Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տավուշում ուսուցիչների թափուր տեղերն ավելանալու են». Ոսկան Սարգսյան

01:06, հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ.
«Տավուշում ուսուցիչների թափուր տեղերն ավելանալու են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որոշումն իրականացելու դեպքում Տավուշում ուսուցիչների թափուր տեղերն ավելանալու են
     ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հունիսի 26-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ 12 տարի առաջ ուսուցիչների համար օրենքով սահմանվել է պահանջ, որպեսզի վերջիններն ունենան պարտադիր բարձրագույն կրթություն ու նրանց տրվել է ժամանակ՝ այն ձեռք բերելու համար, սակայն հանրակրթության համակարգում դեռևս կան 1300-ից ավելի ուսուցիչներ, որոնք միջին մասնագիտական կրթություն ունեն․ նրանք օգոստոսի 20-ից սկսած՝ այլևս չեն կարողանալու աշխատել դպրոցներում: Նախարարն ասել է, որ այդ ուսուցիչներին իրենք հնարավորություն են ընձեռել մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին. եթե հավաքեն 60 տոկոս և ավելի միավոր, կտրվի հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու։ Եթե բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին օգոստոսի 20-ից ազատեն աշխատանքից, Տավուշի մարզի դպրոցներում գոյություն ունեցող ուսուցիչների պակասն ավելի է սրվելու։ Տավուշի մարզպետարանից ստացված տվյալներով՝ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում ընդհանուր առմամբ աշխատում են 1830 ուսուցիչ և ուսուցչի օգնական։ Նրանցից 1722-ն ունի բարձրագույն մանկավարժական կրթություն, 173-ը՝ բարձրագույն ոչ մանկավարժական կրթություն, 113-ը՝ միջին մասնագիտական կրթություն։ Մարզի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի 27 թափուր հաստիք՝ տարբեր առարկաների գծով: Տավուշի մարզի 76 հանրակրթական դպրոցների 113 ուսուցիչ աշխատանքից ազատելու դեպքում ո՞վ է փոխարինելու այդ ուսուցիչներին, ո՞վ է մեկնելու մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղեր, ցածր աշխատավարձով ուսուցչությամբ զբաղվելու։ Մանկավարժական բուհերի, համալսարանների տավուշցի շրջանավարտների մեծամասնությունը ուսումնառությունից հետո Տավուշ չի վերադառանում, գերադասում է ոչ մանկավարժական աշխատանք գտնել Երևանում՝ մայրաքաղաքի հետ կապելով իր ճակատագիրը։ Տավուշի մարզի դպրոցներում քիչ են տղամարդ ուսուցիչները, միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչների մի մասը տղամարդիկ են, նոր ուսումնական տարվա նախաշեմին նրանց աշխատանքից ազատելու դեպքում մարզի հանրակրթական դպրոցներում ավելի է նվազելու տղամարդ մանկավարժների թիվը: Նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները 12 տարի ժամանակ են ունեցել բարձրագույն կրթություն ձեռք բերելու համար։ Մինչդեռ ուսուցչի ցածր աշխատավարձով յոլա գնացող, հեռավոր, սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչ մանկավարժների մեծամասնությունը, կքած ընտանեկան հոգսերի տակ՝ բավարար ֆինանսներ և ժամանակ չեն ունեցել թեկուզ հեռակա կարգով բարձրագույն կրթություն ստանալու»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
3693 | 0
Facebook