Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Քննարկումներ

Համացանցի արձագանքը՝ Թրամփի հաղթանակին

չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2024 թ.
Համացանցի արձագանքը՝ Թրամփի հաղթանակին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ստացել է ընտրիչների կոլեգիայի ավելի քան 270 ձայն՝ հաղթելով դեմոկրատ Քամալա Հարիսին: Ավելին, Թրամփն արդեն ելույթ է ունեցել կողմնակիցների առաջ՝ հայտարարելով իր հաղթանակի մասին: Համաշխարհային առաջնորդներն արդեն շնորհավորել են Թրամփին: Շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դոնալդ Թրամփի ելույթը
Այս թեման մեկնաբանել են`

Արման Աբովյան, ԱԺ նախկին պատգամավոր

Արման Աբովյան, ԱԺ նախկին պատգամավոր

Թրամփը կարծես թե հաղթեց։ Սակայն դա ի՞նչ է տալու մեզ:
Ըստ էության ոչինչ, քանզի մեր երկիրը թուրքական հովանոցի տակ է։
Բայց դե հաճելի է, որ գլոբալիստական դեմոկրատական շիզոֆրենիայի վերջը «մանրից» գալիս է:

Վահրամ Մարտիրոսյան, գործարար

Վահրամ Մարտիրոսյան, գործարար

Թրամփն է առաջ անցնում, մենք դողում ենք, Իսրայելն ու Իրանը իրար են հարվածում, մենք դողում ենք, ուկրաինացիներն են առաջ գնում, մենք դողում ենք, ռուսներն են առաջ գնում, մենք դողում ենք։
Մեր ճակատագիրը վերածվել է աշխարհաքաղաքական լոտոյի։
Այսպես է լինում բոլոր նրանց հետ, ովքեր իրենց անվտանգությունը կապում են ոչ թե սեփական պոտենցիալի, այլ «ճիշտ» աշխարհաքաղաքական դասավորության ու «ճիշտ» աշխարհաքաղաքական գործարքների հետ։
Երբ քո անվտանգության աղբյուրը գալիս է քո մեջից, ապա բոլոր աշխարհաքաղաքական փոփոխությունները վերածվում են հնարավորությունների։ Իսկ հակառակ դեպքում էվոլուցիայի օրենքով վերածվելու ես ուրիշների աճի համար նախատեսված մատերիալի։
Ինչպես դասականն էր ասում՝ Перемены? Все перемены к лучшему!

Հենրիխ Դանիելյան, ՀՀԿ ԵԿ ղեկավար

Հենրիխ Դանիելյան, ՀՀԿ ԵԿ ղեկավար

Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կրում են աշխարհաքաղաքական բնույթ, և անկախ հետագա զարգացումներից, պետք է ֆիքսել մի կարևոր փաստ։


ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։


Պահպանողականությունը հաղթեց այլասերվածությանը,


խաղաղությունը հաղթեց պատերազմին,


ընտանիքի և ազգային արժեքների քարոզը հաղթեց ԼԳԲՏ քարոզին։


Հայաստանում ևս հաղթելու է վերոնշյալը, Հայաստանում ևս հնարավոր է փոխել այս կործանիչ ընթացքը։ Հայաստանում ևս հաղթելու են ազգային արժեքները, և ազգային դիմադրողականությունը, վերականգնվելու է:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Վեսթ Փալմ Բիչում Դոնալդ Թրամփը հայտարարեց հաղթանակի մասին:
Դեմոկրատները կորցրեցին նաև Սենատի վերահսկողությունը: Ստորին Պալատը նույնպես վերահսկում են Հանրապետականները:
Տեղի ունեցածն աննախադեպ իրադարձություն է: Եվ սա ազդելու է համաշխարհային պատմության ընթացքի վրա:
Բայց նաև ճակատագրորեն` Հայաստանի:
Այլևս Հայաստանին ամիսներ են մնացել:
Բացված են դռները` Իլհամ Ալիևի համար՝ իրականացնելու իր կյանքի երազանքը` վերացնել Հայաստանը:
Դեմոկրատների հեռանալով` այլևս քիչ բան է խանգարելու դրա իրականացմանը:

Անդրանիկ Թևանյան, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ

Անդրանիկ Թևանյան, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ

Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ։


ԱՄՆ-ում պարտվեցին այլասերված, ապազգային, պատերազմի կուսակցության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանի գաղափարական հովանավորները զիջեցին իրենց դիրքերը։


Թրամփի հաղթանակը շատ խորհրդանշական է։ Այն գռեհիկ ժողովրդավարության վերջը դնելու հնարավորություն է ստեղծում, նաև աշխարհի լարվածությունը լիցքաթափելու հնարավորություն։


Այդ գռեհիկ ժողովրդավարության և ապազգային տոտալիտարիզմի զոհերը դարձան Արցախը, Ուկրաինան, Վրաստանը (Վրաստանում արագ ուշքի եկան, վռնդեցին Սաակաշվիլուն և թույլ չտվեցին երկրորդ անգամ օգտագործել իրենց, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի աջակցությամբ վերարտադրվեց և նոր փորձանքներ բերեց Արցախի ու Հայաստանի գլխին), մերձավոր արևելքը և ի վերջո՝ միլիոնավոր մարդիկ։


Հայաստանի իշխանությունը պատերազմի կուսակցության և այլասերվածության գավառական ներկայացուցիչն է։ Պարտված կուսակցության դրածոն, որն իր գլխի ճարն ուզում է տեսնել Թուրքիայի գրկում։


Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է։ Նրա քաղաքական լեշը Հայաստանի վրայից պետք է մաքրվի՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով։


Ինչ վերաբերում է ապագա Հայաստանի տեղին ու դերին, ինտեգրացիոն գործընթացներին, ապա մեր ուղղությունը դեպի BRICS պետք է լինի:

Տաթևիկ Հայրապետյան, ԱԺ նախկին պատգամավոր

Տաթևիկ Հայրապետյան, ԱԺ նախկին պատգամավոր

Քաղաքականությունը փոխշահավետ առաջարկների, օրակարգերի, բովանդակության, համառ աշխատանքի ու կամքի մասին է։ Վստահ եմ՝ ցանկության ու կամքի դեպքում կարելի է գտնել ԱՄՆ հանրապետական նախագահի հետ աշխատելու հնարավորություններ։ Մեկ վառ օրինակն այն է, որ հենց ինքը՝ Թրամփը վերջերս խոսում էր Արցախի քրիստոնյա հայերի մասին։ Սա ուղղակի մի դրվագ է հնարավոր օրակարգից։
Բայց այստեղ հարցն այն է, որ ՀՀ ղեկավարությունը ունակ չէ ստեղծել բովանդակություն և օրակարգ։ Իր ուղերձը աշխարհին հետևյալն է՝ թողեք ես «խախանդ» հեծանիվ քշեմ ու դմակով խաշլամա ուտեմ։ Այս ուղերձների պարագայում՝ ցանկացած փոխդասավորություն ու ընտրություն չի կարող Հայաստանին օգուտ բերել, քանի որ Հայաստանին վնաս բերող հենց երկրի ղեկավարությունն է, որը հրաժարվում է սեփական շահերից՝ հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի, իսկ դիմացը չի ստանում ոչինչ՝ բացի նոր պահանջներից ու պատերազմի սպառնալիքներից։
Այսօր աշխարհն ամբողջությամբ վերադասավորումների մեջ է․ բոլորն իրենց նոր, ախորժալի տեղն են փնտրում արևի տակ, բացի մեզանից՝ մեր ղեկավարության ուզածը մի նեղ հեծանվային «դարոժկա» է, մեկ էլ մի կուշտ փոր հաց, ուրիշ ոչինչ․․․

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել և դրա համար կամք է ցուցադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարո՞ղ է արդյոք Թրամպը բերել այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա։
Վրաստանում նույնպես կամք են ցուցադրել և չեն մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, աշխարհի ուժեղները դա կորոշեն, իսկ իրենք պետք է հույսը դնեն ճակատագրի ամենաթողության վրա։
Հայաստանի ժողովուրդը հանձնվել է, ինքը չի որոշում իր ճակատագիրը:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Ըստ իս՝ բավականին մակերևութային է գնահատականը, թե Նիկոլ Փաշինյանը խաղադրույք էր արել դեմոկրատների վրա և հիմա մնում է ձեռնունայն:


Գուցե ներքաղաքական «շրջանառության» տեսանկյունից կատարվում է քարոզչական էֆեկտի հաշվարկ, չեմ կարող ասել, սակայն իրական, խորքային քաղաքական հաշվարկի առումով, ըստ իս, գնահատականը մակերևույթի վրա է:


Խորքում պատկերն այլ է, ինչի վկայություններից մեկն է, օրինակ, հենց այն, որ Փաշինյանը մասնակցեց հոկտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին ու Պուտինի ծննդյան տարեդարձին, հետո՝ ԲՐԻԿՍ+-ին, և ընդհանրապես դեռ օգոստոսից էապես փոխեց հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ:


Եվ մի առանցքային բան ևս, որ տեղի ունեցավ դեռևս հուլիսին․ Փաշինյանը հրաժարվեց Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ Ալիևի հետ հանդիպումից:


Ես էլ չեմ խոսում այն մասին, որ տևական ժամանակ նա փորձեց վարել Հունգարիայի հետ հարաբերության վերականգնման քաղաքականություն:


Մշտապես շեշտում եմ, որ այդ քաղաքականության վարման կոմպետենտության, բովանդակության հարցերը բնականաբար բաց են, այստեղ ստույգ գնահատականի համար պետք են մի քանի «խորհրդապահական» ելակետեր, որոնք ես չունեմ:


Բայց «հույս» փայփայել, թե դեմոկրատական վարչակազմի հեռանալը քանդել է Փաշինյանի քաղաքական անվտանգության ճարտարապետությունը, կարծում եմ քիչ կապ ունի բուն իրականության հետ:


Սա բոլորովին չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրությունը աներեր է: Բոլորովին, այսօր այդ իմաստով երաշխիք չունի մեր տրամաչափի երկրի որևէ քաղաքական իշխանություն, առավել ևս Նիկոլ Փաշինյանը: Բայց այդ հանգամանքի հետ կապված հարցերում ԱՄՆ վարչակազմի՝ դեմոկրատ, թե հանրապետական լինելը վճռորոշ գործոնների շարքում չէ:


Իհարկե այլ հարց է, որ հայկական ավանդական քաղաքական «մտածողությունը» այսպես, թե այնպես, հենվում է արտաքին գործոնների վրա և հիմնական հույսերը կապում դրանց հետ, անկախ ձևակերպումներից ու շեշտադրումներից:


Իսկ դա խորքային քաղաքական խնդիր է, որը հիմքից է «ամլացնում» Հայաստանում քաղաքական սուբյեկտության ներուժը:

Արմեն Հովասափյան, ՀՀԿ խորհրդի անդամ

Արմեն Հովասափյան, ՀՀԿ խորհրդի անդամ

ԱՄՆ-ի ընտրություններից հետո աշխարհաքաղաքական խճանկարն ամբողջությամբ փոխվում է, քանի որ այն քայլերը, որոնք իրականցնում էր Բայդենի վարչակարգը վերջին 4 տարիների ընթացքում, այլևս դառնում են անցյալ, և առաջիկայում սպասվում են նոր, լրիվ այլ, իրականություն։
Ամիսներ առաջ իմ վերլուծություններից մեկում նշել էի, որ Նիկոլ Փաշինյանը, ով այդքան ինքնամոռաց հանդիպում ու բանակցում էր Բլինքենի հետ, մեղմ ասած, այդքան էլ ճիշտ հաշվարկներ չի անում, քանի որ այդ մարդն ամիսներ անց, ուղղակի կարող է քաղաքական գործընթացներում այլևս չլինել, և նրա հետ բանակցած ու քննարկած բոլոր փաստաթղթերը, բանավոր պայմանավորվածությունները կմնան պատմության հավերժ արխիվում։ Եվ, ահա, այսօր մենք առերեսվում ենք այդ փաստի հետ, որ Նիկոլ Փաշինյանը դարձյալ սխալ «խաղադրույք» է կատարում՝ կուրորեն վստահելով ու տրվելով Արևմուտքին։ Իսկ նման դեպքերին սովորաբար հաջորդում է սնանկությունը։
Ըստ էության՝ «ջրվեց» խաղաղության պայմանգրի հետ կապված բլինքենյան ու բայդենյան հայտարարությունները (հիմի կասեն՝ «խեղճ հարիֆն ի՞նչ անի, սաղ էդ Թրամփն ա մեղավոր») մնացին օդում կախված (ի դեպ՝ փաշինյանական «սազանդարներն» արդեն սկսել են այդ թեզն աստիճանաբար գեներացնել)։
Միանշանակ է, որ քաղաքական գործիչը պետք է ունենա քաղաքական հաշվարկ, ինչը, ինչպես Փաշինյանի մյուս բոլոր դեպքերում, այստեղ ևս գոյություն չունի։ Սա խոսում է Փաշինյանի անհեռանկար ու ռիսկերի զրոյական գնահատման արտաքին քաղաքականություն վարելու մասին, երբ ամեն ինչ արվում է ըստ իրավիճակի՝ առանց հետևանքների խորքային ուսումնասիրության ու հնարավոր այլ տարբերակների քննարկաման։
Նիկոլ Փաշինյանի սիրելի դեմոկրատական վարչակարգն այլևս գոյություն չունի, և նա, իր սիրելի արևմտականների հետ, պետք է խոսի «հանրապետական տերմինաբանությամբ», իսկ քանի որ Փաշինյանն իր արժեքներով կիլոմետրերով հեռու է պահպանողականությունից, կարող ենք ենթադրել, որ էական արդյունք, ցավոք սրտի, չի լինելու:

Կարեն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ

Կարեն Հովհաննիսյան, ռազմական փորձագետ

Ամեն տեղ փրկություն ենք փնտրում, հույս ենք փնտրում, ամեն տեղ ու ամենքի մեջ, բացի իրական տեղից։ Մեկ դեպի Ամերիկա ենք նայում, մեկ՝ Եվրոպա, մեկ Ռուսաստան, մեկ օտար երկրի գործող իշխանությանը, մեկ՝ ընդդիմությանը, մեկ՝ անվանի ֆուտբոլիստին, մեկ անվանի երաժիշտին, մեկ պատմությանն ենք նայում, մեկ՝ գալիքին, այդպես իրական տեղում չփնտրելով․․․
Իրական տեղը հենց մեր մեջ է։ Իրար պետք է նայենք, իրար մեջ փնտրենք հույսն էլ, հավատն էլ, փրկությունն էլ։ Մենք ենք մեր ամեն ինչը, որ կարող ենք անշահախնդիր կյանքը տալ, առողջությունը տալ, ունեցվածքը տալ հանուն Հայրենիքի փրկության, հզորացման, ուժեղացման, հաղթանակի․․․ Հենց ինքներս մեզ դեմքով դարձանք, հենց ինքներս մեզ նայեցինք, որպես մեր փրկիչ, որպես մեր հզորացման ուժ, այ այդ ժամանակ էլ բռունցքով անակնկալ կիջնենք թշնшմու գլխին:

2793 | 0