Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար

18:53, չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ.
Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց՝ հանդիպելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ճամբարը նախատեսված է 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվում է 5 փուլով` Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 15-ից:

Նախարարը նշել է, որ ամառային ռազմամարզական ճամբարները հաջորդ ուսումնական տարվանից պարտադիր են լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտը կունենա պարապմունքների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ:

Նշենք, որ մասնակիցները պարապմունքներն անում են խառը խմբերով՝ տղա և աղջիկ, նաև օրվա տարբեր ժամերին, որպեսզի, օրինակ, աստղերի օգնությամբ կողմնորոշվեն տեղանքում: Նրանք սովորում են ամենատարրական հմտություններ՝ ինչպես անցնել գետը, կողմնորոշվել անտառային միջավայրում, դժվարանցանելի վայրեր բարձրանալ, գիշերել վրաններում, սովորում են կրակել, հաղթահարել լեռնային պայմաններ և այլն:

ՆԶՊ առարկայի չափորոշչի հեղինակային խմբի ղեկավար Արթուր Կարապետյանի խոսքով՝ ճամբարային փորձը ցույց է տվել, որ «Գոյատևման հիմունքներ» ուսումնական ծրագրի գործնական պարապմունքների ծավալը պետք է ավելացնել՝ կրճատելով ճամբարային դասընթացի տեսական մասը: «Երեխաները սովորում են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, հայթայթել սնունդ, ջուր, կատարել տարբեր բարդ խնդիրներ, ճիշտ կողմնորոշվել տարածքում»,- նշել է Արթուր Կարապետյանը՝ շեշտելով, որ այդ հմտություններն անհրաժեշտ են բոլորին՝ ողջ կյանքի համար:

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանի խոսքով՝ հատկապես աղջիկները ճամբարին մասնակցում են ավելի մեծ ոգևորությամբ. «Աղջիկներն ավելի հետաքրքրասեր են ու կարգապահ: Անցյալ տարի անգամ դեպք ունեցանք, երբ տուն գնացած աղջիկներից մեկը նստել էր նույն ավտոբուսը և վերադարձել ճամբար: Աշխատանքների կազմակերպման նպատակով մանկավարժական թիմում, բացի զինղեկներից, ներգրավել ենք նաև հոգեբանի և այլ մասնագետների»:

Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում. այն փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում:

Զինվորական ստորաբաժանման նմանությամբ, երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով, կազմակերպված ճամբարի այս փուլին մասնակցում են Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցների աշակերտները՝ շուրջ 138 սովորող: Ճամբարի առաջին հերթափոխը կավարտվի հունիսի 25-ին:

4723 | 0
Facebook