Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Արթուր Վանեցյանի աղմկահարույց հրաժարականն ու դրա շուրջ քննարկումները

երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.
Արթուր Վանեցյանի աղմկահարույց հրաժարականն ու դրա շուրջ քննարկումները

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:

Այս թեման մեկնաբանել են`

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Հետհեղափոխական գործընթացներում առանցքային դերակատորում ունեցած Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը պաշտոնը լքեց եթե չասենք լուռ, ապա չափից ավելի զուսպ, առանց մեկնաբանությունների: Վարչապետը նույնպես ոչինչ չասաց, սակայն պարտավոր են հանրությանը բացատրություններ տալ, սա անձնական հարցերի տիրույթում չէ:

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

Ստեփան Դանիելյան, քաղաքագետ

ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց: Հրաժարականում հստակ ասվում է պատճառների մասին. ԱԱԾ-ն և ոստիկանությունն ինչ-որ առումով «ավանդական» կառույցներ են, որոնք ունեն ներքին չգրված կանոններ և պահելակերպ։ Այդ կառույցում աշխատում են սպաներ, որոնք շատ, թե քիչ, բայց, այնուամենայնիվ, ունեն «սպայի պատվի» հասկացություն։


Վանեցյանը, ըստ էության, ասում է, որ սպային պատվին ոչ հարիր հրահանգներ է ստեցել Փաշինյանից և դա վտանգում է «հայրենիքի հանդեպ պարտքը» և հրապարակային կերպով դրա մասին հայտարարում է։ ԱԱԾ-ի, և ոստիկանության հաջորդ ղեկավարները, ըստ օրենքի, նույնպես պետք է լինեն սպաներ և նրանք նույնպես կարող են հրաժարվել կատարել, ըստ իր խոսքերի, տարերային, հախուռն, առաջնայինը երկրորդականից, անցողիկը մնայունից չտարբերող հրահանգները։


Ի՞նչ պետք է անի Փաշինյանը։ Նա ունի մեկ տարբերակ, այդ պաշտոններում նշանակել սպայի պատվով չծանրաբեռնված անձանց և նրան «անսպասելի» կերպով օգնության է հասնում «անկախ» և «ընդդիմադիր» «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ներկայացնում օրինագիծ, որով այդ կառույցների ղեկավարներ դառնում են քաղաքական պաշտոններ։


«Լուսավոր Հայաստանը» Փաշինյանի հետ համատեղ կրում է հետագա զարգացումների պատասխանատվությունը։

Մարինա Խաչատրյան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ

Մարինա Խաչատրյան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ

Ես ուրախ եմ, որ մտածող, հայրենիքի համար սրտացավ ու նվիրյալ մարդիկ հեռանում են մեր հայրենիքը դեպի կործանում տանող խմբակից։


Ես ուրախ եմ, որ հիասթափությունս կարճ տևեց և հուսով եմ` այլևս չի կրկնվի։


Ես ուրախ եմ, որ այս քայլը կբացի մեր շատ հայրենակիցների աչքերը և «կբուժի» զոմբիացումից։


Բայց.... վերադարձ դեպի քրեաօլիգարխիկ համակարգ ես բացառում եմ։ Հասցնենք մեր հեղափոխությունն իր ավարտին։

Արմեն Մինասյան, քաղաքագետ

Արմեն Մինասյան, քաղաքագետ

Եկեք անկեղծ լինենք։ Արթուր Վանեցյանը միակն էր գործող իշխանության մեջ, ով ուներ Նիկոլ Փաշինյանի անվան հետ չփոխկապակցված բարձր վարկանիշ։


Եվ եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մնում է բարձր, իսկ վստահությունը շեշտակի ընկնում է, Արթուր Վանեցյանի դեպքում բարձր վարկանիշն ուղեկցվում էր հանրային ու ներիշխանական վստահության բարձր մակարդակով։ Ու նրա հրաժարականն ու ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար։


Արմեն Դուլյան, լրագրող

Արմեն Դուլյան, լրագրող

Ամենատխուրը... Վանեցյանի հրաժարականի ամենատխուր պահն այն է, որ որևէ մեկը չի ասում՝ լավ, բայց ինչի՞ համար... Բոլոր իշխանությունների օրոք նույնն էր, և ուրեմն ցավով պիտի փաստենք՝ գոնե, այս առումով հեղափոխությունից հետո բացարձակ ոչինչ չի փոխվել...

Արա Վարդանյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն

Արա Վարդանյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն

Ամեն ինչ իր չափն ունի։ Ինձ համար ամենասկզբից էլ պարզ էր, որ Վանեցյանի պես պրոֆեսիոնալը երկար չի կարողանա աշխատել։ Իշխանափոխությունից հետո, նա մի քանի ամիս կարծես թե նույնպես ստիպված ենթարկվեց էյֆորիայի պայմաններին, բայց շատ արագ գիտակցեց այդ ճանապարհի անհեռատեսությունը։ Այդ աշխատելավոճն ակնհայտորեն ձեռք չտվեց իշխանություններին և արդյունքում Վանեցյանն արեց այն ինչ պետք է անի իրեն հարգող, ուսադիր կրող ցանկացած սպա։ Այս հրաժարականն ապացուցում է մեկ պարզ իրողություն՝ Հայաստանում տիրում է զանգովի արդարադատություն, որին պարոն Վանեցյանն այսօր մերժեց։
Ակնհայտ է դառնում նաև այն փաստը, որ նորանշանակ ԱԱԾ տնօրենն առաջին իսկ օրվանից անցնելու է մարդ բռնելու «սուրբ» գործին։ Իրոք, ցավում եմ, որ բոլորս նման բեսպրեդելի ականատեսն ենք և հույս հայտնում, որ այն շուտով կավարտվի:

Բաբկեն Հարությունյան, «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող

Բաբկեն Հարությունյան, «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող

Արթուր Վանեցյանի հրաժարականն ԱԱԾ պետի պաշտոնից, ընդ որում Նիկոլի գործունեությունը գնահատելով՝ տարերային, հախուռն, առաջնայինը երկրորդականից և անցողիկը մնայունից չտարբերող գործելաոճ։ Սրանով Վանեցյանը ոչ միայն ամրապնդեց հասարակական այն կարծիքը, որը ժամ առ ժամ խորանում է Փաշինյանի իշխանության մասին, այլև՝ ցույց տվեց իր սկզբունքայնությունն ու հասարակության առջև հաշվետվողականությունը։ Չէ որ ԱԱԾ պետի պաշտոնն զբաղեցնող պաշտոնյան իրավունք չուներ հրաժարական տալ ու սուս ու փուս լքել պաշտոնը։ Մենք արդեն ունեցել ենք նախադեպեր, երբ մեկ-երկու առավել ցածր պաշտոններ զբաղեցնող անձինք հրաժարական են տվել՝ իրենց հրապարակային անհամաձայնությունն հայտնելով Նիկոլի վարած կործանարար քաղաքականությանը։ Սա դեռևս ամենաբարձր մակարդակով տրված առաջին անհամաձայնության հրաժարականն էր, բայց ոչ վերջինը՝ իշխանության մեջ դեռևս բարձր վարկանիշ ունեցող հաշված պաշտոնյաներից։ Առաջիկայում էլ հրաժարականների շքերթը շարունակվելու է, մինչև Նիկոլը միայնակ մնա իր տեսակի հետ։
Վանեցյանը տվեց Փաշինյանի իշխանազրկման լուրջ մեկնարկը, սպասենք սորոսականների ակտիվացմանը՝ Նիկոլի համար տխուր հետևանքներով հանդերձ:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների ընթացքում ԱԱԾ-ի տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ: Մենք քննարկել ենք պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ և այդ սցենարները կքննարկվեն հընթացս: Այս պահին, կարծում եմ` պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր, ազգային և պետական խնդրի լուծման վրա:

15744 | 0