Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 20 օգոստոսի, 2019 թ.

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է «Սանիթեք»-ի մամուլի ասուլիսը

ուրբաթ, 02 օգոստոսի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է «Սանիթեք»-ի մամուլի ասուլիսը

Ինչպես արդեն հայտնել էինք, «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները մամուլի ասուլիս էին տվել:

Այս թեման մեկնաբանել են`

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ցավով եմ ասում` այս այսպիսի անազնիվ ընկերությանը պետք կամաց-կամաց հրաժեշտ տալ։ Ես ինքս կնախընտրեի, որ մի քանի օպերատորներ լինեին դաշտում։ Բայց այս ընկերությունն այլևս ձեռք է բերել անհուսալի օպերատորի ու շ անբարեխիճ ներդրողի համբավ։ Ինքս պատրաստ եմ մի փոքր էլ դիմանալ աղբին, միայն թե կազմավորվի ու գործի այն ընկերությունը, որից կարող ենք պահանջել։

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Ինչպես թե, ներկա պայմանագրով հնարավոր չէ, բա դա նոր հիշեցի՞ք։ Ձեռք է առնո՞ւմ։ Անպայման քրեական գործը պետք է շարունակել, ակնհայտ է, որ տեղի ունի լուրջ կոռուպցիոն համաձայնություններ, որոնք այլևս չեն գործում։

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Սանիթեք»-ի այսօրվա տխմար ասուլիսը, այնուամենայնիվ, հայ քաղաքական իսթեբլիշմենթ ներմուծեց «քաղաքականացված աղբ» եզրույթը։ Իհարկե, «Սանիթեք»-ի գուրուների «պարզաբանումներից» այդպես էլ չհասկացանք՝ իրենք Երևանի աղբը չեն հավաքում, քանզի ենթարկվում են քաղաքական հետապնդմա՞ն, թե՞ քանի որ «Սանիթեք»-ի սեփականատերը, փաստորեն, այլևս քաղաքական դեսիդենտ է, Երևանն աղբի մեջ պահելու ակցիան «Սանիթեք»-ի քաղաքական ապտակն է քաղաքապետ Մարությանին։ Անկեղծ ասած՝ ինձ, որպես Երևանի բնակիչ, առանձնապես չեն հետաքրքրում «քաղաքական հալածյալ» «Սանիթեք»-ի և քաղաքապետարանի միջանձնային և մերձանձնային հարաբերությունները։ Երևանցին անգամ չպիտի էլ իմանար՝ ո՞վ է իրականացնում քաղաքի աղբահանությունը՝ «Սանիթե՞քը», թե Ալֆրեդը։
Երևանի ավագանու ընտրություններում երևանցին «ուռա» գոռալով ընտրեց կոնկրետ քաղաքական ուժի, որն էլ պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը։
Ի վերջո, «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերություններ պարզելը դարի գործարքը չէ, որը ոչ մի կերպ չի լուծվում։
Ասեմ, որ շատ բան պետք չէ անել՝ ընդամենը գրագետ մենեջմենթ ու Երևանը դանդաղ և սահուն դուրս կգա աղբի տակից։
Ինչ վերաբերում է «քաղհալածյալ» «Սանիթեքին», մի պարապ օր նոր «Արխիպելագ Գուլագ» կգրեմ «քաղաքական այդ աննախադեպ հալածանքների մասին»։

Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Գրիգոր Երիցյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Այսօր «Սանիթեք»-ը վերջնականապես ապացուցեց, որ Երևանի բնակիչների նկատմամաբ ունի զրո հարգանք, ճիշտ այնպես, ինչպես այդ ընկերությունն անհայտ պայմաններով Երևան բերած Տարոն Մարգարյանը։ Քաղաքն ամիսներ շարունակ աղբի մեջ խեղդելուց և Երևան համայնքի բյուջեին ասյքան վնաս պատճառելուց հետո հայտարարում են, թե պատրաստ են կոնսենսուսի գնալ Երևանի քաղաքապետարանի հետ, եթե վերջինս «Սանիթեք»-ին վերադարձնի մինչ այս գանձած տուգանքները, վերանայի պայմանագրի արժեքը և թույլ տա համատեղ օգտագործել քաղաքապետարանի ձեռք բերած նոր մեքենաները։ Արդյոք երևանցիներին պետք է այսպիսի կոնսենսուս։ Մի կողմից երևանցին հարկ է վճարում մի ծառայության դիմաց, որը, փաստացիորեն, «Սանիթեք»-ը չի մատուցում, մյուս կողմից էլ պետք է իր հարկերով գնված մեքենաները տրամադրի այդ ընկերությանը, վերադարձնի տուգանքներն ու սկսի այդ ծառայության համար ավել գին վճարել։ Կամ «Սանիթեք»-ը մեր բնակչությանը էշի տեղ է դնում, կամ էլ չի գիտակցում, որ մեր հանդուրժողականությունը սահմաններ ունի և այսպես շարունակելու դեպքում իրենք, իրենց տնօրենով հանդերձ, կհայտնվեն Նուբարաշենի աղբավայրում` այնտեղ, որտեղ արդեն հայտնվել են իրենց նախկինում հովանավորող պարոնները։

Լուսինե Հարոյան, «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ

Լուսինե Հարոյան, «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ

«Սանիթեք»-ի մամլո ասուլիսի ընթացքում հետաքրքիր փաստեր պարզվեցին, օրինակ, այն, որ քաղաքապետարանը չի կատարել պայմանագրով նախատեսված պարտականություններն այդ ընկերության հանդեպ, բայց, կարծում եմ` քաղաքացիներին ամենաշատը կհուզի այն, որ ողջ ասուլիսի ընթացքում, կարմիր թելի նման, անցնում էր միտքը, թե պետք է վերանայել պայմանագրի բյուջեն` ընդ որում, ըստ «Սանիթեք»-ի, քաղաքապետարանն էլ է դա հասկանում, ուղղակի նրան անհանգստացում է, թե երևանցիները ոնց կվերաբերվեն պայմանագրի արժեքի ավելացմանը: Հասկանո՞ւմ եք, երևանցիներ ջան, մեզ սպասում է աղբահանության վճարների բարձրացում ու դեռ պարզ չէ, թե որքանով, ինչպես նաև, առավել քան համոզված եմ, որ սպասվում է գազի թանկացում, հարկերի բարձրացում, նորանոր հարկերի ավելացում` իրենց բոլոր «ուրախ» հետևանքներով: Քայլիստներ, ես ամեն ինչ հասկանում եմ, օրինակ, որ հնարավոր է, հիմա երևանցիները շատացել են, հարստացել են, շատ են ուտում, ոնց ասում էր ձեզնից մեկը, միգուցե տեխնիկան է փոխվել, միգուցե թանկացումն իրոք անխուսափելի է, բայց եթե դա այդպես էր ու դա արդեն քանի տարի է ակտուալ է, ու դրա մասին դուք, իհարկե, գիտեիք, մինչև իշխանության գալը, ուրեմն դուք ընդամենը դիշովի պոպուլիստներ եք, ուրեմն ի՞նչ իմաստ ունեին ձեր խմբապետի էժանագին «սիրո զեղումները», իբրև թե ՀՀ քաղաքացին հարկվելու ապրանք չէ:

Արման Աբովյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Արման Աբովյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Գժվելու բան. առավել զավեշտալի և անիմաստ ասուլիս չէի լսել. «Սանիթեք» ընկերությունը պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում... Բրավո... Իսկ այն, որ քաղաքը խոլերայի բուն է դարձել՝ աղբային բլուրներով, այն, որ քաղաքը խեղդվում է գարշահոտությունից, այն, որ «Սանիթեք»-ը դարձել է քաղաքացու աչքի փուշը, դա ինչպե՞ս բնութագրել: Ի՞նչ կապ ունի քաղաքական հետապնդումները պայմանագրային պարտավորությունների չիրականացման հետ: Կոչ եմ անում՝ սթափվել և անցնել պարտավորությունների իրականացմանը:

Հովսեփ Կուբատյան, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ

Հովսեփ Կուբատյան, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ

«Սանիթեք»-ի աղբամանները պետք է լինեին մետաղական. «Սանիթեք»-ն այսօրվա ասուլիսին ինչ-որ տեսանյութ էր ցույց տալիս, թե ինչպես են այրում աղբամանը։ Ի սկզբանե այս ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և բողոքում է, որ աղբամաններն այրում են կամ շուտ են փչանում։

Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ

Հայկ Մարության, Երևանի քաղաքապետ

Հենց սկզբից իմ գերխնդիրը եղել է այն, որ Երևանը լինի մաքուր, ու ես իրենց ասացի՝ եթե կարողանում եք, աշխատեք ձեր պայմանագրի ներքո: Ասացին՝ կներեք, մենք շատ վատ ֆինանսական վիճակում ենք, մահացած ընկերություն ենք, խնդիրներ ունենք: Այն շարժակազմը, աղբամանների քանակը, որ իրենք ունեն, չեն կարող աշխատանք ապահովել., չեմ կարող ասել՝ դա հատուկ է արված, թե ոչ, պայմանավորված է եղել նախկին իշխանության հետ, թե ոչ... Մինչև պայմանագիրը ստորագրելը, չեք տեսե՞լ աղբավայրը, տեսել եք, ինչո՞ւ չեք խոսել, չեք տեսե՞լ աղբի քանակը, իհարկե տեսել եք, ստեղ երկու տարբերակ կա՝ կամ պրոֆեսիոնալ չեն, կամ էն պայմանները որ տեսնում ենք թղթի վրա, ու էն պայմանները, որ իրականում պետք է լինեին, իրար հետ չեն համընկնում... Բոլորս ամեն օր դուրս ենք գալիս փողոց ու տեսնում աղբահանության վիճակը, տուգանք ենք նշանակում իրենց, ասում են՝ անհիմն է: Այսինքն, էս իրավիճակի դեպքում իրենց համար տուգանքն անհիմն է... Երևանը չի կարող սպասել. քաղաքը մաքրելու ենք՝ լինի դա Սանիթեքի հետ, թե առանց Սանիթեքի:

| | |
1838 | 0