Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 17 սեպտեմբերի, 2019 թ.

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը՝ դիմադիրներին և ընդդիմադիրներին

չորեքշաբթի, 15 մայիսի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը՝ դիմադիրներին և ընդդիմադիրներին

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով նախնական դատական նիստը: Դրան զուգահեռ դատարանի մոտ բողոքի ակցիաներ են անցկացնում Քոչարյանի աջակիցներն ու հակաքոչարյանական ակտիստները:

Այս թեման մեկնաբանել են`

Արիս Վաղարշակյան, լրագրող

Արիս Վաղարշակյան, լրագրող

Ռոբը ճիշտ կանի մի կոպեկ չթողի երեխեքին: Միլիարդներ թողես` 50 հոգի բերե՞ն դատարանի բակ: Հասկացանք համակիր չունեք, փողով էլ չեն գալիս, բա լավ, ընկե՞ր էլ չունեք: Մանկության ընկեր` դպրոցի ու համալսարանի: Յանի բանակ էիք ծառայել, ընդեղից էլ մա՞րդ չի մնացել: Թե մեկ երկու անգամ մտել են տուն, տեսել մեղադրյալի նիստուկացն ու էն գլխից ասել` մեր վրա հույս չդնեք: Էդ մի քանի տասնյակն էլ լրիվ կյանք են` անհաղորդ կանգնած, րոպեն մեկ ժամին են նայում ու իրար հարցնում` գործը ե՞րբ ա վերջանում:

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Սա բացառիկ դատավարություն է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում, ավելին, կարծեք թե իր նախադեպը չունի նաև հետխորհրդային տարածքում: Անկախ այս դատավարության ելքից, այն մեր պատմության մեծագույն դատավարությունն է, պատկերավոր ասած` «պետության արժանապատվության և ժողովրդի իշխանության վերականգնման դատավարությունը»: Բազմաթիվ առիթներ ունեցել եմ՝ նշելու, որ այս դատավարությունն իսկական քննություն է լինելու Հայաստանի դատական համակարգի համար, իսկական փորձություն: Անկեղծ ասած` ինքս ոգևորված չեմ Հայաստանի դատական համակարգի կայացվածությամբ ու արդարադատություն իրականացնելու որակով, ավելին, գտնում եմ, որ թեկուզև այս գործով կան բազմաթիվ իրավական խնդիրներ, այդուհանդերձ, ինձ համար, որպես Հայաստանի քաղաքացու, ակնհայտ է մի բան` այս դատավարությունով ես ցանկանում եմ ստանալ այն հարցերի պատասխանը, որ այլևս երբեք որևէ իշխանության մտքով չանցնի սեփական իշխանությունը պահպանելու համար օգտագործել պետության զինված ուժերը, որ այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է կրակել ու սպանել սեփական ժողովրդին, որ այլևս երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է զավթել իշխանությունը, օգտագործել այն՝ իր ու մերձավոր շրջապատի համար բարիքներ ստեղծելու համար ու մնալ անպատիժ, որ այլևս որևէ իշխանություն իր ականջին օղ անի, որ կաշանդված է մարդու իրավունքներով, և մարդը Հայաստանում բարձրագույն արժեք է…

Արմեն Աղայան, քաղաքագետ

Արմեն Աղայան, քաղաքագետ

Անցումային արդարադատությունն ուշացած թեմա է։ Նման գործիք դժվար է կիրառել, երբ ողջ պետական ու քաղաքական համակարգն արդեն լիգիտիմ ես հայտարարել։ Այն տեղին կլիներ, եթե ամենասկզբից, օրինակ, ՀՀԿ-ն ու նրա որոշ արբանյակներ հանցագործ կառույցներ հայտարարվեին, այլ ոչ թե մասնակցեին ընտրություններին, քաղաքական ոստիկանությունը՝ ԱԱԾ-ն, լուծարվեր, այլ ոչ թե դառնար սուպերգերատեսչություն, կեղծիքով ընդունված սահմանադրությունը հայտարարվեր ուժը կորցրած, արագ պատրաստվեր ժամանակավորն ու դրա հիման վրա ձևավորվեին ավելի ներառական ազգային իշխանության մարմիններ, երկրի թալանին մասնակցած օլիգարխները և նրանց ունեցվածքն անմիջապես կալանքի տակ առնվեին, այլ ոչ թե հայտարարվեին բիզնեսմեններ։ Իսկ հիմա, էլ ինչ անցումային արդարադատություն, եթե Քոչարյանը դատվում է ընդամենը մեկ գաղտնի հրամանի համար, իսկ Սերժիկն Ստեփանակերտում խաղեր է տալիս։ Անցումային արդարադատությունն ուշացած թեմա է, սակայն, միայն այս կառավարության համար։ Գուցե դեռ ուշ չէ ու վաղը կարող ենք ունենալ իսկապես հեղափոխական կառավարություն, որը ժամանակին կկարևորի ու կկիրառի անցումային արդարադտության սկզբունքները:

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Մարտի 1-ի կամ Քոչարյանի և մյուսների դատավարությունն անշուշտ շատ կարևոր է: Բոլորս ուշադիր հետևում ենք դրա ընթացքին և բացահայտումներին: Սակայն, երկու օրերի մամուլն ուսումնասիրելով, հասկանում եմ, որ այս դատավարության և դրա լայն լուսաբանման արդյունքում հանրային ուշադրությունը կմսխվի միայն դրանով և երկիրն առաջ տանելու, տնտեսությունն ու քաղաքական համակարգն առողջացնելու օրակարգերը կմղվեն երկրորդական պլան: Իմ հաշվարկներով այս դատավարությունը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ որոշ մասնագետներ անգամ ավելի երկար են կանխատեսում, բայց արդյո՞ք մենք այնքան հարուստ երկիր ենք, որ ամբողջ երկրի ռեսուրսը, հանրային ուշադրությունը սևեռենք այդ դատավարության վրա և առաջ նայելու ոʹչ ժամանակ ոʹչ էլ էներգիա ունենանք: Կարծում եմ՝ պետք է մտածենք այս մասին և այնպես անենք, որ երկրի կարևոր առաջնահերթությունները՝ տնտեսության զարգացումը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքական համակարգի առողջացումը երկրորդ պլան չմղվեն: Մենք տեղում կանգնելու կամ դանդաղ շտապելու ժամանակ չունենք, քանի որ մեր քաղաքացիներն ակնկալում են մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում իրենց կյանքի որակի բարձրացում:

Արսեն Բաբայան, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ

Արսեն Բաբայան, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ

Երեկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանում, իսկ այսօր արդեն նույն վայրում զուգահեռ հավաքվել են այլ մարդիկ, որոնք իրենց համարում են հակառակ կողմ: Փողոցը բաժանվել է երկու մասի, որից մեկում Քոչարյանի կողմնակիցներն են, մյուսում՝ Քոչարյանին նստացնել պահանջողները: Եթե վարչապետի հանձնարարականը հիմք ընդունվի, ապա ԱԱԾ-ն առնվազն պետք է զբաղվի այդ երկրորդ խմբի պարագլուխներով:

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Արմեն Դանիելյան, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Անկեղծ չեմ կարծում, որ իրավական գործընթացներում կարելի է ներդնել անձնական վրեժխնդրության վարկածը... Մի բան հստակ է ու հանրամատչելի` երկրի իրավիճակից անտեղյակ նախագահ չի լինում... զորամիավորումների տեղաշարժից չիրազեկված գերագույն գլխավոր հրամանատար չի լինում... եթե նման պարզունակ մոտիվացիայայով են Քոչարյանի փաստաբանները կառուցել նրա պաշտպանությունը, ուրեմն նրանք ակնհայտորեն միտում ունեն այս դատավարությունը վերածել կրկեսի...

Լևոն Քոչարյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին

Լևոն Քոչարյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին

Ես հույս ունեմ որ արդար դատավճիռ կկայացնի դատարանը, կվերացնի ապօրինի խափանման միջոցը, որ մինչ օրս կա: Ես համաձայն եմ իմ հոր հետ, ես ինքս պնդում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է: Մենք դա տեսնում ենք և բազում փաստարկներ կան... բոլորը տեսնում են և մենք ապացուցել ենք մեր տեսակետը: Թյուր կարծիք կա էդ դեպքերի հետ կապված: Հիմա ինչ գնահատական էլ տամ, դիտվելու է ոչ սուբյեկտիվ:

Վարդ Սիմոնյան, լրագրող

Վարդ Սիմոնյան, լրագրող

Ամենավտանգավոր մաժորը, ամենախելագար միտքը՝ Արցախը հակադրել հայրենիքին: Սա այն հանճարեղ պրովոկացիան է, որ մեզ միանգամից կթողնի երկու պետականությունների փլատակների տակ: Ուրեմն՝ բարի լինենք պուտինյան գործակալական հարեմը չնույնացնել Արցախի հետ, մանավանդ, որ սեփական հայրենիքն այդ որջին նվիրաբերածների պակաս չկա նաև Հայաստանի Հանրապետությունում: Քոչարյանը մարդ չէ, Քոչարյանը եղել և մնում է այդ տխրահռչակ գործակալական ցանցի թիվ 1 հպատակը: Ահա, թե ինչու է ի փառս նրա այդպես ուժգին մոլեգնել հյուսիսային քամին: Եվ որքան էլ պարադոքսալ է՝ ռուսները չեն վստահում մեկի, որ ամբողջ երկիրը դրեց նրանց ոտքերի տակ: Իհարկե, չպիտի վստահեն. ով է վստահում իր հայրենիքի դավաճանին: Ռուսները վախենում են, որ Քոչարյանը բերանը կբացի ու կերգի՝ այրելով իրենց ամբողջ հարեմը: Իհարկե, կերգի, չկա ավելի վտանգավոր բան, քան անկյուն նետված գազանը և խիստ տրամաբանական է, որ նրա կարապի երգին սպասելիս գրոհում են ԱԱԾ արխիվները: Խաղը մեծ զգուշություն է պահանջում: Հեղափոխության գլխավոր կոդը՝ ինքնիշխանության վերահաստատումն է, սա ժողովուրդների ամենամեծ փորձությունն է, որովհետև ինքնիշխան հռչակվելն այնքան էլ բարդ չէ, որքան՝ այն կերտելը, ինքնիշխան լինելը: Իսկ նոր գլոբալ տարածությունը հակված է ջնջել էթնիկ միավորների նմանօրինակ հավակնությունները, մանավանդ այն միավորների, որոնք համառորեն չեն զգում նոր ժամանակի նյարդը, չեն արտադրում նոր միտք և ավելորդ ուտող բերան են դառնում մոլորակի համար: Մեզ համար մեծ շռայլություն է բարիկադներ կառուցել սևերի ու սպիտակների, հների ու նորերի, արցախցու և երևանցու միջև: Կա մեկ հայրենիք, մեկ հասարակություն և հանցագործ տարր, որը պետք է մեկուսացվի հասարակությունից: Եվ դադարեցրեք սույն հանցագործների մասին հայրենասիրական լոլոները. հանցագործը չունի հայրենիք, նա հայրենիք խլող է, զգուշացեք:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Հայաստանին և հատկապես քաղաքացիներին համակարգային վնաս տված բոլոր ներկա ու նախկին պաշտոնյաներն սպառիչ պատասխան են տալու։ Միայն այդպես է փակվելու ետդարձի ճանապարը և կառուցվելու արժանապատվության ամրոցը։ Ազգային իրական անվտանգություն առանց համակարգային հանցագործությունների բացահայտման և պատժի չի լինելու:

Սարգիս Քլոյան, Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը

Սարգիս Քլոյան, Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը

Ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվելու է, ամենակարևոր մարդն էսօր ճաղերի հետևում է: Վերջնական դատավորը չագուչը խփելու ա, Քոչարյանը ցմահ դատապարտվելու ա: Վերջ:

Արսեն Օհանյան, «Քաղաքացիական որոշում» կուսակցության անդամ

Արսեն Օհանյան, «Քաղաքացիական որոշում» կուսակցության անդամ

Քոչարյանն ու իր «կողմնակիցները» չեն ուզում հասկանալ, որ իրենց պատասխանատվության ենթարկելու հարցում ՀՀ ժողովրդի մեծամասնությունը եկել է համաձայնության, չեն ուզում հասկանալ, որ իրենց Նիկոլ Փաշինյանի ցուցումով չեն դատում, իրենց դատում են ՀՀ ժողովրդի արդարության հասնելու ձգտումով: Լևոն Քոչարյան, ինձանից ու շատերից ձեզ խորհուրդ, փորձեք հաշտության եզրեր գտնել ժողովրդի հետ, ընդունեք ձեր պատասխանատվության բաժինը, պատրաստակամություն հայտնեք թալանածը հետ բերելու հարցում, ինչպես հիմա անում են շատերը, պահանջեք, որ ձեր հորը ներգրավվեն ստեղծվելիք անցումային արդարադատության մեջ, որպեսզի ապագայում դու, քո քույր-եղբայրները, ձեր երեխաներն ու թոռները համերաշխ ապրեն ՀՀ ժողովրդի հետ: Իսկ էն, ինչ հիմա դուք անում եք, ավելի ա վատացնելու ձեր վիճակը, ավելի ա մեծացնում անդունդը ձեր ու ժողովրդի միջև: Ես չգիտեմ` ով ա ձեզ խորհուրդ տվել ընտրել նման ուղի, բայց մի բան հաստատ ա` տվյալ անձը կամ անձինք ձեր փողերն են վատնում, հարստանում են ձեր հաշվին: Ժողովրդի դեմ չի կարելի պայքարել, ժողովրդից պետք ա ներեղություն խնդրել ու հաշտվել, հակառակ դեպքում չեք կարող ժողովրդի հետ հանգիստ ապրել, հակառակ դեպքում ժողովուրդը միշտ մերժելու ա ձեզ:

| | |
3861 | 0
COMMENT.am