Համացանցը քննարկում է Երևանի ավտոբուսի վարորդների գործադուլը
Երևանի ավտոբուսի վարորդներն առավոտից գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավվում: Քաղաքապետարանից հայտնել են, որ գործադուլի հետևանքով 18 վարորդ ազատվել է աշխատանքից: |
Սուրեն Գրիգորյան, Երևանի փոխքաղաքապետ
Քանի որ ես կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես համաձայնության տարրեր կարող է պարունակել, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: |
Ռուբեն Մելիքյան, փաստաբան
Գործադուլի իրավունքը աշխատողների ամենահիմնարար կոլեկտիվ իրավունքն է։ Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող։ Իսկ երբ մարդկանց ուզածը սոսկ տարրական կենցաղային պայմաններն են, օրինակ, շատ կներեք, զուգարան ունենալը, ապա այդ պարագայում մարդկանց գործից հանելը նաև մեծ անբարոյականություն է։ |
Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու նախկին անդամ
Ավտոբուսի վարորդները զուգարան գնալու տարրական պայմաններ չունեն, որովհետև Տիգրան Ավինյանը 7 միլիոն 650.000 դրամ (20.000$) արժողությամբ բիզնես դասով թռնում է Լոս Անջելես և իրեն սպասարկելու համար 33 միլիոնով (85․700$) մեքենա է գնում։ |
Դավիթ Մանուկյան, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ
Երևանում մեծաթիվ վարորդներ գործադուլ են սկսել՝ բողոքելով աշխատանքային պայմաններից։ Թե որքանով են վարորդների բողոքները հիմնավոր՝ չգիտեմ, անհրաժեշտ է քննարկել, հասկանալ, սակայն նորմալ, ընդունված երևույթ է, երբ մարդիկ գործադուլի միջոցով բարձրաձայնում են իրենց բողոքը։ Բնականաբար՝ սա առաջացրել է լուրջ անհարմարություն բնակիչների համար, սակայն գործադուլի իմաստը հենց դրանում է, որ ունենա որոշակի հետևանքներ՝ դրանով, իսկ հանրության և համապատասխան պատկան մարմինների ուշադրությունը՝ իր վրա գրավելու համար։ |
Էլինար Վարդանյան, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր
Շահերի բախման դեպքում ճանաչվում է գործադուլի իրավունքը: Այսպիսին է միջազգային կարգավորումների տրամաբանությունն ու հրամայականը: |
Ավետիք Չալաբյան, «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող
Այսօր Երևանի քաղաքապետարանին ապօրինի տիրացած ղեկավարությունը բռնաճնշումներով և սպառնալիքներով է արձագանքել ավտոբուսների վարորդների գործադուլին, թեև գործադուլի իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ, իսկ խնդիրները, որոնք բարձրացնում են վարորդները, առնվազն խելամիտ քննարկման և փոխզիջումային լուծման կարիք ունեն: |
Արման Թաթոյան, ՀՀ նախկին ՄԻՊ
Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: |
Տաթևիկ Հայրապետյան, ադրբեջանագետ
Եվրոպական երկրներում հանրային տրանսպորտի վարորդների գործադուլի մասին լուրերը սովորական երևույթ են, լրահոսի մաս անգամ, նրանց դրա համար աշխատանքից չեն հեռացնում, բանակցում են, հարցը լուծում են, առաջ են գնում։ Լավ, որ այդքան ճամփորդում եք պետության հաշվին, ոչ մի տեղից ոչ մի բան չե՞ք կարողանում սովորել։ Ո՞վ է տեսել գործադուլ անելու համար վարորդին աշխատանքից հանեն: |