Հոգևորականների արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Կառավարություն-եկեղեցի հարաբերություններին. «Եթե եկեղեցու հարաբերությունները Կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ, և դա՝ համաձայն քրիստոնեական տեսության: Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարից մի մեջբերում, որտեղ ասվում է՝ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, և եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար՝ ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»: Թող եկեղեցին ինքն իր էության, ինքն իր տեսության և ինքն իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի պահպանել, զարգացնել և հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը»,- ասել էր Փաշինյանը: |
Վահրամ քահանա Մելիքյան
Տեղին է հիշել նույն Պողոս առաքյալի մեկ այլ խոսք էլ. «Այսպես ուրեմն՝ ով կարծում է, թե կանգնած է հաստատ, թող զգույշ լինի, գուցե թե ընկնի» (Ա Կորնթ. 10։12)։ |
Զարեհ քահանա Աշուրյան
«Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան |
Տիգրան քահանա Բադիրյան
Ցավոք, ունկնդիր եղա Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նորից անդրադարձավ Հայ Եկեղեցուն: Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել և Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով` իր օրինակով ևս մեկ անգամ հաստատելով այս առարկայի գերանհրաժեշտությունը հասարակության բարոյակրթման գործում։ |
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Ուժեղ աստվածաբանություն է... Իրենով թող զբաղվեն հոգեբույժները, ես իրենով զբաղվելու ո՛չ տրամադրություն ունեմ, ո՛չ ցանկություն։ Երկիրը գցել է անդունդի մեջ և դեռ համարձակվում է փիլիսոփայե՞լ, խորհուրդնե՞ր տալ աջ ու ձախ: |
Ասողիկ աբեղա Կարապետյան
Հայրենի երկրի հարազատ և ճշմարիտ իշխանությունը երբեք չի կարող հակառակվել իր հոգևոր ծնող Հայոց Եկեղեցուն: |
Արարատ քահանա Պողոսյան
Պողոս առաքյալի՝ իշխանություններին հնազանդվելու մասին ասված խոսքերը (Հռոմ. ԺԳ 1-4) մեկնաբանվում են տարբեր կերպ՝ նույնիսկ գայթակղելով բազմաթիվ գիտնականների և աստվածաբանների։ Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը յուրաքանչյուր քրիստոնյայի պարտավորությունն է։ Սակայն սուրբգրային տեքստերի մեկնաբանությունը վերապահված է բացառապես մասնագիտական շրջանակներին։ Քանզի այդ շրջանակներից դուրս արված աստվածաշնչյան մեկնաբանությունները հղի են նոր աղանդավորական շարժումներ սկզբնավորելու վտանգով։ Ուստի Սուրբ Գրքի տողերի մեկնաբանությունը վերապահված է մեկնողական և հայրաբանական գրականությանը քաջածանոթ մասնագետներին, այլապես յուրաքանչյուր հայերեն խոսել իմացող կարող է իրեն զգալ որպես Հայոց լեզվի ուսուցիչ։ |