Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոյեմբերի 9-ը սիմվոլիկ օր է դառնում ոչ միայն հայերիս, այլև «դաշնակից» ՌԴ-ի համար». Ռ. Անանյան

23:42, չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ.
«Նոյեմբերի 9-ը սիմվոլիկ օր է դառնում ոչ միայն հայերիս, այլև «դաշնակից» ՌԴ-ի համար». Ռ. Անանյան

Լրագրող Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսները նոյեմբերի 9-ից լքում են Ուկրաինայից զավթած Խերսոնի մարզը՝ հետ քաշվելով Դնեպրի ձախ ափ։ Դա հարկադրված քայլ է, քանի որ Ուկրաինայի բանակը մահ ու ավեր է սփռում Պուտինի զավթիչ բանակի շրջանում։ Ինչպես ՌԴ-ի պատերազմը ղեկավարող Շոյգուն և Սուրովիկինն են արդարացել՝ լքում են Խերսոնը, որ փրկեն կյանքեր։
     Նոյեմբերի 9-ի թղթի ստորագրումը Նիկոլ Փաշինյանը ևս հիմնավորել էր կյանքեր փրկելու մղումով։ Նոյեմբերի 9-ը սիմվոլիկ օր է դառնում ոչ միայն հայերիս, այլևս «դաշնակից» ՌԴ-ի համար։ Հետաքրքիր զուգահեռներ են առաջանում մտքումս։ Հուսանք՝ ՌԴ-ի ազգայնական ուժերը ևս ամիսներով բողոքի ակցիաներ կանցկացնեն Կրեմլի պատերի տակ՝ մեղադրելով Պուտինին կյանքեր փրկելու կեղծ հիմնավորմամբ Խերսոնը հանձնելու մեջ։ Բայց գիտենք, որ դա չի լինի՝ ինքը իր դեմ հո ցույց չի կազմակերպի։
     Խերսոնի հանձնումը նշանակում է, որ 300 հազար մարդու մոբիլիզացիան էլ չի ամրացրել ՌԴ-ի դիրքերը պատերազմում, որ չեն կարողանում պահել Խերսոնի մարզը։ Խերսոնը լքելուց առաջ ռուսները ականապատել են ամբողջ քաղաքը, չի բացառվում՝ մարզի այլ գյուղեր ու քաղաքներ ևս։ Զելենսկիի խորհրդական Պոդոլյակը քիչ առաջ ասաց, որ շարունակելու են Խերսոնի մարզի ազատագրումը։ Խերսոնի հանձնումից հետո ռուսները ճանապարհ են բացում դեպի Ղրիմ։
     Ի դեպ, ամիսներ առաջ կեղծ հանրաքվեներով Խերսոնի և Զապոռոժիեի մարզերը բռնակցվել էին ՌԴ-ին, անգամ՝ Պետդուման էր հաստատել։ Պուտինը Կրեմլում իսկական ներկայացում էր պատրաստել ռուսական հողերի միացման թեմայով։ Հիմա երևի ստիպված լինի չեղարկել Խերսոնը ՌԴ-ի կազմ մտցնելու իր իսկ հրամանագիրը։ Սա՝ իհարկե կատակ։
     Տեղեկություն կա նաև, որ Խերսոնի մարզում Պուտինի դրածո ռեժիմի ղեկավար Կիրիլ Ստրեմուսովը այսօր մահացել է ՃՏՊ-ից։ Նա ուկրաինացի էր՝ Ռադայի պատգամավոր ուկրաինական Դերժավա կուսակցությունից, որը և այլ պրոռուսական ուժեր փետրվարի 24-ից հետո անցել էին ՌԴ-ի կողմը։
     Դատարանի որոշմամբ՝ Դերժավա կուսակցությունն ու մյուս պրոռուսական ուժերն արգելվեցին Ուկրաինայում։ Այսինքն՝ ուկրաինացի Կիրիլ Ստրեմուսովը դավաճանել էր իր պետությանը՝ անցնելով ՌԴ-ի կողմը, և ըստ տեղեկությունների՝ մահացել է այսօր։ Սա ճակատագրի պատիժն է իր պետությանը դավաճանողին։ Հուսանք՝ օրինաչափություն կդառնա նաև մեր գործակալների դեպքում։
     Խերսոնի հանձնումն ու Ադրբեջանի հետ ՀՀ-ի ճակատագրական հայտարարությունը խորհրդանշող նոյեմբերի 9-ին՝ այսօր, խոսել են Պուտինն ու Փաշինյանը։ Նա նոյեմբերի 22-ին կգա Հայաստան, և 23-ին կմասնակցի ՀԱՊԿ-ի՝ հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ ՀԱՊԿ-ի մեր որոշ դաշնակիցներ ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ շնորհավորեցին Ադրբեջանին՝ մեր դեմ հաղթանակի կապակցությամբ։ Եվ նրանք գալու են Երևան՝ մեզ փրկելու ծրագրով։ Հավանաբար, այդ օրը կմերժեն ՀՀ-ին՝ ռազմական ուժով աջակցել Ադրբեջանի օկուպացիան վերացնելու։ Նոյեմբերի 23-ը հուսանք, կդառնա նսեմացման և արժանապատվության ջրբաժան։
     Իսկ որ հետխորհրդային պետություններն ազատագրվելու են ռուսական գաղութատիրությունից և կառուցելու են ինքնիշխան, ժողովրդավարական համակարգեր, մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում։ Ուկրաինայի դեմ պատերազմի այս ընթացքը տալիս է նաև այդ հարցի պատասխանը»։

3569 | 0
Facebook