Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը

չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ.
Համացանցը քննարկում է Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հրապարակմանն էր տրամադրել բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վահան Շիրխանյանի բաց նամակը քննարկման թեմա է դարձել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Երջանիկ Աբգարյան, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր

Երջանիկ Աբգարյան, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր

Ես ուզում եմ հասկանալ, թե Շիրխանյանի գրածի առիթով ինչո՞ւ են ոմանք այդպես վրդովվել, թե ինչո՞ւ հիմա է նա խոսում այդ մասին: Այդ վրդովվածներին հիմա հարց եմ տալիս. իսկ դուք չգիտեի՞ք հենց սկզբից, թե ինչ կատարվեց 1999-ի հոկտեմբերի 27-ին: Եթե չգիտեիք, ուրեմն դեբիլ եք եղել, ուրեմն քաղաքականությունից հարյուրավոր մղոններով հեռու մարդ եք եղել: Հարկավոր էր մեն-միակ հարցը տայիք ձեզ՝ ո՞վ օգտվեց այդ սպանդից:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Վազգեն Սարգսյանի կենացը խմող ու արևով երդվող ՀՀԿ-ականները ծպտուն չեն հանելո՞ւ՝ ում են հավատում՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ հոկտեմբերի 27-ի մասին նրա գրածը կատարելապես սուտ հանած Վահան Շիրխանյանին։

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան

Վարդան Հարությունյան, հասարակական գործիչ, իրավապաշտպան

Իհարկե, հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանի գրքին Վահան Շիրխանյանի 23 կետանոց անդրադարձը։ Բոլոր կետերն էլ իրենց մեջ որոշակի հետաքրքրություն պարունակում են։ Կան նաև հակասություններ ու խոցելի պահեր։ Օրինակ՝ նախագահի ընտրությունների պահը։ Վստահորեն կարելի է պնդել, որ 1998թ․ ընտրությունների արդյունքները կեղծվել են։ Բայց, Քոչարյան Ռոբերտը, հաստատ, դրանք կեղծել չէր կարող։ Նա այդ շրջանում նման հնարավորություն ուղղակի չուներ։ Այդ գործն արել է Վազգեն Սարգսյանի թիմը։ Նաև խիստ կասկածելի է պնդումը, թե Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան միասնությունը Քոչարյանի դրդմամբ կամ խարդավանքով է կայացել։ Բայց 4-րդ կետն ինձ համար ես առանձնացնում եմ, երբ Վազգեն Սարգսյանն իր մոտ է հրավիրում Շիրխանյանին ու ասում՝ «Շիրխանյան, էս ի՞նչ արինք»։ Իրոք՝ էդ ի՞նչ արին ու ինչո՞ւ արին, որ մինչև հիմա մաքառում ենք:

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Շիրխանյանի նամակն եմ կարդում՝ ուղղված Քոչարյանին, ու երկու բանի վրա ֆիքսվեցի։ Ինձ հետաքրքրեց, թե 1992-ին Շիրխանյանն ինչպե՞ս էր 35000 փախստականներին տեղավորելու Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում՝ Շուշիում և Խոջալուում, երբ այդ ժամանակ վտանգի տակ էր նույնիսկ Ստեփանակերտը։ Հասկանում եմ, որ Քոչարյանը կարող էր իրեն գոռոզ պահել, արհամարհեր փախստականներին և մնացածին, դա ընդունում եմ, հավատում եմ, բայց Շիրխանյանի նման առաջարկը, գոնե ինձ համար, հասկանալի չէ։ Հետո այս ուշացած, նույնիսկ շատ ուշացած նամակը գրել ու ամբողջը կառուցել Վազգեն Սարգսյանի վրա, մի տեսակ անհասկանալի է։ Այս անգամ էլ հասկանում եմ, որ Շիրխանյանը հին իշխանության օրոք չէր կարող նման նամակ գրել, բայց գոնե նամակի մեջ կարելի՞ էր չէ բացի իրենից, Քոչարյանից, Վազգեն Սարգսյանից ու Դեմիրճյանից այլ մարդու մասին գրել, ով կարող էր այս պահին հաստատել դա։ Նամակում անդրադարձաց անձանցից 3-ը այս պահին կենդանի չեն՝ Վազգեն Սարգսյան, Դեմիրճյան և Ելցին, մյուսը բանտում է ու չեմ կարծում, թե կհաստատի այս տողերը, քանի որ իր դեմ է, մյուսն էլ նամակի հեղինակն է։ Չեմ հավատում, որ այդքան տարիների ընթացքում միայն երեքով կամ չորսով են այդ հարցերը քննարկել ու այդ վեճերն իրենց մեջ է եղել ու կողքից որևէ այլ աչք չի եղել, որ դա հիմա կհաստատի։ Ամեն դեպքում, ցանկացած հանցագործ պետք է պատասխանատվության ենթարկվի բացառապես իր կատարած հանցանքների համար, նույնիսկ աշխարհիս երեսին ամենադաժան, թալանչի ու մարդասպան տեսակը։

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Վ.Շիրխանյանի անչափ կարևոր նամակի ընթերցումից հետո առաջացավ մեկ հռետորական հարցադրում. և ո՞ւմ էինք գլուխներս պահ տվել, և Ձեր նմաններն էին կառավարում պետությո՞ւնը՝ այսքան տարի շարունա՞կ... Խաբեբայություն, վախկոտություն, ստախոսություն, ագահություն և ցինիկություն, ու այսքանից հետո դեռ մի հատ էլ համարձակվում են խոսել...

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Շնորհակալություն Վահան Շիրխանյանին՝ վարագույրը որոշ դրվագների վրա բարձացնելու համար: Սա պատմական նյութ է: Մի շարք կարևոր հարցեր ճշգրտելուց զատ հաստատում է, նաև, որ ժողովուրդն այս կամ այն կերպ մոտավորապես հենց այսպես էլ պատկերացնում էր իրերի վիճակն ու մարդկանց հարաբերությունները: Իսկապես լուրջ հարց է՝ Քոչարյանին հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հաստատումներ է անում. «Դու պարտավոր էիր անմիջապես, անհապաղ նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ կառավարման համակարգի ճգնաժամը կանխելու համար, պետք է մտցնեիր երկրում արտակարգ դրություն, անմիջապես ազատեիր Սերժ Սարգսյանին ԱԱ նախարարի պաշտոնից, բանակը բերեիր 1-ին աստիճանի պատրաստության, դիմեիր ժողովրդին ուղերձով։ Դու սրանցից ոչ մեկը չարեցիր, բայց մոբիլիզացրիր քեզնից սպասելիքներ ունեցող ԱՄՆ, ՌԴ դեսպաններին, կաթողիկոսին և այլոց, որոնց ուղարկում էիր մեզ մոտ և նրանց բերանով աղերսում, որ քո և Սերժի նկատմամբ բռնություն չգործադրենք:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում՝ ինչքանով ա բարոյական (գուցե ճիշտ բառը չեմ ընտրում), երբ քաղաքական կամ պետական գործիչներն անցյալից իրար բաներ են հիշացնում, ու էդ թվում հղում անելով արդեն մահացած «վկաների»: Օրինակ, երբ Շիրխանյանն ասում ա՝ Վազգենն ինձ մոտը կանչեց ու Քոչարյանի մասին էս ասաց, էն ասաց: Դե Վազգենը չկա, ոչ մի ուրիշ վկա չկա: Վաղն էլ Քոչարյանը կգրի՝ Վազգենն ինձ էս ասաց, էն ասաց: Ու մարդիկ կդատեն՝ ըստ Շիրխանյանի և Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի, մինչդեռ թե՛ մեկը, թե՛ մյուսը, մեղմ ասած, հրեշտակներ չեն, անկախ, թե ում ենք «հրեշ» համարում, ում՝ ոչ: Վերջ տվեք մահացած մարդկանց հետ «նեղ զրույցներին», անկապ հղումներին, իրար բան ունեք հիշացնելու, հիշացրեք, բայց ողջ վկաներին հղումներով:

Մարիամ Ծատրյան, Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար

Մարիամ Ծատրյան, Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար

Ես էլ կարդացի Շիրխանյանի հարաբերական բաց նամակը: Ամբողջացվեց Քոչարյանի ոչ մարդկային, մեղմ ասած՝ փոքրոգի, կոշտ ասած՝ անասնական կերպը, տեսակը: Գիտեինք: Բայց ես հարցին մի ուրիշ կողմից էլ եմ նայում: Էդ մշտապես Վազգենի աջ թև հանդիսացող Շիրխանյանը չէ՞ր Քոչարյանի ընտրություններում նախընտրական շտաբի պետը. ինչպես ինքն է նշում՝ Ռոբերտը 27 տոկոս է հավաքել ու կեղծիքներով կարգվել նախագահ: Այսինքն, Քոչարյանի անմարդկային կերպը կերտվել էր նաև շրջապատի կողմից, ինչ-որ հովանավորության, թողտվության շուքի տակ: Հետո արդեն, երբ դրա գիտակցումը կար, շատ ուշ էր... Ահասարսուռ էր նամակի առաջին կետը՝ 1992-ին 35 հազար փախստականների՝ Հայաստանում տեղափոխելու պահը: Ես մտովի փորձեցի ժամանկաշրջանի պատկերն աչքիս առաջ ունենալ ու համեմատել, որ իրապես գնահատել կարողանամ: Ձեզանից ոմանց թողնեն, 90-ականների մասին մինչև Էրզրում հասնող ճոռթած բերանով կխոսեք, բայց մի գյուղում, Կառավարության դիմաց հարաբերական խաղաղ ու կայուն էս օրերին 100-200 հոգանոց դժգոհություն է լինում, շիվարած կանգնում եք: Դե բերանացի ասեք 92 թիվ ու 35 հազար անտուն, սոված, կոտրված փախստականներ ու հանգիստ նստած գործներիդ նայեք: Քոչարյան, դու՝ ուղնուծուծով ապազգայինդ, ամեն դեպքում նստելու ես:

10970 | 0