Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է ԱԺ-ում ԲՀԿ-ական բանդայի ռազբորկան

երեքշաբթի, 21 հունվարի, 2020 թ.
Հանրությունը քննարկում է ԱԺ-ում ԲՀԿ-ական բանդայի ռազբորկան

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նիստում «օրենքով գողերի» մասին նախագծի քննարկման ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել էր. «Գողական բառի հետ 3 տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլինի, որ նաև դրա դեմ պայքարեք»:


Գ. Պետրոսյանի ելույթը խայտառակ էր որակել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:


Բանավեճը վերածվել էր քաշքշուկի՝ ԲՀԿ-ի ու իշխանական պատգամավորների միջև: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորել էր հանդուրժող լինել կարծիքների հանդեպ, այլապես կարող են գնալ և «բեսեդկաներում լռվել»:

Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Կոնջորյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Հայկ Կոնջորյան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Եթե ՀՀ-ում քրեական մշակույթի դեմ պայքարն իջեցվում է շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի քուչի մակարդակի, բերվում են համեմատություններ, որոնք նաև Ձեզ հարիր չեն: Հիմա ես ուզում եմ դիմել Ձեզ՝ տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, մարդիկ, ովքեր քաղաքական տեքստեր են ասում, դա՞ է ձեր մակարդակը, որ այդ աստիճան իջեցնում են: Ուրեմն՝ ես էլ կարող եմ ասել 3 տառանիի մասով էլ, 4 տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք: Դրա մասով էլ կան նաև հոդվածներ: Պետք չէ այդ աստիճանի իջեցնել. սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա...

Կարինե Հարությունյան, լրագրող

Կարինե Հարությունյան, լրագրող

Աչքիս՝ մի շարժում պիտի սկսվի «Բարգավաճ»-ի մանդատավոր բանդիտների դեմ: Խորհրդարանը խուլիգանների տեղը չէ: Բավական է վարկաբեկեն պառլամենտական ինստիտուտը: Բավական է պետության հաշվին սնվեն երկրի օրենսդիր մարմինն իրենց քուչից չտարբերողները: Դրանց երրորդ դասարանի թելադրություն տաս, մի փութ սխալ կանեն, ի՞նչ գործ ունի թերուս, տգետ ուղեղը բռունցքի հետ շփոթող խաժամուժը խորհրդարանում:

Արման Աբովյան, ԲՀԿ-ական պատգամավոր

Արման Աբովյան, ԲՀԿ-ական պատգամավոր

Արդեն որերորդ անգամ Արման Բաբաջանյանը սադրում է, սադրում է ուղիղ, սադրում է անուղիղ: Ես չհասկացա՝ այդ ի՞նչը բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն: Ի՞նչ էր ասել պարոն Պետրոսյանը. խնդրում եմ ևս մեկ անգամ ուշադիր լսենք. վիրավորե՞լ է, կպե՞լ է, ի՞նչ է ասել: Հասկանում եմ՝ պարոն Բաբաջանյանն ինչո՞ւ է սադրում: Լրատվամիջոցում, որը պարոն Բաբաջանյանի «հովանավորության տակ է», որպեսզի հայտնվի մի գրառում. ԲՀԿ-ն պաշտպանում է կրիմինալը: Ո՛չ, կրկին ո՛չ, չի՛ ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի: ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները: Այս օրենքը ոտնահարում է ոչ թե քրեական աշխարհի, այլ քաղաքացու իրավունքները:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

ԱԺ նախագահն իրար հետ վիճող պատգամավորներին իբրև թե հանգստացնում է, իբրև թե նրանց քրեական բարքերի դեմ է պայքարում՝ ասելով. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են և չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից և «բիսեդկում լռվի»։ Եթե սա է իշխանության քաղաքակրթական լեքսիկոնը, ուրեմն` խորհրդարանի այսօրվա քաշքշքուկն ակադեմիական միջոցառում էր։

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

Վահագն Խաչատրյան, «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան

ԲՀԿ-ի իրական դեմքը... Սրանք թող գնան քուչում բազար անեն: Չեք էլ ամաչում... Ողբամ զմեզ, որ ձեր նմաներն օրենսդիր մարմնում են: Ամոթ է, բայց ձեզ ինչ ամոթ, դոդացվածներ...

Լենա Նազարյան, ԱԺ փոխնախագահ

Լենա Նազարյան, ԱԺ փոխնախագահ

Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պագամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Իսկ նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտն» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը ստեղ չի, դուրսը կա: Եթե սա Հայաստանի բարձրագույն պետական ատյանի բաց և հանրային քննարկման ժամանակ են ոմանք իրենց թույլ տալիս, ուրեմն` ինչեր են կատարվում, օրինակ, փակ հաստատություններում։ Ուրեմն` ինչքան անելիք ունենք այս մշակույթն արմատախիլ անելու ուղղությամբ օրենքների և ոչ միայն օրենքների միջոցով։

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ

Դրսերում խոսում ենք կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ոստիկանության կարողությունների մեծացման մասին: Պարզվում է` պետք է նախ սկսենք գողական արժեքներից Ազգային ժողովը մաքրելով:

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Արման Բաբաջանյան, ԱԺ պատգամավոր

Ակնկալում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի արձագանքը, կարծում եմ` Գևորգ Պետրոսյանը չի ներկայացնում այս պահին այդ կուսակցության և իրենց խմբակցության հավաքական դիրքորոշումը: Ես հեռու եմ ԱԺ դահլիճը քրեական ռազբորկայի վայր դարձնելու մղումներից:

Գևորգ Պետրոսյան, ԲՀԿ-ական պատգամավոր

Գևորգ Պետրոսյան, ԲՀԿ-ական պատգամավոր

Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետև վիրավորանքի համար պիտի լինի հասցեատեր: Ես չգիտեմ` ինչու ընդեղ որոշ մարդիկ իրանց համարեցին հասցեատեր, բայց ես որևէ մեկին որևէ անձնական վիրավորանք չեմ հասցրել, ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի նաև այլ անհրաժեշտ ուղղություններով... Պատգամավորն ունի խոսքի ազատության իրավունք և որևէ մեկն իրավունք չունի պատգամավորին իր խոսքի ազատության համար հետապնդել...

17095 | 0