Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրության արձագանքը Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերս մաքրելու եմ իրանց վրա» արտահայտությանը

չորեքշաբթի, 05 փետրվարի, 2020 թ.
Հանրության արձագանքը Ռուբեն Հայրապետյանի՝ «ոտքերս մաքրելու եմ իրանց վրա» արտահայտությանը

Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանությունը բերման էր ենթարկել ՀՖՖ նախկին նախագահ, նախկին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Վերջինը մի քանի ժամ հետո ազատ էր արձակվել: «Հերթական կապիկությունն է: Ինձ փորձում են վախացնել, բայց իմ տեսակին նման կերպ չեն վախեցնում: Էն որ ասում են՝ պառկեցնել ասֆալտին, մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու ու ոտքերս մաքրեմ իրանց վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Ռուբեն Հայրապետյանը:

Այս թեման մեկնաբանել են`

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Անկախ նրանից, թե քաղաքական ինչ ուժ կիշխի մեր երկրում և ով կլինի պետության ղեկավարը, խորապես համոզված եմ, որ Հայաստանում օլիգարխներ չպետք է լինեն, իսկ քրեածին հակումներ ունեցող և հանցավոր արժեքներով ապրող օլիգարխները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ տարիներ շարունակ մարդկանց ապրանքի տեղ դնելու, նրանց արժանապատվությունը ստորացնելու, ծաղրելու, նվաստացնելու, բազմաթիվ հանցավոր սխեմաների մասնակցելու, ծանր հանցագործություններ պլանավորելու և իրականացնելու, դրանց անմիջական մասնակիցը լինելու համար՝ թեկուզ միայն այն բանի համար, որ մեր երկրում արմատախիլ արվի անպատժելիության մթնոլորտը, և յուրաքանչյուր ոք իր ականջին օղ անի, որ վաղ թե ուշ պատասխան է տալու իր արածի համար, ինչպես նաև նրա համար, որ ասյուհետ որևէ մեկի մտքով չանցնի ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվել են նշված անձինք:


Կան հանցագործություններ, որոնք «վաղեմության ժամկետ» չունեն:


Եվ եթե իսկապես այս անձինք չպատժվեն իրենց կատարած հանցագործությունների համար, հասարակությունը կսկսի զարմանալ: Արդեն սկսել է զարմանալ:

Ռոմանոս Պետրոսյան, Կոտայքի մարզպետ

Ռոմանոս Պետրոսյան, Կոտայքի մարզպետ

Մենք քո հոխորտանքին չենք պատասխանի նույն քո ոճով՝ «փողոցի ժարգոնով» և կեղծ հերոսի կեցվածքով. դա մեր գործելաոճին ու տեսակին հարիր չէ, նաև՝ այդ դաշտում քո տեսակը, իհարկե, անմրցելի է, բայց ոչ երբեք՝ անհաղթելի։ Իսկ թե քանիսի հերոսն էիր այսօր, կողքիդ խմբվածների ով լինելուց ու քանակից կարելի էր կռահել։


ՀՀ-ում այլևս գործում է Օրենքի Գերակայությունը, և ինքնադատաստանի ժամանակներն անցյալում են. օրենքի ուժով է, իհարկե, քո պատիժը կայանալու, պարզապես մի փոքր համբերել է պետք, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը ողնաշարը վերջնականորեն չի ուղղել։


Իսկ այն, որ մեր պետության որակի ու ժողովրդի ընկալման առումով ձեր տեսակն այլևս անվերադարձ մերժված է, դա աներկբա է։


Գուցե թավիշը ձեր տեսակի համար այլևս անտեղի ճոխություն է, բայց և իրավական պետության ներսում իրավապահ համակարգի կողմից բացառապես օրենքի դաշտում գործելը երբևէ շատ կամ ավելորդ չի կարող լինել. դա էլ անվիճելի է, և դա էր մեր երազանքների պետությունը, և դա ունենք այսօր։


Չփորձեք ձեր ցինիկությամբ չափելու Պետությանս ու Ժողովրդիս համբերությունը...

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Կոշիկների տիրակալն այսօր հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի անունից։ Չգիտեմ` Սերժը նրան այդ իրավունքը տվել էր, թե ոչ, բայց այդպիսի հարված ՀՀԿ-ին վաղուց ոչ ոք չէր հասցրել։ Վստահ եմ` եթե ՀՀԿ-ն իշխանության լիներ և սրանցից մեկը փորձեր այսօրինակ ոճով խոսել որևէ ընդդիմադիր գործչի հասցեին, ՀՀԿ-ի վերնախավը, իրար հերթ չտալով, կդատապարտեր կուսակցին։


Փոխվել են ժամանակները, և ոմանց թվում է, թե ծափերի ուղեկցությամբ արտասանված տկարամիտ ու պարզունակ տեքստերով Հայաստանում կարելի է շարունակել քաղաքականությամբ զբաղվել։


Բայց բուն ասելիքս սրա/սրանց մասին չէ։ Ասելիքս նրանց մասին է, ովքեր այսօր, այս պահին նստած չարախնդում, ուրախանում և անարձագանք են թողնում սրա ասածները։


Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը:

Սյուզաննա Սիմոնյան, ՀԽ մամլո նախկին քարտուղար

Սյուզաննա Սիմոնյան, ՀԽ մամլո նախկին քարտուղար

Բռնապետության, վայրագության, ուժի դեմ՝ թավիշ, ոչ թե ուժ: Սկսվում է հակառակ պրոցեսը: Թավիշի դեմ՝ ուժ: Նեմեցն երեկ ասաց: Ու չփորձեք այդ ուժից հանկարծ ժողովրդի ուժով պաշտպանվել ու ձեր հետույքները փրկել: Մենք զոհեր տալու ժողովուրդ չունենք: Մարդա մի հրացան կառնեք ու դուրս կգաք նեմեցականների դեմ, երբ պահը գա: Լսո՞ւմ եք, թավշուկներ:

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Նեմեց ռուբոյին հիշացնեմ, որ չենք մոռացել Վահե Ավետյանի սպանությունը և այս արնախում տեսակի հետ թավշել չի կարելի, հարգելի պարոն վարչապետ: Էնքան է լկտիացել` կոշիկներն է ուզում սրբի իշխանությունների վրա: Պարոն վարչապետ, վերջ տվեք թավիշին և սրանց նմաններին մաքրեք, որ մեր նյարդեր վրա չազդեն և Աստված մի արասցե, եթե ժողովուրդը փորձի սրանց հետ հարցերը լուծի:

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ

Ալեն Սիմոնյան, ԱԺ փոխխոսնակ

Այսօր Ռուբեն Հայրապետյանների և մնացածի վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում միակ պատճառով, որ թույլ չտվողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Մենք իրենց՝ մարդ սպանող, մարդ ծեծող, մարդ առևանգող տեսակը չենք: Դա այն մարդը չէ՞ր, որ ասում էր՝ ես ի՞նչ պիտի անեմ, ես պիտի ծեծեմ... Դուք զինվորական բժշկին ախրաննիկներով քացիներով ծեծող տեսակ եք, դուք մարդ առևանգող, տարածքներ խլող, ընտրություններ կեղծող, մականունավոր տեսակ եք, իսկ ՀՀ գործող իշխանությունն այդ տեսակը չէ, չի ստացվելու մեզնից այդ տեսակը սարքել: Իրենց տեսակը դատական հայցերի ժամանակ շատ արագ հիվանդացող տեսակ է, բոլոր երգիչ-երգչուհիներին հեռախոսազանգերով ստորագրություններ խնդրող տեսակ է: Իրենց տեսակը վերացող տեսակ է, վերանալու է ՀՀ տարածքից:

Արթուր Գրիգորյան, Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար

Արթուր Գրիգորյան, Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար

Երբ 2012-ին Փաշինյանը բանտից դուրս եկավ, նեմեցն ընդգծված հակակրանք ուներ նրա նկատմամբ։ Մի անգամ ասուլիս էր տվել ու իրեն բնորոշ գռեհիկ հեգնանքով ասել՝ «ինձ ասել են, որ բանտում Նիկոլի հետ վատ-վատ բաներ են արել»։ Ընդդիմադիր լրագրող Նիկոլը հաջորդ օրը հոդված հրապարակեց ասելով, որ Սերժը նեմեցի ու նրա մտերիմների նկատմամբ ամեն օր է «վատ-վատ բաներ անում»։ Սա լրագրողի ստատուսին համարժեք պատասխան էր իշխանական օլիգարխին։


Այսօր նեմեցն ասում է՝ կպառկըցնեմ ասֆալտին․․․ ոտքերս կմաքրեմ․․․ նիկոլիկ․․․ ու նման բաներ։ Այս ամենին Նիկոլի պատասխանը պետք է լինի համարժեք իր ներկայիս ստատուսին։ Ամենավատ բանը, որ հիմա կարող է լինել՝ ինչ-որ տափակ լայվի միջոցով ու նախկին ոճով նեմեցին արձագանքելը կամ ինչ-որ «դուխավիկ» պատգամավորիկի բերանով խնդալու «պատասխան տալը» կլինի։


Հիմա` առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ իմ ինքնասիրությունը վիրավորվում է, երբ նեմեցները, իրենց ունեցած «բագաժով», կարողանում են իրենց թույլ տալ այսպես խոսել գործող իշխանության հասցեին, հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։ Ու ամենավատն այն է, որ նրա այս պահվածքն ուղիղ համեմատական է իշխանությունների՝ ցիկլի մեջ ընկած անմիտ գործողությունների հետ։


Երկրորդն էլ այն է, որ արդեն երկրորդ անգամ (առաջինի մասին վերջում կասեմ) նեմեցի հախից եկել է հանրությունը՝ սովորական մարդիկ՝ Հարսնաքար ռեստորանում Վահե Ավետյանի սպանությունից հետո գնալով նրա տան մոտ ու պահանջելով, որ դուրս գա։ Չեկավ։

Անդրանիկ Քոչարյան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Անդրանիկ Քոչարյան, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Որևէ կառույցի հետ անօրեն արտահայտություններով խոսել չի կարելի: Ոստիկանությանը մենք տվեցինք լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի իրենք լուրջ քաղաքական կշիռ ձեռք բերեն, իրացնեն օրենքով սահմանված իրենց գործառույթները: Երեկ նկատեցի, որ ոստիկանությունը կաշկանդված էր: Փաստորեն, ոստիկանությունը ստացավ մի հարված, որը միայն ոստիկանությանը չէր, նաև ընտրությունների արդյունքում լեգիտիմ ձևավորված իշխանությանը միտված թիրախային հարված էր:


Այնտեղ կային ՀՀԿ ներկայացուցիչներ: Եվ այդ ծափերն ինչի՞ն էին միտված՝ ոտքերը մաքրելո՞ւն: Հանրապետականները գիտակցո՞ւմ են, թե այդ ծափերով ինչն են խրախուսում...

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Հայաստանը, այնուամենայնիվ, ազատ և իրավական պետություն է, իսկ հայերն էլ՝ ներողամիտ, այնուամենայնիվ։ Ու դրա համար, ոչ թե ցուրտը տարած անասունի նման սպառնացեք, որ սաղիս փռելու եք ու մեզ վրա ձեր կոշիկները մաքրեք, այլ գնացեք ու մոմ վառեք օրը երեք անգամ՝ ձեր զխկռտվելուց հետո, որ Հայաստանում ենք ապրում ու փորձեք ապրել հայավարի, ոչ թե անասունի նման։ Ու մի փորձեք խաղալ մարդկանց համբերության հետ, որովհետև եթե հարցերի լուծումն անցավ ձեր իմացած հարթություն, դուք էդտեղ շանս չունեք, քանի որ ոչ թե դուք եք փռելու, որ մի բան էլ մեզ վրա կոշիկ մաքրեք, այլ ձեզ, ու ոչ թե փռելու են, այլ լղոզելու են։ Համոզված եղեք։ Գնացեք ու մոմ վառեք, ու ներողություն խնդրեք։ Մարդ եղեք։ Իսկ էդ ասածից հրճվող, առիթով-անառիթ «Արցախից», «պետությունից», «պետական մտածողությունից», «անվտանգությունից» ավել-պակաս բարբաջող, բայց էդ ասածից աչքերով, ականջներով ու դեմի վերջույթներով ծափ տվող սբռոդին ասելիք չկա։ Դուք ամբողջությամբ ձեզ ցույց տվեցիք, համբալներ:

Արամ Մանուկյան, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ

Արամ Մանուկյան, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ

Գիտե՞ք` ինչու է Տարոն Մարգարյանն արդեն կարողանում ասել` «հետո կխոսեմ»... Ես ունեմ իմ տարբերակը` որովհետև իրա նկատմամբ ներողամիտ են գտնվել, երևի թե մի իքս գումար բյուջե վերադարձնելով, իսկ ինչո՞ւ են մոռացել սաշիկին, որովհետև ինքն էլ երևի մի իքս գումարով փակել է իր թեման, կարող եք ձեր ցանկացած իմացած մարդու անունը գրել ու նույն պատճառաբանությունը գրել: Բնականաբար, հետո էլ մի բան կգտնեն, տենց քիչ-քիչ կքերեն, բայց մեծ հաշվով չենք տեսնի այն, ինչ ակնկալել ենք:
Իսկ նեմեցից երևի թե չի ստացվել գումար քերել, դրա համար էլ էս վիճակն ա, երկու տարի հետո զենք են ման գալիս, որ պատժեն, բայց արդեն գնացքը գնացել ա, ստանում են այնպիսի պատասխաններ, որոնք դուք լսեցիք երեկ:
Նախկին իշխանությունների համար ընտրության ելք որոշող քանի՞ գյուղապետ, քաղաքապետ է փոխել այս իշխանությունը, այ որ հետաքրքրվեք, կտեսնեք շատ քիչ, որովհետև ներել են բոլորին: Իսկ պտուղները հետո կքաղեն, որովհետև միայն յուրային մարզպետ ունենալով ոչ մի արդյունքի էլ չեն հասնի, իսկ պատկերացնո՞ւմ եք այն գյուղացիների վիճակը, որ դուրս էին եկել ոչ միայն սերժիկ մերժելու, այլ բոլոր սերժիկներին ու հիմա տեսնում են, որ իրենց գյուղապետը նույնն է: Իսկ գյուղապետը գիտի չէ՞` ովքեր էին իրեն մերժում:
Ինչքան ուզում եք մտեք Նիկոլի ստատուսների տակ ձեր մտահոգությունները հայտնեք, անիմաստ ա արդեն: Իզուր մի սպասեք. թավիշը եղել է արդեն, հետևանքներն ամեն օր ենք տեսնելու:

35114 | 0