Իսրայելական Aviation Industry (IAI) կոնցեռնը և Abu Dhabi Shipbuilding Company (ADSB)՝ Արաբական Միացյալ Էմիրությունների պետական ձեռնարկությունը Աբու Դաբիում NAVDEX ծովային զենքի ցուցահանդեսում ներկայացրել են առաջին համատեղ մշակումը, հայտնում է IsraelDefence-ը։
Սա 17 մետրանոց անօդաչու պարեկային նավ է, որը կարող է կատարել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական առաջադրանքներ։ Նավը կարող է կառավարվել հեռակա կարգով կամ նույնիսկ գործել առանց մարդու միջամտության՝ ըստ կանխորոշված ալգորիթմների՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառմամբ:
Նախագծի իրականացման ընթացքում ADSB-ն զբաղվում էր նավի նախագծմամբ, իսկ իսրայելական կոնցեռնը պատասխանատու էր էլեկտրոնիկայի, ռադիոտեղորոշիչ համակարգերի, կառավարման համակարգերի և ծրագրային ապահովման համալրման համար։
Նման նավերը կարող են օգտագործվել ծովային պարեկության համար, նրանք ի վիճակի են հայտնաբերել տարբեր սպառնալիքներ, այդ թվում՝ ծովային ականներ և սուզանավեր, հավաքել հետախուզական տեղեկատվություն և հագեցած են հեռակառավարվող գնդացիրներով։ Քաղաքացիական հատվածում այն կարող է օգտագործվել տարբեր խնդիրների համար՝ ջրի աղտոտվածության մոնիթորինգ, փրկարարական աշխատանքներ, հրդեհաշիջում և այլն: