Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է «Մանկական Եվրոտեսիլ»-ում Մալենայի հաղթանակը

երկուշաբթի, 20 դեկտեմբերի, 2021 թ.
Համացանցը քննարկում է «Մանկական Եվրոտեսիլ»-ում Մալենայի հաղթանակը

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով հաղթանակ բերեց Հայաստանին` Մանկական Եվրոտեսիլ 2021-ում: Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ` 224 միավորով բարձրացավ առաջին հորիզոնականը։

Այս թեման մեկնաբանել են`

Գեղամ Նազարյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Գեղամ Նազարյան, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Տարածքներ՝ մանկական Եվրոտեսիլում հաղթանակի դիմաց։ Ժողովուրդը երջանիկ է, անգամ հուզված, անգամ արցունքներ աչքերին։ Ու ոչ ոք չհարցրեց թե... Գիտեմ, կասեք, թե ոչնչով չեմ ուրախանում, ամեն ինչի մեջ վատն եմ տեսնում, բայց սխալվում եք։ Ես ուրախանում եմ, երբ հաղթանակներն իրական են և ոչ թե դրված մկան թակարդում։ Ես ուրախանում էի, մեր իրական հաղթանակներով և ես շատ կուզեի, որ մենք միշտ այդ մրցույթում վերջին տեղը գրավեինք, միայն թե տղերքը մեր կողքին լինեին, Շուշին մերը լիներ, Կապանի ու Գորիսի գլխին թուրք չլիներ...


Միամիտները կասեն՝ մի՞թե մենք չէինք հաղթի, եթե Շուշին մերը լիներ...


Ուրախացեք։ Շարունակեք ուրախանալ իմ միամիտ ու ինքնաոչնչացման մեխանիզմը միացրած անհայրենիք ժողովուրդ։


Հ. Գ. Փաստորեն Աբգարս ու Հայկազս, Դավիթս ու Գևորգս, Շիրակս ու Կարենս, Արամս ու Մխիթարս էին խանգարում, որ ադրբեջանուհի փոքրիկ երգչուհին գրկի հայ երգչուհուն։ Վա՜խ, իմ միամիտ ժողովուրդ...

Արթուր Եղիազարյան, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ

Արթուր Եղիազարյան, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ

Գուշակ չեմ, բայց ենթադրում եմ, որ Eurovision 2022-ին՝ Երևանում, հաղթելու է Ադրբեջանի ներկայացուցիչը: Հա, հենց Երևանում, Հայաստանի սրտում, իրենց սրտի «İrəvan»-ում:


Հ. Գ. Հետո չասեք, թե ինչու նախապես մի կես բերան չտեղեկացրեցի:


Հերն էլ անիծած, որ Շուշին, Հադրութը, հայրենիքի ազատագրված տարածքները թշնամին օկուպացրել է, տվել ենք հազարավոր զոհեր, ունենք տասնյակ (հարյուրավոր) գերիներ ու այս պահին էլ թշնամին խորացած նստած է ՀՀ-ի տարածքում ու վերահսկում է մեր ճանապարհները: Կարևորը, որ ամենաքաղաքականացված շոՎուներից մեկը բերում ենք (տվեցին) Երևան: Ցնծում ենք բոլորս...

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Թե բա մյուս տարի ադրբեջանցիները գալու են Հայաստան։ Պարզապես հիշեցնեմ, որ իրենք դեռ մայիսի 12-ին եկել ու չեն գնացել։


Հ.Գ. Եվրոտեսիլը, այո՛, քաղաքական մրցույթ է, բայց երեխաների միջոցով խաղաղության դարաշրջան բացել պետք չէր:


Հ.Գ. 2. Ապրես, Մալենա՛, լավ կատարման համար:

Կարեն Քոչարյան, հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար

Կարեն Քոչարյան, հայկական հեռուստատեսության վաստակաշատ հաղորդավար

Շատերը գիտեն, որ ես մի քանի տարի անընդմեջ դեմ եմ եղել Եվրոտեսիլին, սակայն այս տարի ես վստահեցի այս աղջկան և համոզված էի հաղթանակի մեջ: Եվ եկավ այդ համոզմունքն այն պահից, երբ ես Հայկական հեռուստատեսության 65-ամյակին լսեցի մեր «Արևիկի» հաղթական երգը իր, անչափ հետաքրքիր, մեկնաբանությամբ:


Սակայն, նույնիսկ այս պահին ֆեյսբուքում գտնվում են մարդիկ, ովքեր բացասական են արձագանքում, կամ հեգնում են: Լավ, ես չեմ հասկանում ինչքա՞ն կարելի է: Այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալի՞ս: Վերջացրե՛ք: Մալենան հաղթել է և համոզիչ հաղթանակ է տարել, և դրանում կարելի է վերջապես վստահ ասել, որ սա և՛ իր, և՛ , իհարկե, Հանրայինի թիմի ճիշտ աշխատանքն էր, ուստի շնորհավորում եմ բոլորիս: Այո՛, մենք ուրախ ենք Հայաստանի հաղթանակով Մանկական Եվրոտեսիլում և սա դեռ սկիզբն է մեր հաղթանակների: Ամեն ինչ առջևում է, ու մենք պարտավոր ենք շուտով տոնել մեր գլխավոր հաղթանակը, եթե, իհարկե, լինենք միասնական և հարգենք միմիանց:

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Անժելա Էլիբեգովա, ադրբեջանագետ

Եթե ձեզ թվում ա, որ էդ ադրբեջանցի աղջիկը կարար մոտենար Մալենային սպոնտան, առանց վերևից համաձայնեցման և թույլտվության, ապա դուք պատկերացում չունեք, ինչ կարա լինի իրա ծնողների ու դելեգացիայի ղեկավարի հետ Բաքու վերադառնալուց հետո։


Եկեք դուրս գանք էլի էդ աբորիգենի հոգեվիճակից, որին խխունջներով ու փայլուն զարդերով կտում են:

Սոսի Թաթիկյան, հանրային կառավարման մասնագետ

Սոսի Թաթիկյան, հանրային կառավարման մասնագետ

Հիմա, երբ քվեարկությունն ավարտված է, ու դրա վրա ՖԲ-յան գրառումները չեն կարող ազդել, ասեմ, որ մեր մասնակիցը պոտենցիալ շատ լավն էր, սակայն նրան ահավոր վատ էին հագցրել ու դեմքը ներկել թե՛ անճաշակության, թե՛ նրա բնական գեղեկցությունը հնարավորին չափ թաքցնելու, թե՛ նրա շարժուձևը մաքսիմալ կաշկանդելու, հետևաբար, նրա համար անհարմարավետության զգացում ստեղծելու առումով, որի հետևանքով էլ հնարավոր է նա շատ անբնական էր շարժվում, լարված էր ու ձայնին լավ չէր տիրապետում։ Ճոռոմ էր, պաթետիկ, անճաշակ, պլպլան ու անհարմարավետ։


Գոնե մի անգամ հարևան վրացիներից օրինակ վերցրեք՝ նրանց պարզ, ճաշակով, գունագեղ, մանկական ու անուշիկ ձևավորումից:

Ստյոպա Սաֆարյան, Հանրային խորհրդի նախագահ

Ստյոպա Սաֆարյան, Հանրային խորհրդի նախագահ

Ամոթ է, ուրախացեք մեր աղջկա ու երկրի հաղթանակով։ Ամոթ է թերագնահատել նրա ու թիմի կատարած ահռելի աշխատանքը. գոնե գիտեք, թե սոցիալական ցանցերում ինչ գրագետ կամպանիա էին տանում, ֆլեշմոբեր տիկտոկում ու այլուր..։ Չտեսա՞ք, թե դահլիճն ինչպես ողջունեց, պարով ու սուլոցներով միացավ մեր աղջկան ու նրա հեքիաթային, մեղմիկ քամի հիշեցնող ներկայացմանը, որը տոռնադոյի վերածվե՞ց... Չտեսա՞ք, թե ինչպես նրան շնորհավորելու համար բեմ լցվեցին նրա բոլոր մրցակիցները և ճանաչեցին նրա արժանավույն հաղթանակը:


Չտեսա՞ք, որ Մալենային առաջին տեղ տվողները ժյուրիները չէին, այլ քվեարկությունը...


Ոնց է լեզուներդ պտտվում ջուրը լցնել մեր բալիկի, նրա վրա աշխատած թիմի ահռելի աշխատանքը, ու այսքան բանից անտեղյակ, կապում եք կա՛մ գեոպոլիտւկայի, կա՛մ հողերը տալու դիմաց «վարձատրվելու» հետ... Անպատկերացնելի է...

10020 | 0