Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է «Իմ մարմինն անձնական է» սկանդալային գրքի շնորհանդեսի տապալումը

երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է «Իմ մարմինն անձնական է» սկանդալային գրքի շնորհանդեսի տապալումը

Մայիսի 4-ին «Բուկինիստ»-ում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդես, որը, սակայն, տապալվել էր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել` դատապարտելով տեղի ունեցածը:


Սա քննարկման թեմա է դարձել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության քարոզ: Իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն: Համասեռամոլները ոստիկան ապտակեցին, իշխանությունը լռեց, ԱԺ-ում տրանսգենդերը քարոզ արեց, իշխանությունը ևս չդատապարտեց: Հիմա էլ գրքերի շնորհանդեսներ են կազմակերպում և թիրախավորում 3-6 տարեկան երեխաներին: Քիչ է` իրենք չեն դատապարտում, մեզ՝ դատապարտողներիս, անվանում են քաղաքական գեղցիներ: Ավելի լավ է մեղադրվել քաղաքական գեղցիության մեջ, քան ձեր նման լինել քաղաքական տրանսգենդերիզմի ակտիվիստներ:

Գուրգեն Ասատրյան, ՀԱԿ անդամ

Գուրգեն Ասատրյան, ՀԱԿ անդամ

Երբ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը՝ Ախթալայի իր առանձնատանը, մեծ գումարների դիմաց, անմեղ երեխաների էր պղծում, էս «մտահոգ»-ներն ո՞ւր էին․․․ Թե այսօր մանիպուլյացիաներով ու ստերով երեխաների անվան տակ հեշտ է շարժել հասրակության զգացմունքայնությունը...

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Մարտնչող տգիտություն, թե՞... Ուշադիր դիտեցի երեկ «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցած միջադեպը։ Իսկապես «հպարտանալու» երևույթ էր, թե ինչպես էին մեր «հերոս, հայրենասեր, ազգապաշտ նվիրյալները» վիրավորում, պիտակավորում, վարկաբեկում կանանց՝ նրանց մեղադրելով այլասերվածություն, միասեռականություն քարոզելու և տարածելու մեջ։ Հատուկ, շեշտում եմ՝ հատուկ հետաքրքրվեցի աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գրքույկի բովանդակության հետ։ Այն ուղղված է կանխարգելելու երեխաների նկատմամբ սեռական, մեղմ ասած, ոտնձգությունները։ Եվ ի՞նչ, արդյո՞ք մեր «հայրենասերները» համարում են, որ գոնե հայ ավանդական ընտանիքում հարազատներն իրավունք ունեն իրենց երեխաների հետ սեռական հարաբերություն ունենալ, չէ՞ որ երեխան իրենցն է, ուստի ինչ կուզեն կանեն։ Թե՞ «հայրենասերներն» համոզված են, որ հային հարիր չէ երեխա բռնաբարել։ Եթե վերջին տարբերակն է, թող չծուլանան և ծանոթանան դաժան վիճակագրությանը, որ Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017-ին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։ Թե՞ մեր արատների մասին խոսելն ամոթ է, բա ուրիշներն ի՞նչ կմտածեն։ Եվ այսպես թաքցնելով, «ամաչելով» պահպանենք․․․ ի՞նչը։ Լավ գոնե այսպես կոչված կեղծ ամոթի մասին այսպես խոսեին և քննադատեին․ «Այ սիրելի կանայք, ամոթ է, չի կարելի այսպիսի երևույթների մասին խոսել․․․» և այլն։ Բայց այլասերվածության, միասեռականության քարոզ․․․ Այս առիթով ողջունում եմ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի, թերևս պետական պաշտոնյայի համար բացառիկ համարձակությունը, խստորեն քննադատելու «Բուկինիստում» կատարված միջադեպը...

Արման Թաթոյան, Մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյան, Մարդու իրավունքների պաշտպան

Բոլորիս առաջնահերթ խնդիրներից է մեր երեխաների պաշտպանությունը ցանկացած տեսակի, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգություններից: Ցավոք, մեր երկրում առկա են սեռական բնույթի, այդ թվում՝ ծանր հետևանքներ ունեցող ոտնձգություններ երեխաների նկատմամբ, ինչի մասին վկայում են վիճակագրական տվյալները: Այդ ոտնձգություններից երեխաների պաշտպանության գրավականներից է թե՛ ծնողների, թե՛ երեխաների իրազեկվածությունը՝ վերջիններիս տարիքային զարգացմանը համահունչ: Ակնհայտ է, որ երեխաների դաստիարականության հարցերը զգայուն են և մեր հասարակությունում հատուկ ուշադրության ներքո են: Իրազեկման աշխատանքներն ինքնին կարևոր են, սակայն յուրաքանչյուր դեպքում նման պատասխանատու աշխատանքները պետք է նախապատրաստել, կազմակերպել և իրականացնել այնպես, որ դրանք հանրային նման արձագանքի կամ լարվածության առիթ չդառնան։

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Սյուզաննա Սիմոնյան, «Սասնա ծռեր» խմբավորման համակիր

Ժողովուրդ ջան, վերջ տվեք, խնդրեմ, աղմուկ հանած գիրքը պարսավելը: Հասկանում եմ, որ այդ աղմուկը բարձրացել է միայն նրա համար, որ նախաձեռնության հեղինակները ձեզ մոտ վստահություն չեն ներշնչում հայտնի պատճառներով: Բայց հավատացեք, որ այդ դաստիարակությունը անհրաժեշտ է: Իմ հասակակիցները կհիշեն, թե որքան վտանգավոր էր խորհրդային ժամանակներում ուղևորներով խցկված տրանսպորտից օգտվելը, ու որքան տարածված էր տղամարդկանց կողմից մանկահասակ աղջիկներին հպվելը. ես ինքս այդ տարիքում բազմաթիվ անգամներ նման բռնության փորձերի եմ ենթարկվել, իհարկե, ըմբոստանալով, հարվածելով, հայհոյելով այդ բռնության փորձն անողներին: Արել եմ, քանի որ հայրս ինձ սովորեցնում էր պաշտպանվել: Սրանք թեմաներ են, որոնց մասին մենք՝ կանայք լռում ենք, սակայն դա եղել է, և համոզված եմ հիմա էլ կլինի որոշ տեղերում: Մի քանի օր առաջ նման դեպք արձանագրվեց մամուլում, հանրային տրանսպորտում: Առանց երեխաներին սովորեցնելու, չենք կարող այդ վտանգը չեզոքացնել:
Հ.Գ. Ես պատանեկության տարիքում, հավատացեք, միշտ գրպանումս դանակ ունեի: Եվ եղել են դեպքեր, որ դանակով եմ պաշտպանվել:

Արթուր Ղազինյան, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար

Արթուր Ղազինյան, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար

Ազատական արժեքները դեռևս խորթ են մեր ավանդապաշտ հասարակության և քաղաքացիների լայն շրջանում և ցանկացած փորձ արհեստականորեն պարտադրել դրանք մեր հասարակությանը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Կոչ եմ անում Փաշինյանին վերահսկել իր իշխանության մեջ տեղ գտած լիբերալներին և ձեռնպահ մնալ հայկական ավանդական և ընտանեկան արժեքների դեմ ցանկացած բնույթի ոտնձգությունից:

Զարուհի Բաթոյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Զարուհի Բաթոյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Սեռական բռնության այն դեպքերը, որոնց առնչվում ենք մեր աշխատանքի ընթացքում, ամեն անգամ ապշեցնում են ինձ, թվում՝ անհնարին։ Սիրելի՛ ծնողներ, վստահեք ձեր երեխային, վերահաստատեք, որ սիրում եք նրան և կաջակցեք ցանկացած պարագայում, օգնեք պատմելու սեռական բռնության հնարավոր դեպքի մասին և, ամենակարևորը, մի մեղադրեք նրան կատարվածի համար։ Իսկ թե ինչ գրականությունից եք նախընտրում օգտվել երեխայի հետ որևէ թեմայով խոսելու համար, ընտրում եք միայն դուք։

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Նախ` երեկվանից ինձ կասկածելի թվաց այն փաստը, որ այս գրքի դեմ բողոքողներն ամեն ինչից խոսում են, դիմացինին ամեն մի մեղքի մեջ մեղադրում են, բացի բուն գրքի բովանդակությունից խոսելը: Առավել քան զավեշտալի է, երբ այդ գիրքը տարածողները հենց հանրության լիբերալ հատվածն է, որն այդ պահվածքով ապացուցում է, որ ինքը խնդիր չունի: Իսկ, այ, պահպանողական հատվածը խուսափում է տարածել: Ինչ տեսա ես այս էջերի սքաներում. տեսա, որ կա փորձ երեխային հասկացնելու անձնականի, ինտիմի, սեփականի սահմանը: Թող մանկավարժներն ասեն, թե դա ո՞ր տարիքից ու ի՞նչ ձևերով պետք է արվի, կամ եթե անգամ դա կարող է արվել շատ վաղ տարիքից, ապա, կրկին, ինչ ձևերով: Ես շեշտելու եմ` ես այս ոլորտի մասնագետ ու փորձագետ չեմ, սիրով կլսեմ պրոֆեսիոնալ կարծիքներ: Բայց սիրողական մակարդակով կարող եմ ասել, որ եթե որպես ծնող, ծնված օրվանից երեխայի մոտ «սեփական ծծակի, շշի, խաղալիքի» զգացողությունն ամրապնդելը նորմալ ենք համարում, ապա այդ դեպքում ինչո՞ւ պետք է տարօրինակ լինի, եթե անձնական տարածքի այդպիսի զգացողությունը տարածվի նրա անվան, սենյակի կամ անգամ մարմնի վրա: Ես այս պահով մտահոգիչ ոչինչ չեմ տեսնում: Մենք բոլորս էլ մեր երեխային մեր դասն ենք տալիս, թե ինչն է իրենը, որն է իր տարածքը, որն է իր ԵՍ-ը, որն է ՄԵՆՔ-ը: Լավ կամ ճիշտ ենք լուծում այս խնդիրը, թե ոչ, սա կրկին մասնագիտական քննարկման հարց է: Մի բան հաստատ կպնդեմ՝ լիքը երեխաներ կան, որոնք ամաչում են իրենց անունից, որովհետև մյուսները ծաղրում են, հեգնում են, արդյունքում՝ չեն սիրում, հետագայում այդ կոմպլեքսից ազատվելու համար փորձում են դրանից ազատվել այլ անուն վերցնելով։ Լիքը երեխաներ կան, որոնք մանկուց չեն սովորում, թե ո՞րն է իր անձնական տարածքը, որտեղի՞ց է սկսվում այն, որտե՞ղ ավարտվում, և որտե՞ղ է սկսվում դիմացինի անձնական տարածքը, հետո, այդպիսի մարդիկ մեծանալով, պատուհաս են դառնում, երբ նույն կերպ խոզավարի էլ ապրում են՝ անընդհատ ուրիշի անձնական տարածք ներխուժելով, ուրիշի սպիտակեղենից ու անձնական կյանքի շուրջ բամբասանքից դուրս չգալով ու սեփական կյանքը չունենալով, ուրիշի կյանքն էլ թունավորելով ու հարամելով: Պե՞տք է այս խնդիրը լուծվի: Միանշանակ. ՀՀ ապագա քաղաքացին պետք է իրոք իմանա, թե օրինականորեն որտեղ է սկսվում ու ավարտվում իր անձնական տարածքը, որտեղ սկսվում ուրիշինը: Որպեսզի հետո ոչ մեկ ոʹչ սեփական անունի համար ամաչի, ոʹչ սեփական անձնական տարածքի, ոʹչ էլ դիմացինը չհասկանալով կամ գիտակցաբար ցավ պատճառելու համար կախվի նրա անունից, անգամ օրգաններից, ներխուժի նրա անձնական տարածք: Մի խոսքով՝ որպես ՀՀ քաղաքացի գտնում եմ, որ այստեղ լուծելու ենթակա հարց կա. մարդը պետք է իմանա իր և այլոց անձնական տարածքների սահմանը՝ ուրիշի տարածք չներխուժի, թույլ էլ չտա, որ ուրիշը ներխուժի իր տարածք: Ու, այոʹ, սա միատարր կրթության միջոցով պետք է լուծվի: Լուծում է արդյո՞ք այս ձեռնարկը այդ հարցը: Չեմ կարող ասել: Ես այն փորձ անվանեցի: Այն փորձում է՝ ի դեմս իր հեղինակների: Որքանով է այն լավագույն լուծումը, չեմ կարող ասել: Բայց այստեղ այլասերվածության ոչ մի հարց ու քարոզ չկա: Կա հասարակության համար վերին աստիճանի ակտուալ հարցը, որը վերը շարադրեցի ու կա այդ հարցին պատասխանելու փորձ:

Վարդ Սիմոնյան, լրագրող

Վարդ Սիմոնյան, լրագրող

Հետհեղափոխական Հայաստանին նյարդային ստոր պատերազմ է հայտարարված: Սոցցանցերի միջոցով հասարակությանը նետում են տեղեկատվական ծուղակ և փորձարկում նրա դիմադրողականությունը, չափում նրա կոնֆլիկտային պոտենցիալը: Եվ հետհեղափոխական հանրությունը զանգվածային հիմարության ու փսիխոզի է մատնվում: Կետային խաղը հասարակության էրոգեն զոնաների հետ ավելի քան ստացված էր՝ երեկվա հեղափոխականներից մնացին միայն սեռական օրգանները. մեկ ձեռնածությունը բավարար եղավ երեկվա հեղափոխականներից իսկական փալաս կերտելու համար: Մեկ միավոր սեռական օրգանի գոյությունը և դրա հետ անցկացված ամենաբուռն կյանքն անգամ փաստարկ չէ այսօրինակ գիտական հարցերում կարծիք հայտնելու համար, բայց թամաշի հրապարակն առնվազն շարիաթի բաժին կդարձնի սա հիշեցնողին: Գիտությունը քամահրող միավորը չի կարող պետություն ու հասարակություն լինել: Եվ ուրեմն՝ ժամանակն է օրվա տրիումֆատորներից պահանջել, որ, ի վերջո, հրապարակեն այն ԱՐԺԵՔՆԵՐԸ, որոնք դրվելու են նոր Հայաստանի հիմքում: Այսինքն՝ պատասխանեն ամենակարևոր հարցին՝ ի՞նչն է լավը և ի՞նչն է վատը: Իսկ սա գիտական հարց է, որի պատասխանը հնարավոր է ստանալ փորձագիտական համայնքների համատեղ ջանքերով, որն, ի վերջո, կհայտարարագրի մեր տեղեկատվական ընտրանուն՝ ստեղծելով ժամանակակից ուղեղային կենտրոններ: Մեր հասարակությունն այսօր չունի ժամանակակից գիտելիք կրող մտավոր ընտրախավ, և հանրային կարծիքը մնացել է ֆեյսբուքյան ինքնագործ ստատուսչիների հույսին: Կներեք, բայց օրվա լրահոս նետված աղբին տեղյակ հանրությունը դեռ տեղեկատվական հանրություն չէ: Այդպիսի հանրությունն ունի հստակ արժեքներ, հանրային կարծիք ձևավորող էլիտա, ապագայի հստակ սցենարներ ու սորոսների փողերով մեյդան եկած ոչ մի գրքույկ չի կարող նրան այսպես անխնա ձեռնահարել: Հակառակը՝ մատաղացու հասարակություն կերտելու ուղիղ ճանապարհ է:

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Էդ գրքի պահով շուխուռն անիմաստ ա: Ով չի ուզում` չի առնի ու երեխաներին չի կարդա, չի բացատրի: Ով ուզում ա` առանց գրքի էլ կբացատրի: Մենք մի ձև առանց էդ գրքերի մեծացել ենք, հոմոսեքսուալիստ ու մանյակ չենք դարձել: Որպես ծնող էլ ինչքան պետք ա մեր տղաներին բացատրում, պատմում ենք, ինչ պետք չի կամ շուտ ա` չենք պատմում: Թող ամենքն ինքը որոշի իր երեխայի սեռական դաստիարակությունը, որ տարիքում սկսի: Մարդ կա 30 տարեկանում էլ դեռ պատրաստ չի:

Ռուբեն Մելիքյան, Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Ռուբեն Մելիքյան, Իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան

Իմ կարծիքով` ամեն մեկը չպետք է իրավունք ունենա երեխաների դաստիարակությանը վերաբերող գիրք հրատարակել՝ «անհասկանալի» գաղափարներ տարածելով (օրինակ՝ որ 3-6 տարեկան երեխան պետք «իրավունք ունենա» մենակով փակվել իր սենյակում ու ակնկալել, որ ոչ ոք ներս չմտնի... ԱՅ ՔԵԶ ԲԱՆ...)։ Ինքնակարգավորման, ազատականության տրամաբանությունն այստեղ այնքան էլ չի աշխատում, և պետությունը պետք է որոշակի միջամտություն իրականացնի՝ կարգավորիչ գործառույթի շրջանակում։ Գուցե պետք է մտածել լիցենզավորման կամ թույլատվական բնույթի ա՞յլ ընթացակարգի մասին։ Ամեն դեպքում` սա այն հարցն է, որ խոսքի ազատության համաչափ սահմանափակումը՝ երեխայի լավագույն շահից ելնելով, կարծում եմ` թույլատրելի կլինի:

6320 | 0