Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե չես կարողացել փրկել հարաբերությունը, երբ դեռ հիվանդ էր, ապա մեռնելուց հետո թաղելը պարտադիր է». Նարեկ Սարգսյան

00:12, երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ.
«Եթե չես կարողացել փրկել հարաբերությունը, երբ դեռ հիվանդ էր, ապա մեռնելուց հետո թաղելը պարտադիր է». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ կինը և տղամարդը ամուսնանում են, այդ հարաբերությունը կենդանի օրգանիզմ է. դա պետք է փայփայել: Երբ հարաբերությունն ավարտվում է, այդ օրգանիզմը մեռնում է: Մեռած հարաբերության դիակը պետք է թաղել: Թաղելը բաժանումն է, որը նշանակում է վաճառել և կիսել համատեղ գույքը, իրավաբանորեն ամուսնալուծվել և գնալ՝ ամեն մեկը իր ճանապարհով:
     Մարդու կամ հարաբերության դիակ թաղելը հաճելի գործ չէ, բայց եթե չես կարողացել փրկել հարաբերությունը, երբ դեռ հիվանդ էր, ապա մեռնելուց հետո թաղելը պարտադիր է:
     Բայց հայ «Ավանդական» ընտանիքներում չեն սիրում հարաբերության դիակները թաղել: Ու երբ դիակը չես թաղում, այն սկսում է որդնել և խայտառակ հոտ արձակել:
     Այստեղ «Ավանդական» ընտանիքներում ամուսինը կամ կինը դիմում է «ամենազոր» ինքնախաբեությանը՝ երբ պետք էր հիվանդ հարաբերությունը խնամել՝ թքած ուներ, կարծում էր՝ անմահ է: Իսկ մեռնելուց հետո ոտ ու ձեռ ընկած փորձում է արհեստական շնչառություն տալ դիակին:
     Ինքնախաբեության առաջին փուլում ամուսինը կամ կինը սկսում է հարաբերության դիակը խնամել, սիրուն շորեր հագցնել, դնել բնական դիրքով և ապացուցել ինքն իրեն և կողակցին, որ հարաբերությունը չի մահացել, այլ կենդանի է, որ ամեն ինչ առաջվա նման է: Ինքնախաբեության այդ փուլը կարճ է տևում, քանի որ նողկալի է դիակ խնամելը:
     Հետո գալիս է ինքնախաբեության երկրորդ փուլը: Ամեն երեկո երբ ամուսինը կամ կինը տուն է վերադառնում ու զգում է հարաբերությունների դիակի հոտը, ինքն իրեն խաբում է, թե իբր կարելի է պատուհանները բացել և հոտը կանցնի: Բայց հոտը չի անցնում:
     Հետո գալիս է ինքնախաբեության երրորդ փուլը: «Ավանդական» ամուսինները սկսում են պնդել, թե իբր այդ հոտը իրենց չի խանգարում: Եղածն ի՞նչ է, ընդամենը դիակի հոտ: Իրենք հո միակը չե՞ն: Շատերն են ապրում այդ պայմաններում: Իրենք մի կերպ կդիմանան: Իրենք կքնեն տարբեր սենյակներում և գարշահոտը չեն զգա:
     Հետո գալիս է ինքնախաբեության չորրորդ փուլը: Ամուսինները պնդում են, որ դիահոտի մեջ ապրելը զոհողություն է հանուն երեխաների: Թե ի՞նչ տրամաբանություն կա դիահոտի մեջ ապրել և երեխաներին էլ ստիպել անել նույնը՝ պարզ չէ: Կարևորը ինքնախաբեությունն է և կեղծավորությունը:
     Ընթացքում լինում են նաև ինքնախաբեության այլ փուլեր. «իրար խղճալը», «իմ երեխաների մայր», «իմ երեխաների հայրը», «փողի պակասը», «բարեկամների մոտ սևերես դուրս չգալը», «իրան պետք ա, թող ինքը բաժանվին» ևն, ևն:
     Եվ այդպես, Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ տարին տարվա վրա, տասնամյակներով ապրում են այդ պայմաններում՝ չունենալով ո՛չ մի երջանիկ օր, երբ կարելի էր կողակցի հետ ընդամենը մի անգամ կյանքում անկեղծ խոսել, միասին վերցնել հարաբերությունների դիակը, հագցնել սիրուն շորեր և միասին թաղել այն, վրան դնել քարը և գրել հարաբերության ծնունդի ու մահվան տարեթվերը: Հետո իրար գրկել և ասել «Շնորհակալություն» միասին անց կացրած տարիների և համատեղ երեխաների երջանկության համար, քաղաքակիրթ ձևով բաժանվել ու կառուցել նոր կյանք: Դա կլիներ խելացի ու քաղաքակիրթ մարդկանց վարք:
     Դիահոտի մեջ տանջված տասնամյակների ընթացքում կարելի էր նորից ամուսնանալ կամ թեկուզ լինել մենակ, բայց գոնե լինել ազատ, շնչել մաքուր օդ, վայելել կյանքի ամեն օրը: Բայց չէ, մեր «Ավանդապաշտները» գերադասում են վախկոտաբար կյանքի անգին տարիները անց կացնել գարշահոտի, փոխադարձ մեղադրանքների, դժբախտության, ինքնախաբեության մեջ: Ու, բնականաբար, իրենց դժբախտության մեջ մեղավոր են բոլորը, բացի իրենցից:
     Բայց չէ՞ որ ոչ ոք մեղավոր չէ, որ դու զբաղված ես ինքնախաբեությամբ ու կեղծավոր ես: Աստված մարդուն ազատություն է տվել, բայց Աստված մարդուն դայակ չի տվել, որը ապահովի քո ազատությունը: Դա դու՛ պիտի անես քո ձեռքերով ու պատասխանատվությամբ»:

4304 | 3
Facebook