Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը

երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակը

Ինչպես արդեն հայտնել էինք, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մայիսի 9-ին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Այս թեման մեկնաբանել են`

Լիզա Ճաղարյան, լրագրող

Լիզա Ճաղարյան, լրագրող

Պարոնայք Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, բազմաթիվ մայիսի 9-եր են անցել-գնացել, այդ տարիներին քոչարյան ռոբերտը բանտախցում չէր, բայց Հայաստանի քաղաքացիներս շատ լավ ենք հիշում, որ չէր մասնակցում այդ տոնակատարությանը (երևի էդ վախտերը կալահարիներում սպանված առյուծ էր հեծնում), ու ոչ մեկս չենք հիշում, որ ձեզանից մեկնումեկը քոչարյանի բացակայությունից դարդաբողմայից անկողին ընկներ։ Տեղներդ հանգիստ նստեք, արդեն զզվացնում եք ձեր կապիկություններով...

Մհեր Ղալեչյան, լրագրող

Մհեր Ղալեչյան, լրագրող

Փայլուն է: Այսինքն` Սասուն Միքայելյանը, Հովիկ Հարությունյանը, Վաղարշակ Հարությունյանը, Արտակ Զեյնալյանը և հարյուրավոր այլ ազատամարտիկներ, որոնց այդ նույն Քոչարյանի օրոք բռնությունների են ենթարկվել, ապօրինի ձերբակալվել, կալանավորվել, խոշտանգվել, շինծու գործերով ազատազրկվել, իրենք մարդ չէին, նրանցից գոնե մեկի համար չարժեր մատը մատին խփել, նույնաբովանդակ տեքստով դիմել ՀՀ դատախազին, գոնե մեկի համար: Թեպետ այդ հարյուրավորներից յուրաքանչյուրն էլ անուրանալի դեր է ունեցել արցախյան ազատամարտում, իրենց կյանքն են տվել, իրենց առողջությունը, հոգին, նրանցից գոնե մեկը արժանի՞ չէր այնպիսի վերաբերմունքի, ինչպես՝ Քոչարյանը: Բա այդ ազատամարտիկներին էլ՝ հատ-հատ, հրավիրեք մայիսի 9-ի տոնակատարություններին, մանավանդ, որ նրանցից յուրաքանչյուրն էլ արժանի է ու վաստակել է այդ տոնախմբությունների գլխավոր դերակատար լինելու կոչումը: Այդ հարյուրավոր ազատամարտիկները և ինչո՞ւ միայն ազատամարտիկները, ՀՀ հազարավոր քաղաքացիները, որոնց Քոչարյանը տարիներ շարունակ բանտերն էր լցրել, որ նրանց համար դիմեիք դատախազին, դա համերաշխության և միասնականության ազդա՞կ չէր դառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար, ինչպես ասում եք: Թե՞ ընդհակառակը, մարտի 1-ին ժողովրդի արյունը թափելով, սաղ աշխարհին համերաշխության և միասնականության օրինա՞կ էիք ցույց տալիս: Երբևիցե Մարտի 1-ի զոհերի հարազատների ցավ ու դարդին հաղորդակից եղե՞լ եք: Այսինքն` Արցախի համար միս ու արյուն տված մեր հրաշք ազատամարտիկները մի հատ Քոչարյան չարժե՞ն: Թե՞ այդ ազատամարտիկները զրո են, քանի որ երբևիցե Արցախի նախագահ չեն եղել: Թե՞ առաջնորդվում եք «էծը էծի համար լավ է, քան մի սուրու ոչխարը» տրամաբանությամբ:

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի դիմումը ՀՀ դատախազին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին մի քանի ուշագրավ մտքի է հանգեցնում: Ասենք, որ գործող ու մի նախկին նախագահով դիմում են դատախազին, քաղաքականապես ավելի գրագե՞տ չէր լինի, որ Քոչարյանին էլ առաջարկեին միանալ այդ դիմումին, Արցախի բոլոր նախկին նախագահներով էլի... Մեկ էլ էդ խափանման միջոցի փոփոխման խնդրանքը կապում են մայիսյան հաղթանակների հետ: Ասես` մեղադրանքների հիմքում այն հանգամանքն է, որ Քոչարյանը հեչ չի սիրել նշել այդ տոները, հիմա դուրս գա բանտից ու արագ-արագ նշի: Կամ՝ կալանքը խափանման միջոց ընտրել են հենց մայիսի 9-ին, տոնը չի հասցրել նշել, հիմա գոնե կարողանա: Կամ՝ խափանման միջոցի հիմքերը հենց մայիսի եռատոնով է կտրվում, հենց գալիս է մայիսի 9-ը, այլևս Քոչարյանը չի կարողանալու ազդել գործի կողմերի վրա: Զարմանալի է, թե ինչու Ղուկասյանն ու Սահակյանը չեն խոստանում, որ Քոչարյանն այլևս խելոք և համեստ կպահի իրեն, կվերադառնա Արցախ այն հագուստով, որով գնացել է, անցած տարիների ընթացքում առեղծվածային եղանակով կուտակած հարստությունը կվերադարձնի նրանց, ումից նվեր է ստացել: «Մի մուշտի է տվել էլի...» հայեցակարգի շրջանակներում դիմում է փաստորեն: Եզրակացությունը մեկն է` կոլցի է ջարդել սրանց շարժիչում, ու շարժիչը յուղ է վառում, գեշ է վառում:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի արդեն հայտնի ուղերձը դատախազին այլ բան չէ, քան դեմարշ Սերժ Սարգսյանի Արցախ այցի դեմ, որի մասին նրա գրասենյակը հայտարարեց նախօրեին...

Արիս Վաղարշակյան, լրագրող

Արիս Վաղարշակյան, լրագրող

Այ եթե Բակոն ու մնացածը պատասխան տային 2015-ին Բերձորում ՀՀ քաղաքացիներին ծեծելու համար, այսօր մենք կունենայինք ոչ թե նամակներ գրող նախագահներ, այլ բանտակիցներ, որ իրար հետ շփվում են քսիֆի միջոցով:

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Ինձ համար ոչ մի մեսիջ չկա այստեղ։ Ներկա ու նախկին նախագահները քաղաքական մարդիկ են, և նրանց բոլոր գործողությունների մեջ պետք է փնտրել քաղաքական ենթատեքստ։ Բայց մենք խոսում ենք իրավական պրոցեդուրայի մասին, որ մարդիկ իրավական ընթացակարգով ասում են՝ մենք պատրաստ ենք լինել երաշխավոր։ Հաշվի կառնեն, թե ոչ, դա մեր գլխավոր դատախազի գործն է։ Աշխարհացունց բան չի եղել:

Վիկտոր Սողոմոնյան, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

Վիկտոր Սողոմոնյան, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

Կարծում եմ, որ այս իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի, և նախագահ Քոչարյանն ազատ կարձակվի ապօրինի կալանքից, ու կդադարի նրա հանդեպ ակնհայտ քաղաքական հետապնդումը: Եվ սա ևս Արցախյան խնդրի արժևորման համատեքստում եմ դիտարկում, որովհետև ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահը, անկախության հռչակագրի համահեղինակը չէր կարող հայտնվել ապօրինի կալանքի տակ, և սա չպետք է տեղի ունենար:

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ռուբեն Մեհրաբյան, քաղաքագետ

Ամենայն հարգանքով վերաբերվելով Արցախի նախագահների խնդրանքին որպես այդպիսին, Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտին որպես այդպիսին, բայց Հայաստանի գլխավոր դատախազը ՉԻ ԿԱՐՈՂ ընդառաջել նրանց խնդրանքին, քանզի Ռոբերտ Քոչարյանը ՉԻ ԿԱՐՈՂ չգտնվել կալանքի տակ, բոլորին քաջ հայտնի պատճառներով, իսկ դրանցից ամենակարևորը՝ նա խոչընդոտելու է գործի քննությանը և ճնշում է գործադրելու վկաների և այլ ֆիգուրանտների վրա։ Միանշանակորեն` ՈՉ:

Արթուր Հայրապետյան, լրագրող

Արթուր Հայրապետյան, լրագրող

Մեղայասսու: Ինչպիսի գթասրտություն: Իսկ էդ դիմողներից որևէ մեկը մարտի մեկից հետո, երբ սպանվեցին անմեղ մարդիկ և առհասարակ արյունարբու ռոբի կատարած հանցաքների մասին ծպտուն հանա՞ծ կան... Իբր սերժիկին կողմ էինք, ռոբն էր պակասում... Քանի դեռ էսպես հուշիկ քայլերով եք մոտենում այս ոչ պակաս կարևոր թեմաներին, ու քանի դեռ դանդաղում եք ռոբներին ՑՄԱՀ տալու, դեռ այնքան մարդ են դիմելու, մեջ ընկնելու, ով գիտի, ով գիտի, ո՞վ` վաղը ինչ է լինելու...

ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազություն

2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումըՌոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին:


Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը հրապարակվել է բազմաթիվ լրատվամիջոցներով՝ հանրային լայն հետաքրքրության տեղիք տալով, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը:


ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցը կարող է փոփոխվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախաքննությունը մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտված քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նաև Ռոբերտ Քոչարյանի, 2019 թվականի ապրիլի 29-ին ըստ էության քննելու համար ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:


Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից:

7213 | 0