ՀՀ իշխանությունների ևս մեկ ապօրինություն Եվրոպան ներեց. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Եվրոպական կառույցները հերթական անգամ աչք են փակում ՀՀ իշխանությունների ապօրինությունների վրա։ Երեկ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հպարտորեն հայտարարություն տարածեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Սահմանադրական դատարանի անդամների դիմումը։ Խոսքը 2019-20 թվականներին ապօրինաբար պաշտոններից հեռացրին ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին, Հրանտ Նազարյանին, իսկ Հրայր Թովմասյանին հեռացրին ՍԴ նախագահի պաշտոնից, վերջիններս դիմել էին ՄԻԵԴ, որն անընդունելի է համարել ՍԴ անդամների դիմումները։ Ինչ վերաբերում է սեփականության իրավունքին՝ Դատարանն արձանագրել է, որ այդ մասով ևս գանգատն անընդունելի է այն հիմքով, որ ապագա եկամուտը չի կարող հանդիսանալ «սեփականություն», քանի դեռ դիմումատուն այն արդեն իսկ չի վաստակել»,- ասված է Եղիշե Կիրակոսյանի գրասենյակի հայտարարության մեջ։ Մեզ հետ զրույցում ՄԻԵԴ-ում ՍԴ անդամների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Ի սկզբանե ասեմ, որ Եվրոպական դատարանը, ըստ էության, քննություն չի իրականացրել հրատապ ճանաչված խնդրով, որտեղ ի սկզբանե առկա են եղել 40 և 41 կանոնները։ Դատարանից պահանջվել է 3 տարի, որպեսզի վարույթ ընդունելու հարց լուծի, ինչն արդեն իսկ անտրամաբանական է։ Մեծ հաշվով, դատական գործընթացն ավարտված է եղել կես տարի անց, և «խաղաղության խաչմերուկում» նման որոշում կայացնելը ոչ թե իրավական մեխանիզմների տրամաբանության մեջ պետք է դիտարկենք, այլ բացառապես քաղաքականության։ Ես ուղղակի հետևյալ արտահայտությամբ կբնութագրեմ․ սա եվրոպական համակարգի քաղաքական աջակցությունն է Հայաստանի իշխանություններին և նրանց հետագա լեգիտիմացումն է՝ որոշակի ծրագրեր կյանքի կոչելու համար։ Ակնհայտ է, որ մեր երկրում շատ սուր բախվելու են աշխարհաքաղաքական շահեր, որի հետևանքները շատ ծանր են լինելու, և մեծագույն կորուստներ կարելի է կանխատեսել։ Այսինքն՝ առաջիկա 1 տարվա ընթացքում մեծ քաղաքական զարգացումներ են լինելու այս տարածաշրջանում՝ հատկապես Հայաստանի շուրջ։ Իրավական առումով՝ անգամ ելակետային տվյալները դատարանի կողմից ճիշտ չեն օգտագործվել»: Մանրամասները՝ թերթի համարում: |