Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրենքի փոփոխությամբ 2 տոկոսանոց օֆշոր ենք ստեղծում». Թևան Պողոսյան

15:03, հինգշաբթի, 05 փետրվարի, 2015 թ.
«Օրենքի փոփոխությամբ 2 տոկոսանոց օֆշոր ենք ստեղծում». Թևան Պողոսյան
     ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ԱԺ-ում ներկայացնում է «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է շահութահարկի դրույքաչափը 20 տոկոսի փոխարեն սահմանել 2 տոկոս այն կազմակերպությունների համար, որոնք կբավարարեն օրենքով սահմանված չափանիշները: «Կազմակերպությունը պետք է ունենա ՀՀ կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագիր: Արտահանման ծրագրի արժեքը պետք է կազմի 50 մլրդ դրամ, այսինքն` խոսքն առնվազն 50 մլրդ դրամ ապրանքների արտահանման կամ աշխատանքների կատարման ծրագրի մասին է»,- ասաց փոխնախարարը:
     Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց` պահանջներին բավարարող քանի՞ կազմակերպություն կա Հայաստանում և արդյոք սա մենաշնորհ չի՞ ստեղծում արտահանման հետ կապված:
     «Մեկ կազմակերպություն կա ընդամենը.... Մոնոպոլիայի հետ կապված Ձեր մտահոգությունը կիսում եմ, նման հնարավորություն տեսականորեն առկա է, բայց կանխարգելիչն այն է, որ ծրագիրը պետք է արժանանա կառավարության հավանությանը»,- արձագանքեց Միրումյանը:
     «Ժառանգությունից» Թևան Պողոսյանն օրենքի փոփոխությունը որակեց «2 տոկոսանոց օֆշոր ստեղծող» նախագիծ ու ընդգծեց. «Նոր կազմակերպություն կստեղծվի կամ կվերագրանցվի, 2 աշխատող կունենա, 50 մլրդ կփոխանցի մեր բանկային համակարգ, կմտնի, շուկայից ինչ կգտնի, կուղարկի: Դրսից կգան, փողը կդնեն, չեք էլ կարա մերժել: Եկեք, արտահանումը բոլորի համար դարձրեք 2 տոկոս ու մի պարտադրեք 50 մլրդ...»:
     Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ պատրաստ են չափանիշները վերանայել, բայց եթե բոլորի համար սահմանվի 2 տոկոս, բյուջեն եկամուտների նվազում կունենա: «Պարոն Պողոսյան, մենք չենք նախատեսում, որ գործող կազմակերպությունը կարող է լուծարվել, ձևավորել նոր կազմակերպություն և օգտվել սրանից: Եվ հետո` օրենքի 4-րդ կետն ասում է, որ եթե ՀՀ տարածքում ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ կան, ապա տվյալ տնտեսվարող սուբյեկտը չի կարող օգտվել նվազեցված դրույքաչափից»,- ասաց Միրումյանը:
     Թեման շարունակեց ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը. «Իրականում Ձեր ծրագրի իրականացումը նշանակում է այսպիսի մի բան. կազմակերպություն ստեղծել, որը կունենա արտահանման մոնոպոլիա, ինչպես Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ով պայմանավորվելով արաբական շեյխերի հետ, ոչխարի մսի վաճառքով մոնոպոլիզացրեց առևտուրը: Ի՞նչն է խանգարում Սարգսյանին ստեղծել նման մի վնեշտորգ, որը թույլ կտա արտահանումը վերցնել իր ձեռքը»:
     «Եթե մտահոգություն եք տեսնում մոնոպոլիաների ձևավորման մասով, առաջարկում եմ քննարկել, հասկանալ»,- արձագանքեց փոխնախարարը:
3145 | 0
Facebook