Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպը

հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ.
Հանրությունը քննարկում է Ալեն Սիմոնյանի ու Արթուր Դանիելյանի հետ կապված միջադեպը

Ապրիլի 29-ին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև:


Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել էր դեպքի մանրամասները և խոստովանել, որ հայհոյանքի պատճառով գլխով կոտրել է վերջինի քիթը և պատրաստ է դրա համար կրել պատասխանատվություն:

Այս թեման մեկնաբանել են`

Տարոն Չախոյան, բլոգեր

Տարոն Չախոյան, բլոգեր

Վերջին օրերին հայտնի փեսային առաջադրված մեղադրանքը պատճառ դարձավ վերջինիս նյարդային ջղաձգումներին, օրական արդեն իսկ հայհոյանքի ու սպառնալիքի լեզվով գրառումներին, ԱԺ-ում Մարուքյանի պոռթկումներին ու որոշ փնթիների սանձարձակությանը... Առնվազն պետք է լինել միամիտ չհասկանալու համար վերջին օրերի կատարվածը...


Փեսա Միշիկի անունը լսելուց անգամ երկար տարիների փորձառու կլասիկ պատգամավոր Մարուքյանը չկարողացավ զսպել պոռթկումները... և արդեն իսկ իրական դեմքով ներկայացավ բոլորին՝ Սերժի ջերմոցում, մի խուլ թփի տակ աճեցրած քաղաքական գործիչ։


Թվում էր, թե այսքանով ամեն բան կավարտվեր, բայց արի ու տես՝ պադվալներում թաքնված փեսան թիրախավորել էր Սիմոնյան Ալենին:


Ինչո՞ւ Սիմոնյան Ալենին, որվհետև վերջինս առանցքային դեր ու նշանակություն ուներ թե՛ հեղափոխության ժամանակ, թե՛ իշխանության մեջ և թե՛ նախկին թալանչիների դեմ պայքարում...


Իսկ այն ինչ կատարվեց այսօր, բնականաբար, նախօրոք պլանավորված, կազմակերպված ու գծագրված սցենար էր... Ու իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի դեպքում նպատակը մեկն էր՝ փորձել հնարավորինս պախարակել Սիմոնյան Ալենին ու բնականաբար նաև կառավությանն ու իշխող թիմին...


Հայհոյանքին չէր պատասխանի՝ կասեին տղամարդ չէ... տղամարդկություն չունի իրեն հասցեագրված վիրավորանքին պատասխանել:


Կպատասխաներ՝ կասեին սա է Ձեր թավիշը, հայհոյում եք ժողովրդին ու ատելություն եք քարոզում...


Քաշքշուկի արդյունքում կհարվածեր՝ ցուցմունք կգրեին ու կփորձեին պախարակել... իսկ հետագայում հույսեր կփայփայեն ԱԺ-ում մանդատից, անձեռնմխելիությունից զրկելու ու իշխանությունից հեռացնելու համար... Կարճ ասած՝ Ալենին լռեցնելու միջոց են փնտրում:


Մի բան կարող եմ միայն ասել՝ իրեն հարգող ցանկացած տղամարդ կաներ նույնը, ինչ Սիմոնյան Ալենը... Չեմ կարծում՝ գտնվի իրեն հարգող մի տղամարդ, ով կարողանա կուլ տալ իր սրբություններին հասցեագրված հայհոյանքը:


Ու մի բան էլ, համոզված եմ, որ կատարվածի պատասխանատվությունը շատերն են պատրաստ կիսել Սիմոնյան Ալենի հետ, սա վաղուց սպասված ապտակ էր անհայրենիք փնթիներին:


Իսկ փեսա Միշիկի ստատուսչիկներն այսուհետև թող լավ իմանան, որ ամեն անգամ մարդկանց հասցեին հայհոյանքներ հնչեցնելուց մի օր պատասխան են տալու...

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Նման միջադեպերը քաղաքական գործիչների մասնակցությամբ, անընդունելի են։ Եթե մարդիկ գաղափարական հակառակորդներ են, կարող են բանավիճել հենց այդ՝ գաղափարական դաշտում։ Հայհոյանք, սադրանք ու ձեռնամարտ լինում է միայն մի դեպքում, երբ մարդիկ գաղափարապես տկար են, հանրային խոսքին չեն տիրապետում, սակայն՝ տաքարյուն են ու տաքգլուխ։


Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ պետք է պատրաստ լինեն նույնիսկ հայհոյանքի, սպառնալիքի, դա չի կարող պատճառ հանդիսանալ ֆիզիկական բռնության։ Մյուս կողմից, ես ուղղակի զարմանում եմ, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանն անակնկալի եկել Արթուր Դանիելյանի հնչեցրած հայհոյանքից։ Ադեկվատների ամեն ստատուսն ու ելույթն է հայհոյանք և սադրանք։ Մի՞թե առաջին անգամ է առերեսվում նման մարտավարություն ընտրած խմբավորման հետ։


Ինձ համար հավասարապես անընդունելի է թե՛ ադեկվատների հայհոյանքի ու սադրանքի ոճը, թե՛ այդ սադրանքին տրվելու ու ձեռնամարտի անցնելու անզսպությունը:

Արմեն Վարդանյան, քաղաքագետ

Արմեն Վարդանյան, քաղաքագետ

Քաղաքականության մեջ բռնությունը չեմ ողջունում, Ալեն Սիմոնյանի էսօրվա պահվածքը չեմ արդարացնում, բայց մի բանով հալալ ա: Մարդը խփել ա, տղավարի ասում ա՝ խփել եմ ու ատկազ չի կանգնում իրա արածներից: Խոստովանում ա, որ ինքն ա խփել առաջինն ու ասում ա՝ պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արածների համար:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Սա արդեն անցնում է բոլոր սահմանները:


2 տարի անընդմեջ էկրաններից այս կողմ թույն, ագրեսիա ու մաղձ թափող Նիկոլ Փաշինյանի պահվածքն անխուսափելիորեն պետք է առաջացներ բռնության պոռթկում իրական կյանքում՝ համեմված մի կողմից անպատժելիության, մյուս կողմից՝ անպաշտպանվածության զգացումով:

Գևորգ Դավթյան, փաստաբան

Գևորգ Դավթյան, փաստաբան

Եթե փաստերն այնպես են, որ Ալեն Սիմոնյանին բարևի դիմաց հանրային միջավայրում սեռական հայհոյանք են հասցրել, ապա դա ոչ միայն սանձարձակ քայլ է Ալեն Սիմոնյանի անձին, այլև ուղղված է հանրության դեմ, քանզի նա ներկայացնում է նաև հանրության շահերը, ինչը, բնականաբար, անընդունելի և պարսավելի արարք է։ Ինչ վերաբերում է հետո հարվածին, ապա դա Ալեն Սիմոնյանի կողմից չի էլ հերքվել։

Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Ալեն Սիմոնյանի հետ կատարվածը որևէ արդարացում չունի: Դեռ ամիսներ առաջ նույն անձինք նրան հրապարակային սպառնացել են, որ եթե ադեկվադների անունը ևս մեկ անգամ տա, «երանի կտա Արթուր Իսպիրյանին և Գրիգոր Երիցյանին»:


Վերջին երկու տարիներին այս խմբավորումը նույն վարքագիծն է դրսևորել իմ և իմ գործընկերների նկատմամբ՝ ամենավերջին վիրավորանքներից մինչև սպառնալիքներ: Իրավապահ մարմինները, սակայն, դրանք բավարար չեն համարել որևէ պատասխանատվության ենթարկելու համար:


Արդեն 1 տարի է, ինչ դատարանը քննում է իմ հայցն ըննդեմ Արթուր Դանիելյանի և Կոնստանտին Տեր-Նակալյանի, բայց փորձը ցույց է տալիս, որ դատական կարգով նման երևույթների դեմ պայքարը երկար է և ապարդյուն: Ժամանակն է, որ ստեղծվեն մարդու արժանապատվությունը և իրավունքները պաշտպանող արդյունավետ իրավական մեխանիզմներ, որպեսզի մարդիկ իրենց արժանապատվությունը պաշտպանելու համար այլ մեթոդների չդիմեն:

Տիգրան Աթանեսյան, փաստաբան

Տիգրան Աթանեսյան, փաստաբան

Պարոն Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան եթերից հետո պետք է հրաժարական տա ԱԺ փոխխոսնակի պաշտոնից, հակառակ դեպքում ինքնասիրական նկրտումները որևէ իրական հիմք և արժեք չունեն:


Ինչ վերաբերում է բուն դեպքին, ապա այն, իհարկե, խեղաթյուրված է ներկայացվում:


Դրա մասին, անհրաժեշտության դեպքում, կխոսի Արթուր Դանիելյանը:


Ամեն դեպքում, առկա է և անհերքելի ՀՀ քրեական օրենսգրքի 112 կամ 113 հոդվածներով արգելված արարքն առերևույթ կատարելու փաստը:


ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է միջնորդել ԱԺ-ին, իսկ վերջինս՝ պարտավոր է թույլատրել պատգամավոր Ա. Սիմոնյանին ենթարկել քրեական պատասխանատվության: Իսկ հարցի բարոյական կողմին կանդրադառնան այլ անձինք:

Էդգար Առաքելյան, քաղաքագետ

Էդգար Առաքելյան, քաղաքագետ

Կար ժամանակ, երբ Հայաստանում ծեծում էին պատգամավորին, երկրի ղեկավարին, իբր, հայհոյելու համար, հետո գալիս էին խորհրդարան ու օրը ցերեկով արդարացնում այդ քայլը, թե բա հայհոյել ես երկրի ղեկավարին, բա ի՞նչ էիր սպասում։


Նույն Արթուր Դանիելյանը, երբ բերման ենթարկվելիս, ամենավերջին լկտի հայհոյանքներն էր հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, նրա հետ ոչինչ չպատահեց, պարզապես բերման ենթարկեցին ու բաց թողեցին։ Հիմա էդ նույն անադեկվատն, անպատժելիության զգացումից ելնելով, գտել է, որ օրը ցերեկով կարող է հայհոյել դեմդիմաց դուրս եկած ԱԺ փոխնախագահին ու կրկին անպատիժ մնալ։ Մարդու անձի ու արժանապատվության դեմ ուղղված ցանկացած քայլ նույնպես բռնություն է, որից պետք է համարժեքորեն պաշտպանվել, ինչը և արել է Ալեն Սիմոնյանը։

«Ադեկվադ» ՀԿ

«Ադեկվադ» ՀԿ

1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածն իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահը սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամեն ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա:


2. Մենք դատապարտում ենք այն երևույթը, որ ԱԺ փոխխոսնակն արդեն երկու օր է դրսևորում խուլիգանին հարիր վարք: Միևնույն ժամանակ, մենք որևէ ափսոսանք չենք զգում, որ խուլիգանական վարք դրսևորած անհատն ստացել է արժանի հակազդեցություն, եթե կուզեք` պատիժ: 3. Միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանություններն` առհասարակ և Ալեն Սիմոնյանը` մասնավորապես:


4. Ալեն Սիմոնյանն առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե՛ տեսագրություններում, թե՛ ականատեսների կողմից, թե՛ Ալեն Սիմոնյանի` «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում: Ըստ այդմ` Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում` սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով:


5. Մենք դատապարտում ենք ինքնիրավչությունն ու ամենաթողությունը: Ավելին` մենք վերահաստատում ենք մեր անհանդուժողականությունն այդ երևույթների նկատմամբ և հետայսու էլ խստագույնս պատժելու ենք բոլոր նման դրսևորումները, որոնք կփորձեն կիրառել մեր նկատմամբ:


6. Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը, որում մենք ապրում ենք:

9301 | 3