ԱՄՆ-ին կրկին շաթդաուն է սպառնում՝ կառավարության ֆինանսավորման մասնակի դադարեցում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քարին Ժան Պիեռը:
«Շուտով կառավարության մի մասը չի կարողանա շարունակել աշխատանքը: Իրենց գործն անելու փոխարեն հանրապետականները դեկտեմբերի կեսերին լքել են Վաշինգթոնը և չեն վերադառնա մինչև հաջորդ շաբաթ»,-ասել է նա:
Ներկայացուցիչների պալատը, որտեղ հատկապես դեմ են Բայդենի բյուջետային քաղաքականությանը, աշխատանքի կվերադառնա հունվարի 9-ին: Միևնույն ժամանակ, Բայդենը կաթոլիկ Սուրբ Ծնունդից առաջ Վաշինգթոնից մեկնել է ծայրամասային նստավայր, վերադարձել է մեկ օրով, իսկ հետո մեկնել է Կարիբյան կղզի՝ Ամանորը դիմավորելու: ԱՄՆ նախագահը Սպիտակ տուն է վերադարձել հունվարի 2-ին: Հանրապետականներն ասում են, որ Բայդենը նախագահի պաշտոնում աշխատանքի մեկնարկից ի վեր իր ժամանակի ավելի քան մեկ երրորդն անցկացրել է գյուղական կամ ծովափնյա բնակավայրերում: Սպիտակ տանը նման քննադատություններին պատասխանել են, որ Բայդենը, որտեղ էլ լինի, կատարում է պետության ղեկավարի պարտականությունները: