Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը

Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը՝ ազատ արձակելով նրան դատարանի դահլիճից:

Այս թեման մեկնաբանել են`

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը փոթորիկ է առաջացրել։ Նրա փոքրաթիվ պաշտպաններն ապշել են ուրախությունից, իսկ հազարավորները՝ վրդովմունքից։ Հազարավորները ցանկանում էին ու ցանկանում են տեսնել Քոչարյանին ճաղերի հետևում, անգամ պատժաչափն են նշում՝ ցմահ։ Բայց ի՞նչ է մեզ պետք։ Տեսնել Ռոբերտ Քոչարյանին բանտո՞ւմ, թե՞ տեսնել մարտի 1-ը բացահայտված՝ բազմակողմանի ու լիարժեք։ Այնպես, որ էլ երբեք չկրկնվի։ Ի՞նչ ենք ուզում։ Վրեժ մե՞կ մարդուց, թե՞ իշխանական կամայականությունների, իշխանավորի օրինազանցության, սեփական անձը և սեփական թիմին օրենքից վեր ու օրենքից դուրս դնելու սովորության դատապարտում։ Այնպես, որ այլևս չկրկնվի։ Դեռ հայտին չէ՝ կլինի՞ Քոչարյանը կալանավորի կարգավիճակում, թե՞ ոչ։ Սա ապագան է ցույց տալու։ Այսօր խոսքը խափանման միջոցի մասին է։ Ես միշտ եմ կողմ եղել մեղմ խափանման միջոցներին։ Խափանման միջոցը չպետք է որպես պատիժ դիտարկել։ Սա սխալ մոտեցում է։ Բայց, անկասկած, լինում են ու կան դեպքեր, երբ դատարանը հանցանքի մեջ կասկածվող մարդու նկատմամբ պարտադիր պետք է կիրառի խափանման միջոց կալանավորումը։ Կարո՞ղ էինք արդյոք ակնկալել հայաստանյան դատարանից անաչառ դատավճիռ։ Մի այնպիսի դատավճիռ, որը կարող է և ոմանց չբավարարեր, բայց բոլորն ասեին՝ անկախ ու անաչառ դատարանի կայացրած դատավճիռ է, պետք է ընդունել ի գիտություն և վերջ։ Նման դատարան, ցավոք, չունենք։ Այս գործն էլ մեկ ավելորդ անգամ սա է ապացուցում։ Ըստ էության՝ չունենք արդարադատություն։ Այս դատարաններով ու այս դատավորներով չենք էլ ունենա։ Ոչ մեկ տարուց և ոչ էլ 10 տարուց հետո։ Որովհետև գործող դատավորները տարիներ շարունակ իշխանությունների հլու կամակատարներ են եղել, աշխատել են արդարադատության դեմ ու նրանց անցյալը կաշկանդում է նրանց։ Նրանք անաչառ լինել չեն կարող։ Նրանցից անաչառություն պահանջելը միամտություն է ու ինքնախաբեություն։ Արդարադատության չափորոշիչներին համապատասխանող դատարաններ ունենալու համար նոր իշխանություններն անցած մեկ տարվա ընթացքում իրենց առաջին ու կարևորագույն գործը պետք է համարեին մեկ մարդու պատվերով գրված, մեկ մարդու համար գրված, կեղծ հանրաքվեով ընդունված սահմանադրության վերացումը։ Նոր Սահմանադրությունը (այստեղ այս բառը մեծատառ է գրվում) հնարավորություն պետք է ընձեռեր նոր իշխանություններին ոչ թե դառնալ հնի հլու շարունակողը, այլ սկսել նոր տողից, փոխել եղած վատը։ Բոլոր բնագավառներում, այդ թվում՝ արդարադատության համակարգում։ Հենց սա էլ կկոչվեր հեղափոխություն։ Հեղափոխություն ասելով մարդիկ հենց սա են հասկացել։ Չի արվել և մենք քաղում ենք չարված գործի պտուղները։ Բայց սա հուսահատվելու առիթ չպետք է դառնա։ Ամեն ինչ դեռ առջևում է։ Պետք է հուսանք, որ իշխանությունները նույնպես ասվածի կարևորությունը հասկանում են։ Անցած այս մեկ տարին մեր երազած փոփոխություններն, իհարկե, չի գրանցել։ Բայց պետք է ընդունենք, որ այս մեկ տարին դեպի էլ ավելի մեծ փոփոխություններ տանող ճանապարհ է հարթել ու դուռ է բացել։ Անչափ կարևոր ձեռքբերում ունենք։ Եվ մեկ մարդու խափանման միջոցի ընտրության հարցը չպետք է ստվերի այդ ձեռքբերումը ու մեզ էլ հուսահատության գիրկը նետի:

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ

Հարգելի ժողովուրդ, ակնհայտ է, որ դատական համակարգը խնդիրներ ունի և անցումային արդարադատությունն անհրաժեշտություն է: Վայրկյան անգամ մի կասկածեք թե՛ մեր վճռականության և թե՛ ձեր ուժի վրա: Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկ չի խուսափի արդարադատությունից:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Ուղղակի արձանագրում ենք` Կրեմլը զարմանալիորեն լռում է Քոչարյանի նկատմամբ կալանքի փոփոխման մասին... Ռուսաստանյան մամուլը լայնորեն ներկայացնում է մայիսի 19- ի, 20-ի իրադարձությունները, սակայն որևէ մեկնաբանություն Կրեմլի խոսնակների կողմից դեռևս բացակայում է, չնայած` շատ ակտիվ էին մինչ դատական առաջին նիստը: Չեն ուրախացե՞լ...

Լևոն Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահի որդին

Լևոն Քոչարյան, ՀՀ երկրորդ նախագահի որդին

Հայրս ազատության մեջ է և դա ինձ բավարարում է: Վերջապես կայացվեց արդարացի վճիռ: Արդարությունը հաղթեց:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Թավիշը հանդիսավոր ավարտվեց, տիկնայք և պարոնայք, ԱԺ պատգամավորներին խորհուրդ եմ տալիս այսուհետ խոսել միայն արդարադատության բարեփոխումից կամ դատավորների զտումից կամ սահմանադրության բարեփոխումից կամ անցումային արդարադատությունից կամ լյուստրացիայից կամ արտահանված ակտիվների վերադարձից կամ ապօրինի հարստացածների կապիտալի ազգայնացումից։ Էն մնացած բաները կսպասեն։ Մխիթարական, սոսկական, կրավորական, ջրալի գրառումները, ծիպա՝ դատավորի աչքերն սկզբից էլ ինձ դուր չէին գալիս, հեղափոխությունը շարունակվում է, չհուսահատվեք՝ լավ կլինի, թաղեմ դրանց բոյը… անխնա կերպով լցոնվելու են ամենաանսպասելի և ամենաբազմազան մեկնաբանություններով, որոնցով հիշեցվելու են վերոհիշյալ խնդիրները։ Թափառող կենդանիների, հարկային ճռթիկ, մաքսային զռթիկ փոխելու ու այլ շատ կարևոր օրինագծերը կսպասեն, հիմա ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ օրենքներ և լուծումներ մշակելու ժամանակն է։

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից մեկը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալն էր, որի հեղինակը, չզարմանաք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է... Այո՛, հենց Փաշինյանի գործունեության հետևանքով էր, որ 2008-ից քաղաքական լուսանցքում գտնվող և մինչև 2018-ը բազմաթիվ ելույթների և վերլուծությունների հրապարակման միջոցով քաղաքական դաշտ հետ վերադառնալու ապարդյուն փորձեր արած Ռոբերտ Քոչարյանը կրկին դարձավ քաղաքական դաշտի ակտիվ ֆակտոր... Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնավորության ամենավատ կողմերից մեկը՝ դիմացինին թերագնահատելն է, ինչպես նաև անձնական և իր թիմային շահերը պետական շահերից վեր գնահատելն է, ինչի արդյունքում էլ իշխանության գալուց հետո նա և իր թիմը բազում ձախողումներ են ունեցել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում, որոնցից վերջինն ավելի ցայտուն է և վնասում է Հայաստանի միջազգային վարկանիշը... Պարոն Փաշինյանը, իր անձնական վրեժխնդրությունն առաջ տանելով (մարտի 1-ի 10 զոհերի մասին մշտապես բարձրաձայնումներն ընդամենը պատրվակ են), այս մեկ տարվա մեջ կարողացավ հասարակության կողմից գրեթե մոռացության մատնված ՀՀ երկրորդ նախագահին դարձնել ներքաղաքական և արտաքին քաղաքական կարևորագույն ֆակտորներից մեկը... Ռոբերտ Քոչարյանի հակաքարոզն անելով՝ ձերբակալելով և ազատություն տալով` գործող իշխանությունները թերագնահատեցին նրա հնարավորությունները և ընկան ծուղակի մեջ... Փաշինյանը փորձում էր Քոչարյանի գործը ներկայացնել որպես հասարակ քրեական գործ՝ մոռանալով, որ ընդունի կամ չընդունի, Քոչարյանը քաղաքական գործիչ է, և նա կամ նրա թիմակիցները չէ, որ որոշելու են Քոչարյանը քաղաքական գործիչ է, թե՝ ոչ... Քոչարյանի ձերբակալությունը և դրան հետևած գործընթացները ցույց տվեցին, որ շատերը և հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ նախագահ Վ.Պուտինը, բազմաթիվ մեսիջներով հասկացրեցին ՀՀ իշխանություններին «հեռու մնալ Քոչարյանից», ցույց տալով, որ վերջինիս գործը Մոսկվայում դիտարկում են որպես քաղաքական հետապնդում... Այս ընթացքում դեռ լռում է Եվրոպան և ԱՄՆ-ն և որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ Քոչարյանի գործը որպես խաղաթուղթ, որոշ ժամանակ անց, չի օգտագործվելու վերջիններիս կողմից ՀՀ-ի հետ հարաբերություններում... ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Խաչատուրովի սկանդալային հետկանչից հետո Քոչարյանի գործը երկրորդ խոշոր ձախողումն է Փաշինյանի համար, որն արդեն թունավորում է Հայաստանի թե՛ ներքաղաքական վիճակը, թե՛ Հայաստան-Արցախ հարաբերությունները, թե՛ ազդում արտաքին քաղաքականության վրա...

Զոյա Թադևոսյան, տնտեսագետ

Զոյա Թադևոսյան, տնտեսագետ

Հարգելի իշխանություններ, ԷՐԵԽԵՔ ջան, հասկացե՜ք, եթե Դուք չեք միջամտում դատական գործընթացներին, դա չի նշանակում, որ ամեն ինչ ՊՈւՊՈւՇ Է: Իրավապահ համակարգն ամբողջությամբ գտնվում է նախկինների ազդեցության տակ՝ դատավոր, քննիչ, ոստիկան, բոլորը նրանց հոգեզավակներն են, արյունատար անոթներով միմյանց միահյուսված են: Դուք վստահ եք, որ կաշառքի սովոր, միմիայն անօրինական դատական որոշումներ կայացրածներն այսօր, Ձեր լայվերից ու գրառումներից հետո դարձե՞լ են օրինապաշտ քաղաքացիներ: «Մենք չենք խառնվում դատարանների որոշումների կայացմանը» նշանակում է վստահել քոչվորի ձևավորած դատական համակարգին: Է, ապրե՜ք Դուք, կեցցե՜ք, ԲՐԱՎՈ:

«Սասնա ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր» կուսակցություն

Հայաստանի Հանրապետությունում (Արցախը ներառյալ) իշխանությունը յուրացրած, պետությունը զավթած և այն իր հանցագործությունների գործիքի վերածած հանցավոր համագործակցության՝ 1998-2008 թթ. պարագլուխ Ռոբերտ Քոչարյանն այդ հանցավոր համագործակցության բաղադրիչ դատարանի որոշմամբ ազատվեց կալանքից: Կատարվածը, ցավոք սրտի, սպասելի էր և օրինաչափ: 2018թ. ապրիլ մայիսյան համաժողովրդական ընդվզմամբ ռեժիմը տապալելուց հետո նույն ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին բացառիկ մանդատ տվեց, որը պահանջում էր առաջնորդվել հեղափոխական տրամաբանությամբ և կատարել հեղափոխական քայլեր: Մինչդեռ նրանք սկզբից ևեթ հրաժարվեցին հեղափոխությունից ու առաջնորդվեցին հանցավոր ռեժիմից կառավարումն իրավահաջորդի կարգավիճակով ստանձնելու տրամաբանությամբ և մինչ օրս հետևողականորեն գործում են ռեժիմի կեղծ սահմանադրությամբ, անիրավ օրենքներով և ապազգային քաղաքական կոնսպեկտներով: Մասնավորապես՝ հանցավոր համագործակցությունը, իր կամակատար իրավապահներով ու դատավորներով հանդերձ, պետք է կանգներ անցումային արդարադատության ատյանի առաջ, այլ ոչ թե նրա կազմից ընդամենը մի քանիսը, դրանց թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, մասնակի մեղադրանքներով հանձնվեին իրենց իսկ նշանակած դատավորների հայեցողությանը: Ընդ որում՝ գործընթացների զարգացումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ սխալ արտաքին քաղաքականության պատճառով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, ըստ էության, անկարող են դիմակայելու 5-րդ շարասյան ու նրա կրեմլյան տերերի ճնշումներին և, արտակարգ քայլերով վիճակը փրկելու փոխարեն, փաստացի կուլ են գնում ապազգային ու հանցավոր համակարգին, ինչը հղի է ռևանշի և պետության կազմալուծման վտանգներով:
Ստեղծված բարդ իրավիճակում, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի իշխանությանն աջակցությունը դեռևս այլընտրանք չունի: Սակայն նա, իր հերթին, պարտավոր է շատ արագ սթափվել և, համախմբելով առողջ ուժերին, կտրուկ ու արմատական համարժեք քայլեր կատարել կործանարար ընթացքը կասեցնելու համար: Բոլոր դեպքերում՝ ժողովուրդն է ազգային հեղափոխության պատվիրատուն, շահառուն և իրականացնողը, ուստի, վաղ թե ուշ, ի կատար է ածելու իր կամքը: Մեր և մյուս առողջ ուժերի պարտականությունն է ապահովել ժողովրդի կամքի կատարումը:

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ոսկան Սարգսյան, լրագրող

Պետական ունեցվածքի խոշոր չափերով յուրացման համար ԽՍՀՄ-ում գնդակահարում էին։ Չինաստանում պետական ունեցվածքի խոշոր չափերով յուրացում կատարած պաշտոնյաներին «Կալաշնիկով» ավտոմատից գլխին կրակում են։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը նրա նախագահ պաշտոնավարման 10 տարիներին աղքատ, հազար դարդ ու ցավ ունեցող երկրիս հաշվին դարձավ մեծահարուստ, սակայն նրան դրա համար չեն դատում։ Քրեական գործը քննող խելքը գլխին իրավապահներ չկա՞ն, որ իմանային, թե Ռ․ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի համար խափանման որ միջոցն է համապատասխանում, եթե հարկ չէր նրան կալանավորել, չկալանավորեին, եթե պետք էր, ուրեմն դատարանի վճռով նա չպետք է ազատ չարձակվեր, ո՞ւմ էր պետք այս գռեհիկ, ձրի թատրոնը։ Հայաստանը կրկես մի դարձրեք, փաստացի պատերազմի մեջ ենք, թուրքը սարի հետևն է:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հիմա արդեն Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը կվերաճի հավերժական խուսանավումների՝ վկաները կխուսափեն դատարան գալ, ոմանք կհրաժարվեն իրենց ցուցմունքներից, ոմանք գուցե նույնիսկ մեկնեն երկրից... փաստաթղթեր «կկորչեն»: Վստահ եմ՝ փաստաթղթեր կան, որոնց չի հասել նախաքննական մարմինը, բայց որոնց կարող է հասնել Քոչարյանը: Մարդիկ վախենում են: Ինչպես վախեցավ Առաջին ատյանի դատավորը: Վախենում են, որովհետև հիմա իրենք միայնակ են Քոչարյանի դեմ: Քոչարյանի ազատության բարձրաստիճան երաշխավորները նրա՛ համար են երաշխավորել, ինքնին կասկածելի երաշխավորություն, իսկ վկաների կյանքի և ազատության երաշխավորն ո՞վ է: Միայն չասեք՝ պետությունը կամ իշխանությունը: Առավել ևս՝ չեղած մի բան, որ արդարադատություն անունն է կրում: Չեղած բանը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել առարկայորեն և ֆիզիկապես առկա Քոչարյանի վտանգից:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Ուրեմն լսեք, ժողովուրդ, շատ տհաճ բան կատարվեց, բայց ընդամենը՝ ՇԱՏ ՏՀԱ՛Ճ։ Հասկանում եք, չէ՞, որ սա աշխարհի վերջը չի։ Հասկանում եք, չէ՞, որ մարդակերն էնքան շատ հանցագործություններ է կատարել, որ մեկ է՝ չի պրծնելու արդար պատժից։ Հո չեք մոռացե՞լ, որ Հայաստանի քաղաքացիներն են որոշողը մեր երկրում։ Իսկ մենք ԿԱՆՔ ու ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ։ Ու մենք կհասկացնենք «ռոմանտիկ» իշխանությանը, որ քաղաքականության մեջ առանց պրագմատիզմի ա՛յ էն են դեմ տալիս ռոմանտիկ քթիդ, ինչը որ էսօր դեմ տվեցին։ Չեն հասկանա, կստիպենք, որ հասկանան։ Մարդասպաններն ու թալանչիները պատժվելու են։ Էս էլ դե՛ օր է, կմթնի անց կկենա:

Նիկոլայ Բաղդասարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Նիկոլայ Բաղդասարյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցը փոխելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան: Շատ կուզեի լսել դատավորի հիմնավորումները, թե ինչ ապացույցի հիման վրա է նա որոշել, որ Արկադի Ղուկասյանը Հայաստանի Հանրապետությունում վայելում է վստահություն: Հիշեցնեմ, որ առանց այդ փաստը հաստատված համարելու դատարանի որոշումը չի կարող համարվել օրինական:

Արտակ Գալստյան, դատական փորձագետ

Արտակ Գալստյան, դատական փորձագետ

Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը. այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար, ովքեր փորձում են վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ և որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ: Նախորդ նյութում նշել էի, որ իր կոչով վարչապետն ընդհակառակը վերականգնում է սահմանադրական կարգը, հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունն ազատագրելով և ժողովրդին վերադարձնելով: Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը: Ըստ աղբյուրի` Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ` Վազգեն Ռշտունի՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ, դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել: Վերոնշյալ անձինք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործն ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում սահմանադրական կարգը տապալվել է, թե՞ ոչ: Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ: Վերաքննիչ դատարանը, Վազգեն Ռշտունու գլխավորությամբ, այն հիմքով, որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական դատարանում, մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը: Սահմանադրական դատարանը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետևանքով սահմանադրական կարգը չի տապալվել: Եվ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ սահմանադրական կարգի տապալումից: Նույն աղբյուրը նաև նշել է, որ Քոչարյանը և պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից, ավելին այն քննարկվել է իրենց հետ: Նրանց խաղաքարտերը խառնվել են, երբ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ահազանգել է դավադրության մասին և կոչ արել ժողովրդին հավաքել Նոր Նորքի դատարանի մոտ: Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել` մտավախություն ունենալով, որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից: Այն մասին, որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ, ըստ նույն աղբյուրի, Ռ.Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու, հեռացել է այնտեղից, նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով: Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաև Արդարադատության նախարար Զեյնալյանին: Կարծում եմ` այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու կամ ընդհանրապես դատական համակարգի մասին ավելորդ է: Այն ոչ միայն չկա Հայաստանում, այլ պետք է ազատագրվի և նորն ստեղծվի: Այնպես, որ խորհուրդս վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10%-ը ճիշտ է, ապա մենք գործ ունենք ՀՀ պետության և ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ, այլ ոչ թե արդարադատության հետ և վարչապետը պարտավոր է կանխել և վնասազերծել, իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվեն դավադիրների ողջ շրջանակը: Այնպես, որ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք զարգացումներին:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար ու սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ ՀՀ ժողովրդի ներկայացուցիչ, ով ունի քաղաքական իրավունք՝ խոսել ժողովրդի անունից: ՀՀ ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է սա հիմնավորված՝ բոլորովին ուրիշ խնդրր է, բայց որ չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է՝ չունի գործելու բավարար լեգիտիմություն և որը սպառնալիք է երկրի բնականոն կյանքին, կայությանն ու անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ, բայց, ցավոք, չեմ կարող երաշխավորել, որ համակարգը չի ենթարկվում ստվերային ազդեցությունների՝ նախկին կոռումպացված համակարգի կողմից: Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ անելու ժամանակը:

5932 | 0