Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը

երկուշաբթի, 09 սեպտեմբերի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը

Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրո-2020 ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց՝ 4։2 հաշվով։ Խաղից հետո համացանցում բազմաթիվ կարծիքներ են հնչում՝ հաղթանակի վերաբերյալ։

Այս թեման մեկնաբանել են`

Էրիկ Վարդանյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Էրիկ Վարդանյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Տպավորությունները շատ լավն են։ Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի այս հաղթանակին: Բոսնիան շատ հզոր հավաքական է, բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի՝ «Ռոմա»-ից, «Յուվենթուս»-ից, «Արսենալ»-ից: Մեր հավաքականը շատ լավ խաղաց ու արժանի էր հաղթանակի:

Էդին Ջեկո, Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստ

Էդին Ջեկո, Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստ

Խաղի հաշիվը կարող էր այլ լինել: Ակնհայտ է, որ իմ հանդեպ խախտում կար և պետք է 11-մետրանոց նշանակվեր։ Ամեն դեպքում, մրցավարը մեղավոր չէ, որ պարտվեցինք հայերին:


Հենց սկզբից մեր խաղը չէինք գտնում: Ստացանք այն, ինչի արժանի էինք։

Հովհաննես Համբարձումյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Հովհաննես Համբարձումյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Շնորհավորում եմ բոլորին։ Շնորհակալ եմ երկրպագուներին, բոլորին՝ մեր կողքին լինելու համար: Արեցինք ամեն ինչ, խաղում էինք հաղթանակի համար, հասանք մեր նպատակին: Այս հաղթանակը կարևոր էր պայքարի մեջ մնալու համար: Շնորհավորում եմ հայ ազգին: Բոսնիայի հավաքականը բարձր մակարդակի հավաքական է, բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի: Կարծում եմ` մենք այսօր անակնկալի բերեցինք նրանց մեր համարձակ խաղով ու բարձր պրեսինգով։ Կարծում եմ` չէին սպասում մեզանից նման խաղ:

Արամ Հայրապետյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Արամ Հայրապետյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Նախ ուզում եմ ասել՝ երբ մարդիկ մեզ հավատում են, դա ամենակարևորն է: Ուղղակի շատ են քննադատները։ Կցանկանայի, որ միշտ հավատան մեզ: Ամենակարևորը՝ ես խաղում եմ ազգի համար, բոլորս խաղում ենք ազգի համար: Ուրիշ ոչ մի բանի դիմաց։ Ինչ վերաբերում է խաղին․ շատ դժվար է խաղալ Պյանիչի դեմ, հատկապես, Հայաստանի առաջնությունից հետո: Ազնիվ խոսք․․․ նրա հարվածները․․․ ինչ թաքցնեմ․․․ Ինչ կարող եմ՝ անում եմ։ Ինչ կարող ենք՝ անում ենք: Հուզված եմ: Շնորհավորում եմ բոլորին:

Վարազդատ Հարոյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Վարազդատ Հարոյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Բարձր տրամադրություն է, շատ լավ տպավորություններ են: Չեմ կարող ասել, որ կոնկրետ ինչ-որ բանի հաշվին հաղթեցինք: Երկու թիմն էլ շատ լավ ֆուտբոլ էր խաղում: Մենք մեր պահերը կարողացանք օգտագործել ու ճիշտ ֆուտբոլ խաղացինք, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք: Չեմ կարող ասել, թե մրցակիցը վատ խաղաց կամ վատ թիմ էր, ուղղակի այսօր ուժեղ էինք, ավելի լավ էինք տրամադրված և ստացվեց: Ուրախ ենք, որ կարողացանք երջանկացնել մեր երկրպագուներին, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Առջևում 4 հանդիպում ունենք: Հոկտեմբերին կայանալիք խաղերն ամենաորոշիչն են լինելու:

Արմեն Գյուլբուդաղյանց, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանց, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Շատ ուրախ եմ, որ տղաների մեծ աշխատանքը, նվիրվածությունը, ցանկությունը, համախբվածությունը, հույսը չկորավ։ Բոլորիս ցանկությունը կատարվեց։ Տղաները հանդերձարանում էլ մեկը մյուսին ոգևորում էին, ասում էին, որ այսպիսի խաղերում պետք է իրենք իրենց բնավորությունը ցույց տան: Ու ստացվեց: Տղաներն անմնացորդ նվիրվեցին, ամեն ինչ արեցին և հաղթեցին։ Ֆուտբոլում պետք է կարողանաս գնահատել իրավիճակը։ Հունաստանում էլ մենք հաղթեցինք երկրորդ խաղակեսում։ Տղաները պետք է ցույց տան իրենց բնավորությունը։ Հենրիխ Մխիթարյանն իսկապես առաջատարի պես տարավ թիմն իր հետևից: Մեծ ծավալի, սևագործ աշխատանք տարավ: Անգամ այն տղաները, ովքեր չխաղացին, բոլորի էներգետիկան օգնեց, որ տանենք այս հաղթանակը: Իտալիայի հետ խաղում Արամ Հայրապետյանն արդեն լրացրել էր խաղային պրակտիկայի բացը: Ես Արամին հավատում եմ: Ապրի Արամը, եթե այսօր չփրկեր, չէինք կարողանա հաղթել: Կամո Հովհաննիսյանը մարտիկ է, ինչ ցավ էլ ունենա, ասում է, որ չի ցավում:

Արտակ Գրիգորյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Արտակ Գրիգորյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Տրամադրությունը շատ բարձր է, հուսով եմ՝ բոլորին դուր եկավ մեր խաղը: Ցավում եմ Իտալիայից կրած պարտության համար, բայց այսօր մենք ապացուցեցինք, որ արժանի էինք հաղթանակի:

Ռոբերտ Պրոսինեչկի, Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ռոբերտ Պրոսինեչկի, Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ

Նախ ուզում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին՝ արժանի հաղթանակի կապակցությամբ: Մենք էլ հնարավորություններ ունեինք, որոնք չօգտագործեցինք: Իհարկե, ակնկալում էի այսպիսի խաղ։ 2։2 հաշվի ժամանակ, երբ գցեցին Ջեկոյին, 11-մետրանոց կար հավանաբար: Բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ: Հայաստանի հավաքականն արժանի հաղթանակ տարավ: Հայաստանի հավաքականի համար այս հաղթանակից հետո էլ, միևնույնն է, բարդ կլինի, քանի որ Իտալիան ու Ֆինլանդիան բավականին առաջ են միավորներով:

Սարգիս Ադամյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Շատ լավ խաղ էր, երկրորդ խաղակեսում շատ լավ սկսեցինք, գոլ խփեցինք, բայց հետո կրկին բաց թողեցինք: Դրանից հետո հավաքվեցինք ու ամեն ինչ արեցինք, որ հաղթանակը Հայաստանում մնա: Գիտեինք, որ ուժեղ հավաքական է Բոսնիան, բայց մենք այսօր շատ լավ խաղացինք ու հաղթեցինք:

Գևորգ Ղազարյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Գևորգ Ղազարյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Տպավորությունները բոլորդ տեսաք, բոլորը շատ ուրախ են՝ ինչպես երկրպագուներն, այնպես էլ մենք: Ուրախալի էր արդյունքը, քանի որ ամեն ինչ արեցինք դրա համար: Անկեղծ ասած ինձ հետաքրքիչ չէ խոսել Բոսնիայի մասին. այս խաղում արդյունք էր պետք: Արժանի հաղթանակ տարանք, մի քանի անգամ բախտը մեզ ժպտաց, բայց մեծ նվիրում ցույց տվեցինք այս արդյունքի համար։

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Իտալիայից հետո ամբողջ համացանցը Կամո էր, Բոսնիայից հետո՝ Հենո: Մինչդեռ պետք ա նկատել Կամոյի տակտիկական հնարքը, որ մեծ դեր ունեցավ հաղթանակի համար: Բոսնիայի հավաքականը ամբողջ խաղին լարված սպասում էր, որ Կամո հեսա վազելու ա: Իսկ Կամոն չէր վազում, ու ամբողջ խաղը տենց էլ չվազեց, մրցակցին խուճապի մատնելով չվազելով, որովհետև բոսնիացիք մտածում էին՝ էս հայերն ինչ են մտածել, էս Կամոն ինչի չի վազում, էստեղ մի բան կա հաստատ: Իսկ էդ նյարդային վիճակում խաղալը հեշտ չի: Երկու անգամ շատ արագ հավասարացրին հաշիվը, բայց մեկ ա Բոսնիայի ուշքն ու միտքը Կամոն էր, էնքան, որ երրորդ գոլից հետո երևի որոշեցին էլ հաշիվը չհավասարեցնել, մտածեցին կարող ա հայերը ըդտե՞ղ են ուզում իրանց գցած լինեն։ Էնպես որ մենակ Կամոյի վազելով չի, Կամոյի չվազելովել ա։

Կամո Հովհաննիսյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Կամո Հովհաննիսյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Կարևորը հաղթել ենք, սխալներ եղան, բայց լավ պահերն ավելի շատ էին։ Սպասելիքներ ունեինք մեզնից, և դրանք իրականացան։ Խաղի վերջում փոքրիկ վնասվածք ստացա և որոշեցի թիմին հուսախաբ չանել ու փոխարինում խնդրեցի։ Եթե ուրիշ խաղ լիներ, ապա կմնայի խաղադաշտում, բայց չէի ուզում կիսատ խաղ անցկացնել:

Զոհրապ Եգանյան, ՀՖՖ նախագահի խորհրդական

Զոհրապ Եգանյան, ՀՖՖ նախագահի խորհրդական

Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, ով հրաշալի արդյունքներ է ցույց տալիս․ չորս խաղ անընդմեջ ու իր գլխավորությամբ մեր թիմը ռեալ շանս է ստացել դուրս գալու խմբային փուլից: Մեր մարզիչն այն մարդկանցից է, ով չի սիրում շատ երևալ, չի սիրում, երբ ինքն է հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ միակ բանը որ սիրում է՝ թիմին հաղթանակների տանելն է: Միայն տեսնեք, թե ինչ վիճակում է նա, երբ թիմը վատ է խաղում, կամ ինչ վիճակում է, երբ մերոնք հաղթում են:


Գյուլբուդաղյանցին շատ են քննադատում ու դա նորմալ է, բայց, ի պատիվ իրեն, այդ քննադատությունները երբեք չանձնավորեց ու ամեն քննադատությունից քաղեց իր համար օգտակարը: Առիթը եկել է՝ ասեմ. մեր հավաքականի կորիզը հանդիսացող ֆուտբոլիստների ֆուտբոլային կնքահայրը հենց նա է։ Նա է մարզել նրանց մեծ մասին մանկապատանեկան տարիքում ու դարձրել լուրջ ֆուտբոլիստ։ Հենց Գյուլբուդաղյանցն է այն մարդը, ով հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մեծ մասի հնարավորությունների մասին գիտի ամեն ինչ, նույնիսկ ավելին, քան ֆուտբոլիստները: Տղեքը նրան հարգում են և նույնիսկ երբ ուժերն սպառվում են, ուժերից վեր քայլ կատարելիս անում են դա նաև իրենց մարզչի համար:


Սրանք փաստեր են, որոնց մասին երբեք չի խոսվել ու իրականում շատ դժվար է վիճակը բառերով նկարագրել: Իհարկե կարելի է անվերջ պնդել, որ պետք է ունենալ այլ մարզիչ, իհարկե կարելի է, կարելի է ունենալ նաև այլ խաղացող, այլ լրագրող, ֆեդերացիայի այլ աշխատակից, ամեն ինչ էլ կարելի է, բայց եկեք հիմա ու այս պահին հավատանք մեր թիմին, մեր մարզչին, ես հավատում եմ Գյուլբուդաղյանցին:
Ի դեպ՝ շատ հուզիչ էր, երբ երեկ մերոնց հերթական գոլից հետո տեսախցիկները ֆիքսել են Գյուլբուդաղյանցի շուրթերի շարժումները ու հասկացվում է հետևյալ արտահայտությունը. «Այ մեռնեմ ձեզ»: Առաջ:

| | |
1477 | 0
COMMENT.am