Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՛վ հայ, դու մերկացել ես ինքնակամ՝ հրաժարվելով քո սրբազան մշակութային ծածկույթից». Վանո Դադոյան

00:18, ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ.
«Ո՛վ հայ, դու մերկացել ես ինքնակամ՝ հրաժարվելով քո սրբազան մշակութային ծածկույթից». Վանո Դադոյան

ՀՀ ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էպոսը՝ որպես իմացականության վերին եզրից մեզ տրված շնորհ, ներքին շերտերում գտնվողներին զարգացման միջոցով վեր բարցրացնելու աստվածային խորհուրդ է պարունակում: Այդ խորհուրդն ակնհայտ է այն դրվագում, երբ Օհանը ձայն է տալիս սարի գագաթից: Դա կարծես Բարձրագույնի կանչն է, ձեռքմեկնումը ցածրում գտնվածին, անկում ապրածին՝ վեր բարձրացնելու համար, այնպես, ինչպես լույսն է բացվում վերևից և լուսավորում է բոլորին։ Ի՞նչ գործողություններ է կատարել Օհանը մինչ այդ: Նախ՝ մեծ դժկամությամբ Դավթին է հանձնել Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին և Մհերի զգեստները, այնուհետև տվել է իր օրհնանքը և խրատը Խաչ Պատերազմին ստանալու համար։ Օհանը երեք անգամ երազում տեսնում է, որ Դավիթը հորում է: Իմ կարծիքով, դա խորհրդանշում է մարմնական, մտավոր և հոգևոր խնդիրների հերթագայություն, որտեղ ամենակարևորը հոգևորն է, ինչն էլ մղում է գործողության։ Նույն խորհուրդը կա ձիերի ընտրության դեպքում, երբ անհրաժեշտ էր հասնել Դավթի կռվին: Օհանը հերթով փորձում է ձիերը և ընտրում հուր տարերքը, այսինքն՝ հրեղեն ձին, և դրանով էլ ակնթարթորեն հասնում է Դավթին։
     Էպոսում Դավիթը հորն է ընկնում խրատը չլսելու պատճառով: Ինչպե՞ս է այդ դրվագը կապված մեր օրերի հետ, ի՞նչ է խորհրդանշում։ Առաջին հերթին այն, որ ցանկացած նեղությունից կա ելք ու նոր զարգացում, հարկավոր է միայն ուժերը կենտրոնացնել և միավորել, Ձայնը հենց դրա՛ համար է։ Մեր օրերում այն ոչ թե թշնամու փորած հոր է, այլ տգիտության ու անդեմության հոր, որը մենք ինքներս ենք փորել ու, որպես հոգով կույր, ինքներս էլ հայտնվել ենք այնտեղ: Հարց է ծագում՝ Ձենով Օհանը նո՞ւյնպես այնտեղ է, թե ոչ։ Դրան հաջորդում է ամենամեծ հարցը՝ եթե այնտեղ է, արդյոք մենք պատրա՞ստ ենք մեկս մյուսի համար աստիճան դառնալով՝ լեռան գագաթը բարձրացնել նրան, որ հնարավորություն ունենա այնտեղից ձայն տալու։ Դա վերաբերում է համայն հայությանը, քանզի բոլորի նպատակը պետք է լինի դեպի գագաթ Օհանի վեր բարձրանալն ապահովելը։
     Ո՛վ հայ, վերջապես ընդունիր քո անդեմ մերկությունը, դու մերկացել ես ինքնակամ՝ հրաժարվելով քո սրբազան մշակութային ծածկույթից, և հոգեկուրության պատճառով մերկ հայտնվել ես հորում՝ որբի կարգավիճակով։ Հարկ է մտածել, թե քո զորության մեջ ով կարող էր տեր լինել քեզ, ով կարող է հագցնել քեզ քո սրբազան պատմուճանը, և ով կարող է քեզ մկրտել հրով, եթե ոչ քո Զորությունների տեր Ամենակալ Արարիչը Հայոց։ Հիշիր, ո՛վ հայ, դու հրեղեն ես, և հուր տարերքի վերջին դրսևորումը սուրբ մկրտությամբ ազատելու է աղտեղությունից աշխարհի բոլոր ծագերը, լռեցնելու է կաղկանձը բորենիների և կասեցնելու է ընթացքը դիվահար ամբոխների։ Ուզես թե չուզես՝ հառնելու ես փյունիկի նման՝ հրակեզ մոխրից թոթափելով բոլոր ավելորդությունները, և մաքրագործված կերտելու ես քո Հայոց Ազգային Պետությունը։ Խորհի՛ր, թե ինչ արժեքային պատասխանատվության տիեզերաքաղաքացի ես ուզում լինել, անվարան միաձուլվի՛ր քո հարազատ հավաքական ինքնությանը և կհզորանաս։ Քայլը սկսվում է յուրաքանչյուրիցս՝ ազատագրվելով եռաշերտ մակարդակով և դառնալով Լույսի Որդեգիր։ Առաջ Աստված: Բարի լույս բոլորիդ»:

Աղբյուրը` Վանո Դադոյան
2559 | 0
Facebook