Թիրախում Հայաստանը ներկայացնող մարզիկների արդյունքներն են Օլիմպիական խաղերում
Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզե մեդալ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: Ծանրորդ Գոռ Մինասյանը, որը հանդես էր գալիս Բահրեյնի դրոշի ներքո, ևս արժանացավ բրոնզե մեդալի: |
Վարազդատ Լալայան, Օլիմպիական փոխչեմպիոն
Թեժ պայքար էր ծավալվել, պատրաստ էինք հաղթելու, բայց ինչ-ինչ պատճառներով վերջին մոտեցումը չստացվեց: Չեմ կարող բացատրել, թե ինչ կատարվեց հրում վարժության վերջին մոտեցմանը: Երևի այդ մեդալը իմը չէր այդ պահին: Ինձ համար պատիվ է, որ Տալախաձեի հետ հավասարը հավասարին մրցակցում եմ: Եվ մի կողմից նույնիսկ ուզում եմ հաղթել իրեն: Այս մեդալին ես շատ եմ սպասել: Բայց երբեք չեմ մտածել մեդալի գույնի մասին: Միայն շնորհակալ եմ իմ Աստծուն, այս մեդալի համար: |
Գոռ Մինասյան, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Այդ մեծ դահլիճներում մշտապես լսվում էին մեր երկրպագուների վանկարկումներն ու ծածանվում էր Հայաստանի դրոշը: Դա շատ ողջունելի է: Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո սա լավագույն դահլիճներից մեկն էր, որը լի էր հայերով: |
Լաշա Տալախաձե, Օլիմպիական խաղերի չեմպիոն
Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Ե՛վ Լալայանը, և՛ Մինասյանը մեծանուն մարզիկներ են ու լավ մարդիկ: |
Կարեն Գիլոյան, ԿԳՄՍ փոխնախարար
Ես մարզիկների գրանցած արդյունքները կգնահատեմ բավարար: Չեմ համարում ձախողված, չեմ համարում նաև ֆանտաստիկ: Այն ռազմավարությունը, որը որդեգրել է կառավարությունը, չի կարող այդքան արագ արդյունք տալ: Սպորտում այսօրվա ներդրումը վաղը մեդալի չի վերածվում: Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերում ես հստակ պատասխան կտամ` մենք ճիշտ ե՞նք անում, թե՞ ոչ: Գիտեմ, հիմա շատերը կսկսեն քննադատել, բայց մի փոքր համբերություն է պետք: Բայց մեջբերեմ վիճակագրական մի քանի թվեր. 1996 թվականից մինչև 2024 թվականը որակապես ավելի լավ եղել են միայն 1996 և 2016 թվականների Օլիմպիական խաղերը, երբ ունեցել ենք չեմպիոններ: Այս երկու խաղերից հետո Փարիզ-2024-ը մեզ համար ամենալավն է որակապես` երեք արծաթ, մեկ բրոնզ: |
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Հայաստանի մարզիկները ամառային օլիմպիադայի ընթացքում վաստակեցին չորս մեդալ՝ երեք արծաթ և մեկ բրոնզ: |
Արամ Մանուկյան, ակտիվիստ
Կարեն Գիլոյանը խոստանում էր, որ Օլիմպիական խաղերին մասնակցող 15 մարզիկից 10-ը մեդալ կնվաճի, որոնցից 6-ը հավակնում է ոսկու: |
Անդրանիկ Թևանյան, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ
Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում մենք հայտնվեցինք տարածաշրջանային հետնապահի դերում։ Վրաստանն ու Ադրբեջանը ոսկի ունեն, մենք՝ ոչ։ Մինչդեռ մեզ արծրունավարի ու նիկոլավարի խոստանում էին հաղթանակներ՝ ոսկե մեդալների տեսքով։ Նաև՝ 10 մեդալակիր էին խոստանում։ Դա էլ սուտ դուրս եկավ։ |
Գագիկ Ծառուկյան, ՀԱՕԿ նախագահ
Իհարկե բոլորս սպասում և ցանկանում էինք առավելագույնը։ Բայց իրական կյանքը, ինչպես միշտ, անում է իր շտկումները. մենք ունեցանք 3 արծաթ, 1 բրոնզե մեդալներ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։ |