Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Քննարկումներ

Համացանցը քննարկում է ՀՅԴ-ականների կողմից Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելը

չորեքշաբթի, 05 հունիսի, 2019 թ.
Համացանցը քննարկում է ՀՅԴ-ականների կողմից Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելը

Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ՀԱԿ ակտիվիտս Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել: Ակտիվիստը նշել էր, որ ծեծկռտուքը քաղաքական ենթատեքստ է ունեցել: ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր, որ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկողն ինքն է: Մանուկյանից բացի, ևս տասնյակ ՀՅԴ-ականներ էին ներկայացել ոստիկանություն՝ իրենց վրա վերցնելու ծեծի պատասխանատվությունը:

Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Գրիգորյան, «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար

Հայկ Գրիգորյան, «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար

Մի քանի նկատառում Դաշնակցության արածի մասին՝


1. Դուք պարոնայք, կլանային մտածողությամբ, բանդիտական կամ խուլիգանական խմբակ եք, որի կառուցվածքը, հիերարխիան ու հանցավոր համագործակցության տարրեր պարունակող մյուս հանգամանքները պետք է իրավապահների կողմից քննվեն ու մեղավորները պատժվեն։ Ակնհայտ է, որ մեղայականով ներկայացողները զուտ կատարողներ են, ում ուղեղը լվացել են հայդուկական երգերով խարույկի շուրջ պարելով։ Դաշնակցությունն այս տեսքով անհամատեղելի է ժողովրդավար ու իրավական երկրի հետ։


2. Ակնհայտ է, որ Դաշնակցությունը գաղափարական որևէ արժեք չունի, քանի որ այն լուռ էր, երբ սպանեցին իր գյուղապետ անդամին, երբ սպանեցին Արցախի հերոսների, երբ Քոչարյանն ու Սերժը երկիր էին թալանում, իսկ իրենք դրան հաճույքով մասնակցում էին։ Ի վերջո, ակնհայտ է, որ այս ամենն արվել է Օպերայում Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի կապակցությամբ և ինքնադատաստան է ու խուլիգանություն, ավելին՝ կազմակերպված հանցավոր պլանի մաս։ Կազմակերպչները պետք է բացահայտվեն ու պատժվեն, իսկ կուսակցության գործունեությանը պետք է տրվի իրավական գնահատական, այն միգուցե ոչ թե քաղաքական, այլ խուլիգանական ու ահաբեկչական կառույց է՝ ընդդեմ իր այլախոհների, ինչը ենթադրում է նրա լուծարում։ Սա անհամատեղելի է խոսքի ազատության հետ և ենթակա է ամենախիստ պատժի։ Սա ոչ թե անհատական ծեծ կամ խուլիգանություն է, այլ կազմակերպված խմբի կողմից նախնական համաձայնությամբ քաղաքական այլախոսության ճնշում:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Տանը չէի մի քանի ժամ, և էս ընթացքում պարզվել է՝ դաշնակները հրապարակավ խոստովանել են, որ իրենք տեռորիստ եղել են, տեռորիստ էլ մնացել են։ Մեծ առաջընթաց է։

Արիս Վաղարշակյան, լրագրող

Արիս Վաղարշակյան, լրագրող

Ասում ա` դաշնակ Գեղամ Մանուկյանը որոշել ա գործերը տա ԼԱՎ ՏՂՈւ ինստիտուտ, բայց տարիքի բերումով ու գիտելիքների բացակայության պատճառով կտրվել ա...

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

Մի ամբողջ դաշնակցական զորք է ժամանել ոստիկանություն, նրանց համախմբել է` «Ես եմ ծեծել Վարդան Հարությունյանին» կարգախոսը։ Նախ, նրանց առաջնորդ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքն անձամբ է ծեծել, ապա դա կրկնեցին դաշնակցական հոծ շարքերը։ Բռնությունը դասվեց ազգային արժեքների համակարգում որպես անհրաժեշտություն, տևական ժամանակ բռմության քարոզը հնչում էր եթերով։ Այսպես վրեժխնդիր եղան դաշնակցականները Հրանտ Մարգարյանի համար՝ իրենց օրենքից դուրս դնելով։

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

ՀՅԴ-ի ֆլեշ մոբը՝ ՀԱԿ-ից երիտասարդին ծեծի ենթարկելու պատասխանատվությունն ստանձնելու թեմայով, ավելի լուրջ բանի մասին է, քան պատկերացնել կարելի է: Փաստացի, կուսակցությունը ստանձնում է պատասխանատվություն բռնության համար, ու դա քրեորեն պատժելի է: Դա տեղավորվում է քրեական օրենսգրքի, այլ ոչ թե «հայրական/դաստիարակչական/պատժիչ ապտակի» «կոնցեպտների» տակ: Որքան որ դատապարտելի էր Հրայր Մարգարյանի դեմ հոգեբանական բռնության փաստը, տասնապատիկ դատապարտելի է ՀՅԴ-ի այս պահվածքը: Կարծես թե ավելի քան հարյուրամյա տարիքով կուսակցության իմաստնությունը պետք է բավականացներ, որ հենց իրենք անթույլատրելի համարեին հոգեբանական բռնությանը որևէ այլ կարգի, այդ թվում՝ ֆիզիկական բռնության հակադրումը: Վերջերս ապագա իշխանության առանցք դառնալու հավակնությունը բարձրաձայնած կուսակցությունը պետք է հրաշալի իմանար, որ հետադիմական ուժը չի կարող ապագայի ուժ լինել: Իսկ բռնության դիմող ուժն ամենևին առաջադիմական չէ, ավելին՝ չի կարող համակրելի լինել: Ու բռնության հիմնավորումը տարբեր «սրբազան-ջիհադական» կոնցեպտների տակ որևէ լուրջ մարդու չի համոզելու: Նոր իշխանությունների լեգիտիմությունն ու ձևավորման անվիճելի օրինականությունը այժմ առավել քան բոլորին, այդ թվում՝ ՀՅԴ-ին, պետք է ստիպեին թեկուզև Հրանտ Մարգարյանի դեմ տեղի ունեցածի պատժում հայցել բացառապես օրենքի շրջանակներում, բայց ոչ ինքնադատաստանով: Ու հարց է ծագում՝ արդյո՞ք սեփական բռնությունն արդարացնելու այս «թալիբաջիհադական» հիմնավորումներն օրգանական կապ չունեն վերջին ամսում հակահեղափոխության ձգտող ուժերի՝ բռնության այլ կոչերի հետ, երբ «թասիբով երևանցիներին ու հայաստանցիներին» կոչ էին անում երկրում հաստատել ռազմաքաղաքական դիկտատուրա, բռնության ենթարկել տարբեր փոքրամասնությունների ու իրավապաշտպանների հանդեպ, երկրում ստեղծել ինքնադատաստանների ու բռնության քաոս... Սրանք անհերքելի միտումներ են, որոնք անցած ամսվա ընթացքում արձանագրվել են իմ կողմից ու ուզում եմ հասկանալ՝ ՀՅԴ-ն ստանձնո՞ւմ է պատասխանատվություն, որ ինքն էլ այս գծի մե՞ջ է...

Էդգար Առաքելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր

Էդգար Առաքելյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր

Երբ Դաշնակցությունը նախօրեին հանրահավաք հրավիրեց և դրանով, ըստ էության, ազդարարեց ակտիվ հրապարակային գործունեության փուլի մեկնարկը, անկեղծ ասած` մեծ լավատեսությամբ լցվեցի, որովհետև դրանում իրական հնարավորություն տեսա մեր իշխանության հասցեին նոր, շատ ավելի որակյալ, քան խորհրդարանական ներկայիս ընդդիմության կողմից է, քննադատություն լսելու (ու սրա մասին այս կամ այն ձևակերպմամբ նաև հարցազրույցներումս եմ արտահայտվել): Եվ թեև սպասում էի սուր հռետորաբանության և ցավոտ հարցադրումների, սակայն այդ օրն ավելի շատ ականատես եղա շոուի, ագրեսիվ, հակոտնյա տոնայնության, բազմաթիվ մանիպուլյացիոն հնարքների և անազնիվ մեղադրանքների: Բայց դա էլ նորմալ համարեցի, քանի որ օբյեկտիվորեն դժվար է ընդդիմադիր պայքար մղել այսքան լեգիտիմ, իր քաղաքացիների հետ այսքան բաց ու անկեղծ, այսքան պարկեշտ իշխանության դեմ, որը գրեթե ոչ մի լուրջ առիթ չի տվել իրեն որևէ մահացու մեղքի մեջ մեղադրելու համար: Եվ մեր պատկառելի 130-ամյա կուսակցությունը` իր հսկայական փորձով, պետական կառավարման ոլորտում թրծված բարձր որակավորմամբ կադրերով, Սփյուռքի անփոխարինելի ռեսուրսով, սեփական հայրենիքն անհուն սիրով սիրող նվիրյալ շարքերով, փոխանակ արտախորհրդարանական ազգային, ընկերվարական ընդդիմության առաջամարտիկի դրոշակը բարձր պահելու և երկրի բնակչության բացառիկ մանդատն ստացած իշխանությանն իր` այդ դերակատարմամբ օգնելու, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բազում օբյեկտիվ և սուբյեկտիվ մարտահրավերները, այսօր բառիս բուն իմաստով փողոցային կռվի է բռնվել օրեր առաջ հայ հանրությանը միանգամայն անհայտ, ինչպես այսօր տեղեկացա` «Վտիկ» մականունով հայտնի, մի շարքային ակտիվիստի հետ: Հարգելիներս, ձեր «սպարինգ պարտնյորներն» ախր մենք ենք, այլ ոչ ոմն «Վտիկը», խնդրում եմ վերադարձեք քաղաքակիրթ քաղաքական գործընթացների և բանավեճի դաշտ, տուրք մի՛ տվեք բռնության մշակույթի քարոզչությանն ու տարածմանը: Եթե մենք այս ընթացքում ձեր կարծիքով ինչ-որ բանում թերացել ենք, չենք կանխել ինչ-որ մեկի արտահայտությունները, եկե՛ք նստենք զրուցենք, գտնենք համատեղ լուծումներ իրավական շրջանակներում և կյանքի կոչենք դրանք: Պատրաստ եմ գործընկերներիս հետ ցանկացած ժամանակ ընդունել ՀՅԴ ներկայացուցիչներին ԱԺ-ում` սուրճի սեղանի շուրջ քննարկելու նրանց հուզող հարցերը կամ ինքս այցելել Դաշնակցության գրասենյակ (սուրճն այս դեպքում ցանկալի, բայց ոչ պարտադիր պայման է): Հավաստիացնում եմ, որ երբևէ չենք խուսափել և չենք խուսափելու մեր բաժին պատասխանատվությունից: Սակայն խնդրում եմ նաև հաշվի առեք, որ Հայաստանն իրավական պետություն է: Իրավական պետություն է և վերջ: Այստեղ չեն կարող տեղ գտնել ատելության քարոզը, խուժանությունը, բռնությունն ու ինքնադատաստանը: Ում կողմից էլ դրանք իրականացվեն:

Կարինե Հարությունյան, լրագրող

Կարինե Հարությունյան, լրագրող

Էն որ դաշնակցությունը մտքի ճգնաժամ է ապրում, գիտեինք, բայց որ ճգնաժամը սովի է վերածվել, էսօր տեսանք: Եվ էս՝ խոր և համապարփակ սովը հագեցնելու համար ՀՅԴ-ն գլուխը կորցրած բռունցքներն է գործի դնում: Բա հարյուրքանիամյա (քիչ է մնում ասեմ՝ բազմադարյա) կուսակցությունն աքացի կտա՞: Իշու պես:

| | |
2321 | 0