Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև տեղի ունեցած միջադեպը

հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Համացանցը քննարկում է ՀՀ և ՌԴ վարչապետերի միջև տեղի ունեցած միջադեպը

Ինչպես արդեն հայտնել էինք, համացանցում տեսանյութ է տարածվել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից, որտեղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեգնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ քննարկան թեմա է դարձել սոցցանցերում։

Այս թեման մեկնաբանել են`

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի «կայֆավատը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, որի 31 վայրկյանանոց տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո սկանդալի և բուռն քննարկումների պատճառ դարձավ, ինձ համար ևս մեկ բացահայտման պատճառ հանդիսացավ... Պարզվում է` պարոն Փաշինյանի facebook-յան երկրպագուների մեծ մասը քաղաքական սադոմազոխիզմով է տառապում, ինչպես նաև իրականությունից կտրված է... Ընդդիմադիր օգտատերերը և ԶԼՄ-ները պահը բաց չթողեցին, որ խիստ քննադատության ենթարկեին իշխանություններին, որը շատ նորմալ է, քանի որ ընդդիմության գործառույթներից մեկն իշխանությունների սխալները և բացթողումները բացահայտելն ու քննադատելն է... Սակայն իշխանամետներից շատերի արձագանքն այդ տեսանյութին ուղղակի ապշեցնող էր... Նրանք նույն րոպեին հիմնականում հիշեցին, թե ինչպես 2014-ի մայիսի 29-ին Ղազախստանի՝ արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի մամլո խոսնակի դերն ստանձնելով, Նուրսուլթանում (Աստանայում) տեղի ունեցող ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ ընթերցեց վերջինիս հակահայկական բովանդակությամբ նամակը, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ծույլիկ աշակերտի նման նստել էր ու չարձագանքեց Նազարբաևի զառանցանքին...

Ավետիք Չալաբյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ավետիք Չալաբյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների միջև տեղի ունեցած միջադեպը, իր ողջ տհաճությամբ և գրոտեսկով հանդերձ, առնվազն մի քանի դիտարկումների տեղիք է տալիս՝


ա) ՌԴ վարչապետի պահվածքը, առնվազն անտակտ և դատապարտելի էր՝ բարեկամական դաշնակից երկրում, այդ երկրի կառավարության ղեկավարին հանրային հարթակում անիմաստ կերպով նսեմացնելը փաստացի դիվանագիտական սկանդալ է, և ՌԴ ղեկավարությունը պետք է բացատրություններ տա,


բ) ՀՀ վարչապետը, մանավանդ իր երկրի տարածքում, պետք է իր երկրի պետական լեզվով ելույթ ունենա, և չփորձի հաճոյանալ կազմակերպության մնացած անդամներին։ Դրա համար կա որակյալ սինքրոն թարգմանույթուն, բոլորը կհասկանան ու ժամանակի հետ կհամակերպվեն, այսպիսի խնդիրներ էլ չեն առաջանա։


գ) Ավելի ընդհարձակ իմաստով՝ բոլորս պետք է մեզ հարց տանք, թե ինչ է ընկած այդպիսի քամհարական վերաբերմունքի հետևում․ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ղեկավարը հանրային նվաստացվում է ԵԱՏՄ «դաշնակիցների» կողմից՝ հիշենք միայն Ալեքսանդր Լուկաշենկոյի վաղ հանրային ցուցումները Նիկոլ Փաշինյանին, կամ դրանից էլ վաղ՝ Նուրսուլթան Նազարբաևի կողմից կոշտ գրոհը Սերժ Սարգսյանի նկատմամբ Աստանայում։

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ա՛յ Նիկոլ Փաշինյան ջան, էն որ առաջին անգամ հորթային հրճվանքով հարց տվեց, պետք է պատասխանեիր՝ «դեբիլի, բլյա», լրիվ տեղը կբերեր ու կլրջանար։ Ու ընդհանրապես, ՌԴ վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ խոսելիս՝ բառերի արանքում օգտագործիր «բլյա», «բլին», «սուկա» և այլ հասկանալի բառեր։ Թե չէ, ընկել ես Պուշկինյան ռուսերեն ես սովորում, հետն էլ Աճառյանի բացատրական բառարան բացում, ինչ է թե բացատրես։

էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Նոր դիտեցի ԵԱՏՄ նիստի աղմկահարույց տեսանյութը: Մեր վարչապետը ռուսերեն ճիշտ է արտահայտվել, ՌԴ վարչապետն էլ նրան չի ծաղրել: Կարծում եմ՝ բոլորս պրովոկացիայի ենք տրվել և անիմաստ հակառուսական տրամադրություններ ենք հրահրում: Թեման փակելու ժամանակն է․․․

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ոսկան Սարգսյան, լրագրող

Այն, ինչ լուրջ վիճակում գտնվող մարդու մտքում է, խմած վիճակում հայտնված նույն մարդու շուրթերին է։ Դմիտրի Մեդվեդևն ակնհայտ խմածի տեսք ուներ, աչքերը շողշողում էին։ Հայտնի, աղմկահարույց միջադեպը ցույց տվեց, որ հայ ռուսական պաշտոնական հարաբերություններում շատ բան հարթ չէ,Կրեմլը շարունակում է Հայաստանին վերևից նայել։

Կարինե Հարությունյան, լրագրող

Կարինե Հարությունյան, լրագրող

Էդ հատվածը վերջապես նայեցի: Որևէ խնդիր չկա վարչապետի խոսքում: Նա իր միտքը միանգամայն ճիշտ և գրագետ շարունակում ու ավարտում է: Եվ որքան հասկանում եմ՝ ոմանք իշխանությունը կորցնելու ցավը դեռ չմոռացածների կուտն են կերել: Ընդամենը: Եթե շատերն ուշադիր նայած լինեին հատվածը, վստահ եմ՝ կհամոզվեին, որ ոչինչ էլ չկար: Իսկ ընդհանրապես, որևէ երկրի ղեկավար կամ պաշտոնյա այլ երկրի ներկայացուցչի հետ պարտավոր չէ խոսել նրա լեզվով: Բա թարգմանիչների ինստիտուտն ինչի՞ համար է: Պարզապես լեզու իմանալը հարմար է, գեղեցիկ, հարգելի և մի առանձին հմայք է տալիս տվյալ պաշտոնյային կամ, առհասարակ, մարդուն: Իսկ մեր վարչապետը խոսում է չորս լեզվով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: Երևի սա ձեզ քիչ է, հա՞: Ի դեպ՝ նրա խոսքը ոգեղեն է, զգացմունքային և հասանելի-ընկալելի հանրության բոլոր շերտերի համար: Հավանաբար, ոմանք սովոր են Սերժի անհոդաբաշխ մտքերին կամ Ռոբի թրքառուսախառը հայերենին: Եթե կարոտել եք, համացանցում լիքը տեսանյութ կա, միացրեք ու հաճույք ստացեք, վարչապետին էլ հանգիստ թողեք, նա ավելի լուրջ գործեր ունի, քան 2018-ի ապրիլի 23-ի տակ մնացածների բամբասանքներին ուշադրություն դարձնելը։

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ

Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ փոխնախագահ

Դուխը հենց այն է, որ դու քեզ տիրապետում ես նույնիսկ այն ժամանակ, երբ քո դիմացինն անտակտ կատակ է անում` փորձելով ավելի լավը թվալ: Հասկացող մարդու համար ինքն իրեն դնում վատ վիճակի մեջ, իսկ դու իրեն օգնում ես այդ իրավիճակից դուրս գալ: Դուխը այն է, երբ դու քո «վիպենդրյոժը» կամ «լավ տղա» երևալը չես գերադասում երկրիցդ կամ քեզնից: Դուխը այն է, երբ քո հյուրի սխալը տեսնում ու ժպտում ես, քանզի վստահ ես ուժիդ և ինքդ քեզ վրա: Իսկ հետագան տեխնիկայի և ժամանակի հարց է:

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Մեծ աղմուկ ոչնչից․ քիչ առաջ նայեցի սոցցանցերում աղմուկ հանած ԵԱՏՄ վարչապետերի նիստի ընթացքում Փաշինյան-Մեդվեդև երկխոսությունը։ Չարակամները հրճվում են, Նիկոլի կողմնակիցները զայրանում։
Բայց՝
1.Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսքը միանգամայն գրագետ էր։
2. Հետևաբար, չեմ կարծում, որ Մեդվեդևը փորձեց ծաղրել Փաշինյանին։
3. Ուստի, կարծում եմ, որ Մեդվեդևն ընդամենը կատակեց։ Թե՞ կարծում եք՝ պաշտոնական հանդիպումներին ընդունված չի կատակելը։
4. Թերևս Փաշինյանը ճիշտ կաներ կամ ծիծաղեր կատակի վրա, կամ կատակին ժպտալով պատասխաներ, օրինակ, հայերենով՝ «անցնում ենք փաստաթղթերի ստորագրմանը»։
Ընդհանրացնելով ասեմ, որ երկու կողմն էլ, գիտակցաբար, թե՝ ոչ, վիրավորում են Հայաստանին:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հայտնի աղմկոտ դրվագը մի քանի անգամ նայելուց հետո վերանայեցի գնահատականս, կարծում եմ՝ ծաղր չկար, կար Մեդվեդևի կատակի փորձ, որին Փաշինյանն էդ պահին չարձագանքեց, շարունակեց աշխատանքային ռեժիմը: Դրա համար նախորդ գրառումս՝ Մեդվեդևի ստորության մասին, հեռացրի, ներողություն այն ընկերներիցս, որոնք հավանել կամ մեկնաբանել էին: Մեդվեդևն էդ դրվագում ստորություն չարեց, իմ գնահատմամբ: Բայց նա ունի Հայաստանի դեմ ստորությունների իր «քառօրյա» բաժինը, կամ քառօրյա ստորությունների իր մեծ բաժինը։

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ

Նոր մի պահ մտնում եմ «Ֆեյսբուք» ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում․․․

Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Իզաբելլա Աբգարյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ

Մեդվեդևի հետ կապված այս ամբողջ շիրա տալու նպատակներն էին.


1) ձեզ ներշնչել, թե ձեր վարչապետին դրսում չեն հարգում: Մի բան, որ անում են առաջին օրից:
2) Ստանալ հակառուսական հիստերիա։


Տնավարի ընդունելը, միասին ակումբ գնալը ծանր մարսեցին: Ռուսերենը սխալ չէր: Մեդվեդևն էլ չէր ծաղրում, այլ անմիջական էր փորձում լինել երեկվա փախլավայից հետո։ Մի հատ նայեք գոնե՝ ով ա գցում ու եփում թեման․․․

5637 | 0