Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Զոհրաբ Մնացականյանի` BBC-ին տված հարցազրույցը

շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Զոհրաբ Մնացականյանի` BBC-ին տված հարցազրույցը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց էր տվել BBC-ի լրագրող Սթիվեն Շաքուրին:

Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

BBC-ի հաղորդումը նայեցի ու ցավով արձանագրում եմ, թե ինչպես է բարձր կլասի կադրային դիվանագետն այս 1.5 տարվա ընթացքում վերածվել շարքային «թավշյա» պրոպագանդիստի։


Վստահ եմ` անկախ քաղաքական հայացքներից, շատերս էինք ակնկալում ավելի ուժեղ ելույթ, հատկապես՝ Արցախի մասով։ Ավաղ, այս ժամանակահատվածում ԱԳ նախարարն առավել զբաղվել և հմտացել է խունտայի PR-ի հարցերով, քան երկու հայկական պետությունների շահերից բխող իր անմիջական պարտականություններով:

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան

ՀՀ արտգործնախարար Մնացականյանի՝ BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցը դիտեցի։ Ես Մանացականյանին չեմ ճանաչում, չգիտեմ, թե ով է եղել, չգիտեմ անգամ, թե ինչու և որ որակների շնորհիվ է նա այսօր մեր երկրի արտգործնախարարը, բայց որ հարցազրույցի ընթացքում պարզ ու կանխատեսելի հարցերին համարժեք ու հստակ պատասխանել չկարողացավ՝ հաստատ է։ Եվ սա այն դեպքում, երբ հայկական դիվանագիտությունը տարիների ընթացքում այդ հարցերի պատասխանները մշակել է և ունի։ Ընդամենը պետք էր պատրաստ լինել կանխատեսելի հարցերին ու չմոլորվել։

Սերգեյ Կյուրեղյան, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ

Սերգեյ Կյուրեղյան, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ

Պարոնայք պաշտոնյաններ, դուք ձեզ չեք խղճուկի պես ներկայացնում, այլ մի ամբողջ հայ ժողովրդի, երբ վախենում եք բարձր ասել, որ Արցախը եղել է կա և կլինի Հայաստան։

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ծանր էր նայել: «Ասֆալտ փռեցինք, ծառատունկ արեցինք, փողի ճամպրուկները հետ ուղարկեցինք հարյուրփաստական մակարդակի դատողությունները միախառնվում էին Արցախի ինքնորոշման մասին պնդումից խուսանավելու ու դրա հետևանքով ծուղակներում հայտնվելու խղճուկ տեսարաններով։
Ու ակնհայտ էր, որ նախարարը կաշկանդված է, կաշկանդված է ուրիշի կարծիքով, խոսում է բաներ, որ իրենը չեն ու իր համար էլ են խորթ։ Միʹ արեք սենց բաներ, տղերք, միʹ կեղծեք ձեզ, BBC տաղավար մի գնացեք ու ծեծ միʹ կերեք։ Գրեք դուրս եկեք, նախարար միʹ եղեք, բայց ձեր, իրականում ձեր միտքը տարածեք։ Այդ դեպքում, եթե օգուտ չտաք, վնաս հաստատ չեք տա:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

«Արցախը Հայաստան է և վերջ»-ը պետք է դառնա պետական քաղաքականություն. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ԲԲՍ-ին տված հարցազրույցում հանդես է եկել ՀՀ ազգային շահերին արմատապես հակասող պնդումներով ու դատողություններով, այդ թվում՝ ժխտել է Արցախի հայաստանապատկանությունը։


ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել Արցախի հարցում երկու լարի վրա խաղալու կործանարար վարքագիծը և «Արցախը Հայաստան է և վերջ»-ը դարձնել պետական քաղաքականություն։


Ինչ վերաբերվում է Զոհրաբ Մնացականյանին, ապա նա պետք է բացատրություն ներկայացնի իր ապազգային և հակապետական պնդումների ու դատողությունների համար և հեռացվի զբաղեցրած պաշտոնից:

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

BBC-ին տրված հարցազրույցից հետո Զոհրաբ Մնացականյանը պետք է հրաժարական տա: Անթույլատրելի, ապազգային և ապապետական հայտարարություններ անող և Հայաստանը ոչ մի կերպ պաշտպանել չկարողացող արտգործնախարարը չի կարող ներկայացնել Հայաստանը:


Սա ամենախայտառակ հարցազրույցն է, որ Հայաստանի որևէ պաշտոնյա երբևէ տվել է որևէ միջազգային կարևոր լրատվամիջոցի:

Կարեն Հովհաննիսյան, քրդագետ, թուրքագետ

Կարեն Հովհաննիսյան, քրդագետ, թուրքագետ

Ինձ մոտ տպավորություն է, որ BBC-ի լրագրողի հարցերը գրել և նրան են փոխանցել Բաքվից...

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Այն, ինչ արեց BBC-ի տաղավարում Զոհրաբ Մնացականյանի հետ հաղորդավար Սթիվեն Սաքուրը, ըստ Հայաստանի վարչապետի բառապաշարի, պատեպատ ծեփել էր... Հատկապես խայտառակություն էին Մնացականյանի պատասխանները կապված Արցախյան հիմնախնդրի և հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցերին... Չեմ ցանկանա դրանց անդրադառնալ, քանի որ ուղղակի ցավ եմ ապրում... Ցավ եմ ապրում նրանից, որ Հայաստանն ունի այսպիսի «այլմոլորակային» արտգործնախարար, որը չի կարող իրեն ուղղված կեղծ փաստարկված հարցերին պատասխանել փաստագրված հակափաստարկներով, հատկապես, երբ պարոն Սաքուրի «փաստերը» կրկնօրինակում էին պաշտոնական Բաքվի տեսակետը, որին հայ դիվանագետները վաղուց ծանոթ են և պետք է պատրաստ լինեն դրանց հակադարձելուն...
Պարոն Մնացականյանը հարցազրույցի կեսից որոշեց ընդամենը պաշտպանվել և որևէ հակափաստարկ չներկայացրեց, իսկ շատ դեպքերում նրա պատասխաններն ադրբեջանամետ էին...
Պարոն Մնացականյանի անատամ, ամորֆ, անձնատու և շատ դեպքերում ինքնազրպարտչական պատասխաններն ուղղակի խղճահարություն էին առաջացնում ունկնդրի մոտ... Այսպիսի արտգործնախարար ունենալը մեծ շռայլություն է Հայաստանի նման երկրի համար... Հայաստանի երրորդ հանրապետության ամենաթույլ և չկայացած ոլորտներից մեկը՝ ԱԳՆ-ն է... Հույս ունեի, որ «ֆանտոմաս» Էդվարդ Նալբանդյանին, որը հայտնի ֆիլմի հերոսի նման գոյություն ուներ, բայց շատ քչերն էին նրան տեսել, այսպես կոչված «Թավշյա» հեղափոխությունից հետո կփոխարինի իրական դիվանագետը, որը բոլոր հարթակներում կկարողանա պաշտպանել Հայաստանի և Արցախի դիրքորոշումները... Սակայն BBC-ին տված հարցազրույցն ապացուցեց, որ «ֆանտոմաս» Նալբանդյանին փոխարինել է «անգլերենի դասատու» Մնացականյանը, որի միակ դրական կողմը՝ անգլերենի իմացությունն է...
Հավելեմ նաև, որ ԱԳՆ-ի համար մեծ խնդիրներ է ստեղծել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախին վերաբերող իր պոպուլիստական հայտարարություններով, որոնք, ինչպես երևում է իրենց «պտուղներն» արդեն տալիս են...
Հ. Գ. Որոշ ժամանակ առաջ հենց մեր իշխանությունների հայտնի շրջանակները ՀՀ ԱԳՆ ղեկավար Մնացականյանին վատ վիճակում գցող BBC-ին էին պատվերներ տալիս՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տեղեկությունները բրիտանական պետական այս լրատվամիջոցով տարածելով...
Ինչպես ասում են՝ գործեց բումերանգի էֆեկտը...

Արթուր Ղազինյան, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար

Արթուր Ղազինյան, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար

Նախարար Մնացականյանի կողմից հարցազրույցի ընթացքում հնչեցված պատասխանների առնչությամբ աղմուկն ինձ համար անհասկանալի է։


Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ արդեն 10 տարի` որպես պրոֆեսիոնալ դիվանագետի, որն ունակ և ի զորու է իր պատասխաններով ցանկացածի «պորտը դնել տեղը»։ Բայց նրան քննադատողները բաց են թողնում մի հույժ կարևոր հանգամանք. Մնացականյանն այդ հարցազրույցին ներկայացնում էր ոչ թե իր անձնական, այլ Հայաստանի այսօրվա իշխանության պաշտոնական դիրքորոշումն Արցախի հակամարտության վերաբերյալ։


Չեմ հավատում, թե նա այլ իրավիճակում և այլ վարչապետի ղեկավարման պայմաններում այդպիսի թերի և վիճահարույց պատասխաններ տար լրագրողի սուր հարցերին։ Արցախի հարցում Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում:

Գայանե Աբրահամյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Գայանե Աբրահամյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Արտաքին գործերի նախարար Զոհաբ Մնացականյանի հարցազրույցի շուրջ ստեղծված նախկինների հիստերիան գուցե օրինաչափ է, քանի որ դատողությունների հիմնական շարժիչ ուժը ոչ թե բանականությունն է, այլ անհատակ զայրույթից, պարտվածի անծայր հուսահատությունից ու ռևանշիստի անհաղթահարելի չարությունից բխող զգացական պոռթկումները...


Իհարկե, տանելի չէ, երբ խոսվում է Հայաստանում ժողովրդավարական ռեֆորմներից, խոսվում է ինքնիշխանության ու լեգիտիմության ամուր դիրքերից, երբ հստակ ասվում է, որ մեր արտաքին քաղաքականության ելակետը բացառապես մեր շահերն են...


6607 | 1