Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Ղազախստան՝ ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու որոշումը

հինգշաբթի, 06 հունվարի, 2022 թ.
Համացանցը քննարկում է Ղազախստան՝ ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու որոշումը

Ինչպես արդեն հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության արդյունքում, Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Այս թեման մեկնաբանել են`

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ղազախստանում սկսել են կրակել մարդկանց վրա, ըստ որոշ հաղորդագրությունների՝ անցել են կոշտ բռնաճնշումների։ Ոչ միայն չի բացառվում, այլև խիստ հավանական է, որ դրան հետևեն ԵՄ և ԱՄՆ կողմից ծանր պատժամիջոցները, ինչպես Բելառուսի դեպքում։ Լավ, մենք սրա մեջ հիմա թաթախվում ենք, որ ի՞նչ անենք։


Հ․ Գ․ «Դաշնակցային պարտավորությունների» թեմաներով խնդրում եմ գլուխս չտանել։ 1968-ին, երբ ամեն ինչ «չորով» էր, չէին էլ հարցնում, Չաուշեսկուն Ռումինիայի անունից հրաժարվեց զորք ուղարկել Չեխոսլովակիա և բաց տեքստով դեմ խոսեց:

Ատոմ Մարգարյան, տնտեսագետ

Ատոմ Մարգարյան, տնտեսագետ

Ղազախստան ՀԱՊԿ զորք ուղարկելու ոչ մի հիմք չկա. ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը միանշանակ ու աներկբա արձանագրել է. «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:


Ինչպես տեսնում ենք, այն որոշումը, որի համաձայն, այսպես կոչված, ՀԱՊԿ «խաղաղապահ ուժեր» կուղարկվեն Ղազախստան ոչ մի իրավական հիմք չունի։ Եթե իշխանությունը կորցնող Ղազախստանի նախագահ Տոկաևը հայտարարում է, թե իր երկիրն արտաքին ագրեսիայի է ենթարկվել, ապա թող նշի այն երկիրը (կամ՝ «երկրների խումբը»), որը կատարել է դա, ու արձանագրի դա ... գրավոր։ Իրականում նման բան չկա, Ղազախստանում զանգվածային սոցիալական բունտի ֆոնին տեղի են ունենում միջկլանային, մաֆիոզ խմբավորումների միջև բախումներ, որոնք, անշուշտ, արտաքին ինչ-ինչ կենտրոննների ուղղորդումներ ունեն։ Ավելի պարզ՝ տեղի է ունենում Ղազախստանում տասնամյակների ընթացքում Նազարբաևի ստեղծած գողապետության փլուզում ու նման խժդժություններն անխուսափելի են։


Ավելին, ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, որն արտաքին ագրեսաիայի է ենթարկվել, դա Հայաստանի Հանրապետությունն է, ագրեսորը՝ Ադրբեջանը, ու առ այսօր ՀՀ սահմանները խախտված են ու թուրքը դուրս չի եկել ՀՀ սահմաններից։ Ու միակ երկիրը, որտեղ ՀԱՊԿ-ն պետք է զորք ուղարկի, դա Հայաստանն է։


Լավ, ենթադրենք ՀՀ իշխանության վարքագիծը պարզ է, նա այլ ելք չունի ու ստիպված է կատարել Մոսկվայի հրահանգները։ Այդ դեպքում ի՞նչ են մտածում խորհրդարանում «ընդդիմություն խաղացող» քաղաքական ուժերը։ Կրկնում եմ՝ որևէ հիմք չկա ՀՀ սահմաններից որևէ զինվոր դուրս բերելու:

Արթուր Խաչատրյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արթուր Խաչատրյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Սա ի՞նչ մղձավանջ է: Հայաստանը զո՞րք է ուղարկելու, որ ժողովրդի ընդվզումը ճնշի: Մտածե՞լ է Ղազախստանում ապրող մեր հայրենակիցների մասին, թե՞ իր համար 89 թվից իշխող հակահայ բռնակալն ավելի սրտամոտ է: Բա ո՞ւր կորավ 2008-ի մարտի 1-ի ու 2016 թվի հուլիսի վերսիայի նիկոլը:


Եթե այսօր զորք է ուղարկում ղազախների դեմ, չկասկածեք, որ վաղը չի վարանի սեփական ժողովրդի դեմ:

Արմեն Մարտիրոսյան, ԱԺ նախկին պատգամավոր

Արմեն Մարտիրոսյան, ԱԺ նախկին պատգամավոր

Քո սահմանները թշնամուց մաքրե՞լ ես, մի հատ էլ ուրիշի տան վեճին ես խառնվո՞ւմ։ Լավ, մի հոգի չունե՞ս քեզ խորհուրդ տվող, որ ասի, նման ապուշ քայլեր չանես։ Թեև ով քեզ նշանակեց, նա էլ մինչև հիմա թելադրում է։ Պետք է՝ հող կտաս, պետք է՝ մարդ, որոշում, սահման...

Հովհաննես Ազոյան, դերասան

Հովհաննես Ազոյան, դերասան

Այս պահին Նիկոլ Փաշինյանն ունի 2 ճանապարհ։ Կա՛մ հրաժարվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահող երկրի լիազորություններից, կա՛մ սպասում է պուտինյան ռեժիմի տապալումից անմիջապես հետո իր ցավոտ հեռացմանը։


Սա արդեն հեղափոխական կամ համամարդկային արժեքների ուրացում է և չունի որևէ արդարացում։ Ի դեպ, շատ մեծ ցավով եմ ասում սա:

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Սկզբից ինքը ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակից էր: Հետո ինքը հեղափոխությունով եկավ իշխանության: Հետո համաձայնվեց ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ուղարկել ուրիշ երկրում հեղափոխության դեմն առնելու: Հետո իրա կողմնակիցները վերապրեցին կոգնիտիվ դիսսոնանս:

Ագնեսա Խամոյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ագնեսա Խամոյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մարտի 1-ի թիվ 1 կազմակերպիչ, փողոցից իշխանության եկած «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանը, ով մարտի 1-ը կարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վրա, նախագահ Քոչարյանին մեղադրում ինչ-որ մառազմատիկ սահմանադրական կարգ տապալելու մեջ, հիմա բախտի բերումով դարձել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկում Ղազախստան «երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։ Ամբողջ կյանքում մարտի 1-ից քաղաքական կապիտալ քերած, նախագահ Քոչարյանին «ժողովրդի դեմ բանակ ու տանկեր հանելու» մեջ մեղադրող Նիկոլը հիմա մի ամբողջ ՀԱՊԿ զորախումբ (այդ թվում՝ հայ զինծառայողներ) է ուղարկում Ղազախստան։


Նիկո՛լ, վերջը կկողմնորոշվե՞ս, խանութներ ու մեքենաներ այրող ցուցարարների՞ կողմից ես, թե՞ «երկրում իրավիճակի կայունացման», որը ցավոք, միշտ չէ, որ առանց զոհերի է ուղեկցվում, կլինի Ֆրանսիայի «դեղին ժիլետները», Հայաստանի մարտի 1-ը, թե Ղազախստանի «գազի հեղափոխությունը»: Հուսամ՝ մի օր մեջդ ուժ կգտնես խոստովանելու, որ մարտի 1-ով Քոչարյանը ճիշտ էր, դու՝ սխալ:

Դանիել Իոաննիսյան, ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ

Դանիել Իոաննիսյան, ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ

Հայաստանի զինված ուժերի մեկ զինվոր անգամ չպետք է մեկնի Ղազախստան` այդ երկրի իշխանություններին սեփական ժողովրդից պաշտպանելու համար։


Բացի այդ, երևի, կարիք չկա հիշեցնելու, թե Արցախյան պատերազմում ում էին աջակցում Ղազախստանի ներկայիս իշխանությունները:

Պետրոս Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ

Պետրոս Մակեյան, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ

Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է «որպես ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»։


Նիկո՛լ, դու դարձել ես բազմակի օգտագործման գործիք, որի դիմաց հայ ժողովուրդը շարունակում է արյունով հատուցել։ Դո՛ւ 2018-ին դարձար գործիք, խաբեցիր մի ամբողջ ժողովրդի, ուզուրպացրիր առաջնորդի դերակատարումը, կառավերցիր և ուղղուրդեցիր ժողովրդի ցասումը։


Դո՛ւ 2020-ին դարձար գործիք, 44-օրյա պատերազմի ժամանակ աջակցեցիր, կյանքի կոչեցիր «լավրովյան» պլանը՝ հավելյալ հանձնելով Շուշին ու Հադրութը։


Դո՛ւ 2021-ին դարձար գործիք, «ընտրությունները» մանիպուլյատիվ ձևերով Մուկուչյանի աջակցությամբ կեղծեցիր, որպեսզի կյանքի կոչեք ռուս-թուրքական վերջին ծրագիրը՝ Զանգեզուրի միջանցքը հանձնել Ադրբեջանին, Սյունիքը՝ ռուսներին՝ որպես ռազմաբազա։


Հիմա դու դառնում ես գործիք, որի գինը վճարելու է ոչ միայն Ղազախստանի հայությունը, այլև ամբողջ Միջին Ասիայի հայությունը։


Նիկո՛լ, բավական է, կա՛նգ առ, հերիք է ի ցույց դնես մերկությունդ։


Հ․ Գ․ Իմիջայլոց, 2018-ին մերժված Սերժ Սարգսյանն օտար ուժերին չբերեց հայ ժողովրդի դեմ:

41407 | 0