Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ համաձայնագրին. ՀՀ-ն այն ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանը՝ վերապահումով

14:24, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ.
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ԱՊՀ համաձայնագրին. ՀՀ-ն այն ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանը՝ վերապահումով

ՀՀ ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Վերջին տարիներին սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների ռիսկերը բավականին մեծանում են: Վերջին նման իրավիճակներից էր կորոնավիրուսային հիվանդությունը: Այս համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետությունները միայնակ չեն կարողանում որոշակի լուծումներ իրականացնել, կանխարգելել հիվանդությունների հետագա տարածումը: Եվ այդ փոխօգնությունը հիմնված է լինելու համաճարակաբանական մասնագիտացված խմբերի միջոցով փոխօգնության տրամադրմանը»,-ներկայացրեց Նանուշյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2022-ի հոկտեմբերի 28-ին Աստանայում: Հայաստանը համաձայնագիրը ստորագրել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանը՝ վերապահումով:

Հայկական կողմն անհրաժեշտ է համարել նշել հետևյալը՝ սույն փաստաթղթի դրույթները ՀՀ-ի կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ կիրառվելու են 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ և 2021 թ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքների ամբողջական ազատման, ագրեսիայի հետևանքների վերացման և ԼՂ հակամարտության քաղաքական, դիվանագիտական կարգավորման արդյունքներով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների իրագործման շահերից ելնելով:

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի վերապահմանը՝ ապա նշվում է, որ Ադրբեջանն իրեն չի համարում կաշկանդված վերոնշյալ համաձայնագրի դրույթներով, քանի որ դրա մասնակիցը չէ, համաձայնագրի դրույթները Ադրբեջանի կողմից չեն կիրառվելու ՀՀ նկատմամբ՝ մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումն ու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը:

2426 | 0
Facebook