Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
Համացանցը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

Ինչպես հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։

Ռ. Քոչարյանի հարցազրույցը՝ «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր մեդիա» հեռուստաալիքներին
Այս թեման մեկնաբանել են`

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Պետական հանցագործն ու դավաճանը սեփական մեդիահարճերին հարցազրույց է տվել։ Մի երկու վերնագիր աչքովս ընկավ։ Ոնց հասկանում եմ՝ ոճրագործն իրեն է շարունակում վերագրել Ղարաբաղի հաջողությունների մեծ մասը, ինչպես նաև Արցախի թիկունքում Հայաստանն ամրացնելու առաքելությունը:


Բայց արդյո՞ք պետության ղեկը բռնազավթած ոճրագործն այդ առաքելությունը կատարել է իրապես այն որակով, որ հնարավոր լիներ այդ մասին բարձրաձայն հպարտանալ: Ի՞նչ է արել սրիկաների առաջնորդը, հայկական պետականության այս թշնամին այդպիսի Հայաստան ունենալու համար:


Նա գրեթե ամեն ինչ արել է ու այդ հարցում նաև զգալի հաջողել, որ Հայաստանը չլինի մրցունակ պետություն, չունենա արդիական տնտեսա-քաղաքական համակարգ, արդարացի և արդյունավետ պետական կառավարում, առողջ բարոյահոգեբանական հասարակական մթնոլորտ:


Հայաստանի, Ղարաբաղի թիկունքին ամուր կանգնող Հայաստանի ուժը պետք է լիներ ժողովրդավարությունը, որովհետև հասկանալի էր ինքնին, որ տնտեսական մակրո- և միկրոցուցանիշներով շատ դժվար է լինելու մրցել նավթի և գազի զգալի պաշար ունեցող Ադրբեջանի հետ: Հետևաբար Հայաստանի մրցակցային պոտենցիալը միայն կարող էր լինել մտավոր, արժեքային ռեսուրսի մեջ: Իսկ դա նշանակում էր, որ այդ առումով Հայաստանը պետք է տարածաշրջանում լիներ անվիճելի առաջատար երկիր, որտեղ մարդկանց համար ստեղծված է մտավոր պոտենցիալի իրացման լիարժեք դաշտ, որտեղ պետությունը հանդիսանում է ոչ թե մարդկանց ինչ-որ մի խմբի կալվածք, այլ հասարակության ստեղծագործական հարթակ:


Հայաստանի նախագահի պաշտոնը զավթած այս մարդակերը Հայաստանը վերածեց կալվածքի, իշխանությունը վերածեց փակ բաժնետիրական ընկերության, ձևավորեց կլանա-օլիգարխիկ համակարգ, որն իհարկե հետագայում արձանագրեց մակրոտնտեսական ցուցանիշների աճ, ինչպես նաև Հայաստանում հաստատեց իշխանության անհրաժեշտ վերարտադրության մեխանիզմի կայուն և անխափան գործունեության միջավայր, բայց դրանով ընդամենն ավերվեց այն պետական միջավայրը, որի հուսադրող ծիլերը նկատելի էին Ղարաբաղի շարժման և հետագայում պատերազմի հաղթանակների ապահոված հասարակական ոգևորության մեջ:


Ընտրակեղծիքներով, տնտեսական և քաղաքական համակարգի մենաշնորհով, կյանքի օլիգոպոլ կառուցվածքով աչքի ընկնող Հայաստանը ոչ միայն չկարողացավ դառնալ Ղարաբաղի Հանրապետության ամուր թիկունք, այլ նույնիսկ Ղարաբաղն էլ ներքաշեց այդ «արժեհամակարգային» տիրույթ, երբ Արցախը որպես ինքնուրույն քաղաքականության սուբյեկտ դադարեց գոյություն ունենալ, դուրս մղվեց բանակցային գործընթացից, վերածվեց Հայաստանի կցորդի, Ղարաբաղում սկսեց պրոյեկտվել Հայաստանի մոնոպոլ համակարգը` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անգամ հասարակական հարաբերությունների ոլորտում: Իսկ հաշվի առնելով նաև այն, որ Ղարաբաղը միջազգային քաղաքականության ճանաչված սուբյեկտ չէր և միջազգային կառույցների հետ շփումներն ինտենսիվ չէին, նաև բավական փոքր էր Ղարաբաղի տարածքն ինքնին և հասարակական հարաբերություններում փոխադարձ ճանաչողությամբ թելադրվող կաշկանդվածությունը բավական մեծ էր, Հայաստանի համակարգի պրոյեկտումը Ղարաբաղում ունեցավ շատ ավելի տխուր պատկեր` գորշացնելով թե՛ բնական, թե՛ մարդկային մտքի և կամքի տեսանկյունից հարուստ և հիասքանչ այդ տարածքը:


Անկասկած միամտություն կլինի ասել, թե նրանից առաջ ամեն ինչ ընթանում էր լուսավոր ճանապարհով։ Պատերազմի հրադադարից հետո Հայաստանը չկարողացավ գտնել համարժեք քաղաքական և քաղաքացիական համակարգի կառուցման ուղին, չկարողացավ գտնել հասարակական համաձայնության համարժեք մոդելը:


Պարզապես այս օտարի հպատակ պետական այս ոճրագործի նախագահության շրջանն այն շրջանն էր, երբ այդ սխալ հունը ինստիտուցիոնալացվեց, արատները բյուրեղացվեցին: Դե իսկ այդ ամենի «դափնեպսակը» դարձավ Մարտի 1-ի ողբերգությունը, երբ ամեն գնով իշխանությունը պահելու մղումը Երևանի կենտրոնում դարձավ արյունահեղության և մարդասպանության պատճառ: Պետք չէ բացառել իհարկե, որ իր գործողություններից շատ-շատերը այս ավազակապետն արել է համոզմունքով, որ հենց դա է պետք ամուր Հայաստանի և Ղարաբաղի համար, որպեսզի դրանք զոհ չդառնան «միջազգային դավադրությանը», բայց անգամ այդ դեպքում նախ պետք է արձանագրել, որ փաստորեն այդ մտածողությունը ոչ թե պաշտպանում է պետությունը, այլ այն հասցնում է ներքին ողբերգության և աշխարհաքաղաքական իմպոտենտության, հետևաբար այդ մտածողությունը, այդ համոզմունքը ինքնին արդեն իսկ վտանգ է պետության շահի համար: Ու բացի այդ էլ, անհրաժեշտ է նաև արձանագրել ընդհանրապես, որ «համաշխարհային դավադրության» ականջները այս շրջանակի և նրան մոտ կանգնած շերտերի համար դարձել են հասկացությունները նենգափոխելու բավական հարմար առիթ, հարմար մոդել, որին դիմում են, երբ այլևս վերջանում են մնացյալ բոլոր փաստարկները:

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մի երկու բան հասկացվեց հայտնի հարցազրույցից։ Էս մարդն ինչպես առաջ, հիմա նույնպես՝ շարունակում է համաձայնեցված հարցերի պատասխանել։ Իրեն թվում է, որ իր ժամանակների նման էսօր էլ ինչ խոսա ձեռքի տակ եղած մեդիայով, մարդիկ պտի հալած յուղի տեղ ընդունեն։ Հուշեք նրան, որ ժամանակները փոխվել են:

Լյովա Եղիազարյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ

Լյովա Եղիազարյան, «Հանրապետություն» կուսակցության անդամ

Ժամանակավոր ազատության մեջ գտնվող ամբաստանյալին լսելիս հիշեցի վարպետին՝ Հրանտ Մաթևոսյանին. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում»:


Սա զառամախտով տառապող հիվանդի զառանցանք էր:

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Հայր մերը սովորի, նոր խոսիր «Հայ եկեղեցու պատմությունից». ալբանացին խոսում է եկեղեցուց: Երբ որ Հայր մերը կսովորես և Խաչհամբույրից չես հեռանա, նոր կխոսես եկեղեցուց, հրե՛շ:

Վահագն Թևոսյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Վահագն Թևոսյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Լսեցի Ռոբերտ Քոչարյանի՝ տարբեր իրավիճակների մեկնաբանությունները, վերլուծությունները, տարակուսած հարցադրումները: Սա առնվազն պատմական հարցազրույց էր այն մասին, թե կոնկրետ ժամանակահատվածում ինչպիսի մտավոր ու բարոյական արժեհամակարգ է ձևավորվել Հայաստանում ամենավերին պետական մակարդակով: Ինձ ամեն ինչից հասկացող ու վերին ատյանի դատավոր չեմ համարում, ու ընթացքում էլ չեմ կարողացել վերացարկվել քաղաքական պատկանելությունիցս ու Քոչարյանի հանդեպ անձնական վերաբերմունքիցս: Բայց, այնուամենայնիվ, որպես քաղաքացի ու անհատ, քչից-շատից կարդացած ու խոսքուբանից մի փոքր գլուխ հանող մեկը, որը կարող է նաև բնական տարակարծություններ ունենալ անխտիր ցանկացածի հետ, չէի ուզի, որ երբևէ երկրիս ղեկավար աշխատած մարդու տեքստերը մոտս նման իսպանական ամոթ առաջացնեին:

Էդգար Առաքելյան, քաղաքագետ

Էդգար Առաքելյան, քաղաքագետ

Ի գիտություն Քոչարյանի՝ Արցախի ինքնորոշումն անկախության հռչակման ճանապարհով տանելը պայմանավորված է եղել տակտիկական քայլով, ոպեսզի հիմնախնդիրը միջազգային հանրության մոտ չընկալվի որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջի համատեքստում։ Ուստի, եթե, հաշվի առնելով վերը նշվածը, Քոչարյանի համար պարզ չէ, թե ինչու է Արցախը Հայաստան, ապա կարող ենք փաստել, որ նա չի տիրապետում արցախյան շարժման պատմությանն ու վերջնանպատակին։

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

1 ժամ.19 րոպեի ընթացքում հանրային և պետական նշանակության մեկ միտք՝ Ալիևը չի բանակցում, թող չբանակցի, դա շանտաժ է և չպետք է տրվել շանտաժի ոչ մի դեպքում: Մնացյալ առումներով ոչ միայն թույլ, այլ մանրախնդիր հարցազրույց, հատկապես Արցախի հարցի առնչությամբ: Երբ, օրինակ, երկրորդ նախագահը խորհուրդ է տալիս ճշտի համար ուղղակի կարդալ Արցախի անկախության հռչակագիրը, առաջանում է մի պարզ հարց՝ Մադրիդյան սկզբունքները որպես բանակցության հիմք ընդունելիս նա կարդացե՞լ էր Արցախի անկախության հռչակագիրը, Մադրիդյան սկզբունքները համահո՞ւնչ էին այդ հռչակագրին:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նախագահին վայել վերլուծական խորության, քաղաքական սկզբունքայնության և տարածական մտագործունեության բարձր նշաձող էր։

Հովհաննես Գալստյան, ազատամարտիկ

Հովհաննես Գալստյան, ազատամարտիկ

Ընդամենը հինգ րոպե կարողացա դիտել Քոչի հարցազրույցը: Հակառակի նման նայեցի այն պահը, երբ նա ասում էր, որ կալանք դրված իր ֆինանսները՝ «Սիստեմա»-ից ստացված աշխատավաձների գումարներն են:


Մեր՝ «օբեկտիվ» քննադատությամբ զբաղվող լրագրողներից գոնե մեկի մտքով չանցա՞վ հարցներ, թե դու, կուլտուրական մարդ, աշխատավարձով ապրող քյասիբ մարդ, առանց շատ մեծ ներդրում կատարելու, ի՞նչ գործ ունես ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում, այն էլ ձայնի իրավունքով: Հաստատ կարող եմ ասել, որ առանց ֆինանսական մեծ ներդրման, միայն գեղեցիկ աչքերի համար նա իրավունք չէր ունենա ասենք ՄՏՍ-ի նման գիգանտի տնօրենի հետ նույն հարցի շուրջ հավասարը հավասարի հետ քվեարկելու: (Առավել ևս, որ աչքերն այդքան էլ սիրուն չեն):


Իսկ ամենազավեշտալին այն է, որ հարցի համար շնորհակալություն է հայտնում լրագրողին: Շնորհակալություն հայտնիր Վիկտոր Սողոմոնյանին՝ հարցաշարը կազմելու, իսկ քո աջԱՐԱԿից լրագրողներին՝ այլ հարցեր չտալու համար:


Հ. Գ. Հին Հռոմում, սենատում ելույթ ունենալիս, ինչ թեմայի մասին էլ խոսեր,Մարկոս Պորկիոս Կատոն Ավագն ասում էր՝ Բայց, այնուամենայնիվ, Կարթագենը մեր թշնամին է և այն պետք է կործանվի...


Իհարկե, դժվար է երկրիդ բյուջեից շատ փող ունեցողին դատել, բայց Կատոն Ավագի ոճով ասենք, որ երկիր թալանողը պետք է բանտում լինի և կրի իր արժանի պատիժը...

8311 | 1