։
     Արցախը հիմա շրջափակման մեջ է, բայց ունի անսահման բնական հարստություններ, որոնց համար ատամ են կրճտացնում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև ԱՄՆ-ն, Եվրոպան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, նույնիսկ Ճապոնիան ու Չինաստանը։ Իսկ մե՞նք։
     Մենք այս պահին այդ տարածքի իրական տերն ենք։ Մեր զորքն է Արցախից մնացած 3100 քկմ-ում, ու մեր զորքն է դիմադրում թշնամուն։ Չլիներ Արցախի ՊԲ-ն, ոչ մի ռուս կամ այլ երկրի խաղաղապահ չէր կարողանա պահել Արցախի առաջնագիծը։ Խաղաղապահն առաջին հերթին քաղաքական գործոն է, իբր թե՝ որևէ գերտերություն ներկա է այնտեղ։ Իրական անվտանգությունը սեփական զորքն է ապահովում։
     Հասկանում եմ, որ Արցախում ապրող մեր հայրենակիցներն այս պահին ծանր վիճակում են։ Կա սննդի ու դեղորայքի պակաս, կա անորոշություն, ի վերջո, երբ մարդուն արգելված է տեղաշարժվել կոնկրետ տարածքից դուրս, առաջանում է հոգեբանական դիսկոմֆորտ։
     Ես ինքս Հայաստանից քիչ եմ դուրս գալիս, բայց երբ Նիկոլի իշխանության պատվերով գործ են կարել վրաս ու արգելել դուրս գալ երկրից, բարկանում եմ, քանի որ սահմանափակվում է իմ ազատ տեղաշարժի իրավունքը։ Նույնկերպ Արցախցի մեր հայրենակիցների վիճակն է։ Շատերը երևի տարվա մեջ մի անգամ էլ Արցախից դուրս չեն գալիս, բայց քանի որ ճանապարհը փակ է, կա արգելք, մարդիկ նեղվում են, ոմանք խուճապի մատնվում։
     Իրականում մենք հասկանում ենք, որ թշնամու նպատակը հենց այդ խուճապն է, ու որքան շատ Արցախցի չկարողանա դիմանալ այս վիճակին, այնքան լավ թշնամու համար։
     Ադրբեջանը գոնե առաջիկա 2,5 տարվա ընթացքում չի հարձակվի Արցախի վրա, ավելին, որևէ կերպ չի փորձի սպանել Արցախի բնակիչների։ Թեպետ պարբերաբար կրակում է, բայց չի սպանի, քանի որ դա ի վնաս իր ծրագրերի կլինի։ Բայց Ադրբեջանը անընդհատ կշարունակի հոգեբանական ճնշման միջոցներ կիրառել, որ Արցախցիները կամովին լքեն Արցախը։
     Սա նյարդերի պայքար է։ Ով ավելի ամուր նյարդեր ունեցավ, ով կարողացավ ապրել դժվարությունների մեջ ու դիմանալ ծանր խնդիրներին, նա էլ կհաղթի։ Ով հաղթեց, անբարո աշխարհը նրան էլ կծափահարի։
     Արցախում հիմա կան որոշ քանակի սնունդ և այլ պարագաներ։ Խնայողական ռեժիմով է արվում ամեն ինչ, բայց արվում է։ Բերքահավաքի սեզոնը մոտենում է, ցորենի պաշար էլ կլինի, ալյուրի հարցը կլուծվի, մյուս բերքի շնորհիվ էլ մի շարք խնդիրներ կլուծվեն, կպահեստավորվեն ձմեռվա պաշարները։
     Արցախում անհրաժեշտ անվտանգային հարցեր ևս մեծ մասամբ լուծված են, որոնց մասին բարձրաձայն չենք խոսում, բանակը կանգուն է։
     Կարևոր է, որ Արցախում մարդիկ ուժեղ լինեն հոգով ու չտրվեն թշնամու ճնշմանը։ Մնացած հարցերը դժվար, բայց լուծելի են»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
2085 | 0
Facebook