Հանրությունը քննարկում է Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը
Ինչպես արդեն հայտնել էինք, Պենտագոնը հայտարարել էր, որ Իրանը մեկ տասնյակից ավելի հրթիռ է արձակել Իրաքում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ամերիկյան ռազմաբազային հասցված հրթիռային հարվածի հետևանքով զոհվել էր 80 մարդ: Twitter-ի իր էջում գրառում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նշելով` «ամեն ինչ կարգին է», իսկ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ «Իրանն օգտվել է ՄԱԿ-ի 51-րդ հոդվածի համաձայն սահմանված ինքնապաշտպանության իրավունքից։ Իրանը չի փնտրում պատերազմ և չի ցանկանում, որ լինի վիճակի լարում, սակայն պաշտպանվելու է ցանկացած ագրեսիայի դեպքում»: |
Ռուբիկ Ղահրաման Մոնասյան, «Իրանահայեր» կայքի գլխավոր խմբագիր
Լայնածավալ պատերազմի գնալու նշաններ այս պահի դրությամբ չկան։ Կասկածից վեր էր, որ Իրանը պատասխան հարված էր հասցնելու ԱՄՆ-ին և Զարիֆի գրառման տողատակում կարդացվում է, թե բավարարվելու են այս հարվածով, սակայն պարզ չէ, թե ինչքանով է Զարիֆի տեսակետը հաշվի առնվելու ներկա իրավիճակում։ |
Սուրեն Սարգսյան, միջազգայնագետ
Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես կանխատեսել էի... Ասել էի, որ գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանն Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ, բնականաբար, չեն լինի: Իրանը պատասխան հարված կհասցնի: Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն: Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են: Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն: Լավ կանխատեսում չունեմ... |
Ահարոն Վարդանյան, իրանագետ
Այս ամենը հաշվի առնելով՝ հայկական կողմը պետք է շատ զգույշ լինի, զգույշ լինելով հանդերձ՝ վարի նախաձեռնողական քաղաքականություն, խորհրդակցություններ ունենա տարածաշրջանային երկրների հետ տարբեր մակարդակներով, տարբեր ձևաչափերով և կարողանա ստեղծված իրավիճակից ելք գտնել: |
Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու
ԱՄՆ-Իրան կոնֆլիկտում մեր համար ամենակարևոր խնդիրը չեզոքություն պահպանելն է, սեփական սահմաններն առավելապես անվտանգ պահելը և հնարավորինս «դռբի տակ» չընկնելը: Բոլոր գործողություններն ու հայտարարությունները պետք է լինեն հենց այս տրամաբանության մեջ: Մենք շատ խոցելի իրավիճակում կարող ենք հայտնվել ամեն պահի և անկախ մեր ցանկությունից: Իսկ ռեալ որևէ կերպ ազդել զարգացումների վրա չենք կարող, ինչքան էլ սարերից խաղաղության կոչեր չհնչեցնենք: |
Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան
Չի ստացվելու, ապոկալիպսիսը չի ստացվելու, տղերք, իզուր կանխատեսումներով մի զբաղվեք: Երկու կողմում էլ իրականում շատ լուրջ մարդիկ են, սեփական ուժերն ու հնարավորությունները, քաշային կատեգորիան ու հետևանքները գնահատելու ունակ, միաժամանակ ամենածայրահեղ հակադրության և մրցակցության պարագայում անգամ դիմացինի, այսպես ասած, դեմքը պահելու կարևորությունը հասկացող: Տեղի ունեցածը պարունակում ա շատ ավելի խորը շերտեր, քան կարող ա թվալ առաջին հայացքից ու առաջացնել կռիվ-կռիվ բալետ անելու խանդավառություն: |
Կարեն Վերանյան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ
Այն ինչ տեղի է ունենում հիմա Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունում, դասական պրոքսի պատերազմ է, այն է՝ հակամարտող կողմերը բախվում են երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում։ ԱՄՆ-Թեհրան պրոքսի պատերազմն ակտիվ փուլ մտավ արաբական գարնան և սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից։ Այդ տարիների համեմատ, վերջին օրերի զարգացումները խոսում են ուղիղ պրոքսի գործողությունների մասին, այսինքն՝ կողմերն ուղղակիորեն, առանց պրոքսի միջնորդավորված ուժերի կամ խմբավորումների (օրինակ՝ Հեզբոլլահ, քրդեր և այլն), խոցում են միմյանց թիրախները։ Հիշեցնեմ, սակայն, սա նման ուղիղ պրոքսի գործողությունների առաջին դեպքը չէ. դեռ 2019-ի հուլիսին Թեհրանը Պարսից ծոցում ամերիկյան ԱԹՍ խոցեց. եղել են նաև այլ միջադեպեր։ Հ. Գ. Միգուցե սխալվեմ, մնում եմ այն տեսակետին, որ կողմերի միջև լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է, կողմերը թերևս կսահմանափակվեն մի քանի ուղիղ պրոքսի գործողություններով երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում (պաղեստինա-իսրայելական ճակատ, Սաուդյան Արաբիա-հութիներ, քրդեր, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պարսից ծոց), որոնց կհաջորդեն բանակցությունները... Հուսանք` պրոքսի գործողությունները չեն տարածվի հարավկովկասյան ուղղությամբ... Շատ բան կախված է նաև միջազգային հանրության միջնորդական հնարավորություններից... |
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ
Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար: |
Նորայր Նորիկյան, փաստաբան
Մերձավոր Արևելքում բռնկված կրակը կարող է այրել ամբողջ տարածաշրջանը՝ երկար տարիներ պահելով այն ցնցումների մեջ: Հ. Գ. Հայաստանի հարավն ու Արցախը կարող են դառնալ թիրախ: Այս իրավիճակում մենք պարտավոր ենք չափից դուրս զգոն լինել՝ հույսներս դնելով մեր վրա և պատրաստ լինենք ցանկացած զարգացման: |
Արման Մելիքյան, Արցախի նախկին արտգործնախարար
Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները շատ ավելի ընդգրկուն գործընթացի մասն են: Առանց այդ իրողությունը հասկանալու և գնահատելու, հնարավոր չի լինի հասանելի հեռահար նպատակներ ձևակերպել, ինչպես նաև ընտրել այն մարտավարությունը, որը թույլ կտա առաջիկայում լավագույնս ապահովելու մեր անվտանգությունն ու ազգային շահերի արդյունավետ, անկորուստ առաջմղումը: |