Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Սաքունց. «Տիգրան Խաչատրյանին թաքցնողները սպասում են՝ կրքերը հանդարտվեն, նոր որոշեն՝ ինչ մեթոդներ և գործողություններ կիրառեն»

16:31, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
Արթուր Սաքունց. «Տիգրան Խաչատրյանին թաքցնողները սպասում են՝ կրքերը հանդարտվեն, նոր որոշեն՝ ինչ մեթոդներ և գործողություններ կիրառեն»

Տասնմեկ օր է անցել Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից, սակայն մինչ օրս ոչ մի առաջընթաց չկա` ոչ անուններ են հայտնի, ոչ մասնակիցների ինքնությունը: Միայն գիտենք, որ բոլոր անձինք, ովքեր չեն ներկայացել հարցաքննությանը, այդ թվում Տ. Խաչատրյանը, պետք է հարկադիր բերման ենթարկվեն:

Ի՞նչ է նշանակում այս ձգձգումը: Մի՞թե մարզպետի որդուն և ծեծկռտուքի մյուս մասնակից-մեղավորներին բացահայտելն այդքան բարդ խնդիր է: Գործին ՀՀ քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության նման պասիվ մոտեցումն արդյոք ինչի՞ հետ կարելի է կապել և, ի վերջո, ո՞վ է պատասխանատու վերջինների թերացումների համար:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ միակ մարմինը և միակ անձը, որը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ գլխավոր դատախազության և թե՛ ոստիկանության գործողությունների վրա` Սերժ Սարգսյանն է: «Բնականաբար, այս ամենի պատասխանատուն ուղղակիորեն հանդիսանում է Սերժ Սարգսյանը, որովհետև Բուդաղյան եղբայրների նկատմամբ կատարված հանցագործությունից հետո Սուրիկ Սարգսյանին Սյունիքի մարզպետ նշանակել կարող էր միայն Սերժ Սարգսյանը»:

Շրջանառվող խոսակցությունները, թե Տիգրան Խաչատրյանը Հայաստանում չէ, իրավապաշտպանը մեկնաբանեց` համոզմունք հայտնելով, որ նման լուրերով ուղղակի ժամանակ են շահում. «Ժամանակ են շահում, որպեսզի հերթական անգամ այդ պատասխանատվության մեջ ներգրավեն տուժող կողմին, այս դեպքում` Զաքարյան եղբայրներին, որ իբրև թե ծեծկռտուքը նրանք են հրահրել…Կարծում եմ, հիմա այսպիսի սցենար է մշակվում»,- նկատեց նա:

Սաքունցը կարծում է, որ Սուրիկ Խաչատրյանի որդին պարտադիր չէ, որ հանարպետության սահմաններից դուրս գա: «Նա նման խնդիր չունի և դա հեշտությամբ կարելի էր պարզել` հարցում կատարելով սահմանապահ ծառայությանը, թե արդյոք այդ անուն-ազգանունով մարդը Հայաստանից դուրս եկե՞լ է, թե՞ ոչ: Դա ընդամենը մեկ րոպեի հարց է` զանգել և այդ տվյալները ստանալ, բայց կարծում եմ, որ նա Հայաստանի Հանրապետությունում է և ազատության մեջ վայելում է իր կյանքը…Պարզապես, նրան հանրության աչքից ժամանակավոր հեռու են պահում, նման տարբերակ կարող է լինել»,- ասաց նա` հավելելով, որ Տ. Խաչատրյանին թաքցնողները սպասում են, որպեսզի կրքերը հանդարտվեն, որից հետո նոր որոշեն` ինչ մեթոդներ և գործողություններ կիրառեն:

Ըստ իրավապաշտապանի, ամբողջ խնդիրը նրանում է, որ տուժողները ոչ միայն Զաքարյան եղբայրներն են, այլ ամբողջ հանրությունը. «Բացի այդ` նման ոտնձգություն կատարողը հանդիսանում է իշխանության ներկայացուցիչ և ուղղակիորեն, այդ իշխանության ներկայացուցիչն ունի Սերժ Սարգսյանի՝ բարձրագույն պաշտոնը զբաղեցնող անձի հովանավորությունը, և այդ ամենը ակնհայտ է: Իմ կարծիքով, Ս. Սարգսյանին մի փոքր զսպում է հանրային դժգոհության փաստը և վախը, որ կարող է այդ դժգոհությունը վերածվի շատ ավելի լուրջ դրսևորումների: Այդ իսկ պատճառով ժամանակ են շահում` հույս ունենալով, որ բորբոքվածությունը կմարի: Ժամանակ շահելը իշխանության տակտիկան է: Բայց այդ ժամանակը պահանջվում է ոչ թե արդարադատություն իրականցնելու համար, քանզի արդարադատությունը ենթադրում էր անհապաղ միջոցներ ձեռնարկել` Խաչատրյանի որդուն առնվազն որպես կասկածյալ ներգրավելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու, ես չեմ ասում կալանք, բայց գոնե ստորագրությամբ Հայաստանի սահմաններից չհեռանալու որոշման ձև, մինչդեռ չի արվել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»,- եզրափակեց Ա. Սաքունցը:

6669 | 6
Facebook