Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում

չորեքշաբթի, 13 մարտի, 2019 թ.
Հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում

Ինչպես արդեն հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:

Այս թեման մեկնաբանել են`

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Ադրբեջանական կապրիզները չենք բավարարում։ Փաստորեն ընտրեցինք երկրորդ տարբերակը, որի արդյունքում Արցախը պետք է մասնակցի բանակցություններին ու Արցախի ներկայացուցիչը պետք է ներկայացնի Արցախի ժողովրդին։ Այսպիսով Հայաստանի և Արցախի ղեկավարությունը մերժում է Ադրբեջանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն առաջարկությունը, որ բանակցությունները պետք է տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Արցախի հարցի շուրջ, երկու հայկական պետությունների ռազմական և քաղաքական ղեկավարությունը, եթե ճիշտ է գտել, որ սա է ճիշտ ճանապարհը, ապա ամբողջ հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ բոլորս պետք է այս հարցի շուրջ համախմբված լինենք

Գագիկ Ծառուկյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար

Գագիկ Ծառուկյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար

Ալիևը, դա, ասենք թե, լիարժեք ընդունեց, ասենք թե, Մինսկի խմբի հայտարարությունը, բայց մեր մասով լիարժեք պատասխանը չկար... Էն, ինչ սպասում էր հանրությունը, թերի մնաց: Այսօր հայ ժողովուրդը, արցախցին խնդիրը վաղուց լուծել է, միջազգային նորմերը պահելով դե ֆակտո հայտարարել է որպես անկախ պետություն... Հիմնական խնդիրը, եթե Ադրբեջանը 20 տարի նստած լռում էր, այսօր բարձրաձայնում է, ու ոչ մի խաղաղ բանակցության մասին չի խոսում: Դրա համար մեր ժողովրդի ապագայի խնդրով պետք է ազգովի միասնական լինենք, համախմբվենք:

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ

Արդյոք այդ ելույթը կատարյա՞լ էր, իհարկե ոչ, արդյոք բոլոր թեմանե՞րն էին արծարծված այդ ելույթում, իհարկե ոչ։ Բայց, այդուհանդերձ, խոստովանեմ, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 10 ամիսների ընթացքում նա դեռևս նման ամփոփ ծրագրային ելույթ, Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված, չէր ունեցել:

Արիս Վաղարշակյան, լրագրող

Արիս Վաղարշակյան, լրագրող

Փաշինյանը փորձում է համոզել միջազգային հանրությանը, որ եթե իրեն թույլ տան քայլել նաև Ադրբեջանով, ապա այնտեղ նույնպես շատ արագ իրավիճակ կփոխվի...

Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Գոռ Աբրահամյան, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Ուղղակի չեմ կարող զսպել արտահայտվելու անզուսպ ցանկությունս՝ իբրև արցախյան հիմնահարցը և բանակցային գործընթացը բազմիցս լուսաբանած լրագրող. ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստի չափազանց խոսուն և սիմվոլիկ ձևաչափի շրջանակում ՀՀ վարչապետը գերազանց ելույթ ունեցավ՝ չափազանց կարևոր ուղերձներ հղելով, ըստ էության, ռեսթարթ ապրող բանակցային գործընթացի նոր մեկնարին և փորձելով բանակցությունների մնացած բոլոր կողմերին օրակարգ առաջադրել՝ առաջին հերթին Արցախի սուբյեկտայնության առաջմղումը անբեկանելի քաղաքական վեկտոր սահմանելով, երկրորդ հերթին այսպես կոչված մադրիդյան֊փարիզյան֊կազանյան սկզբունքների ու կարգավորման տարրերի վերաարժևորաման և վերաշարադրման խնդիր դնելով։ Չափազանց կարևոր, հավակնոտ ու ահռելի դիվանագիտական ջանքեր ենթադրող նախանշումներ էին։ Հուսանք ու վստահ լինենք, որ «ծանրաձողի պատվիրված նոր քաշը» բարձրացնելուն մեր դիվանագիտությունը ոչ միայն ունակ է, այլև՝ նախապատրաստված:

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Արցախում համատեղ նիստն ու վարչապետի ելույթը գործնականում ինքնիշխանության հարցաշարի ևս մի ճիշտ պատասխան էր և համաշխարհային ուժային կենտրոններին ուղղված երկխոսության օրակարգ, որի անհրաժեշտությունը կար Մինսկի խմբի հայտարարության տողատակում: Հայաստանն անարյուն փոփոխությունից հետո վերստանում ա իրավիճակ փոխելու էն հնարավորությունը, որ թանկ արյան գնով բանակը տվեց 2016-ին, բայց չօգտագործվեց բավարար չափով` լեգիտիմության անբավարարության պատճառով:

Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ

Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ

Արցախի հիմնահարցի արդարացի, հայանպաստ և վերջնական լուծումը պահանջում է բոլորիս նպատակաուղղված և կանոնակարգված աշխատանքը։ Թե՛ Արցախի իշխանությանը բանակցային կողմ դարձնելը, թե՛ մադրիդյան սկզբունքներում հստակություն մտցնելը, թե՛ Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ամրացնելը պահանջում են ամենօրյա դիվանագիտական ու տեղեկատվական աշխատանք ոչ միայն համանախագահող և կոնֆլիկտի շահառու երկրների հետ, այլև միջազգային անվանվող հանրության` պետք է մթնոլորտ փոխել։ Բազմիցս ասել եմ, որ անհրաժեշտ է աշխատել Ադրբեջանի հետ` քայլ առ քայլ հասարակական տարբեր խմբերի շփումների միջոցով վստահության ու փոխըմբռնումի հասնելու համար: Անհրաժեշտ է ճշգրիտ ու մանրակրկիտ տեղեկատվական-քարոզչական աշխատանք` տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար։ Իսկ ամենահիմնականը և հաջողության հասնելու միակ գրավականը Աստծո ամեն օրն ու ժամը օգտագործելն է Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու, մեծ արդյունաբերությունը վերագործարկելու` աշխատատեղերի ստեղծումով մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու և ժողովրդագրական խնդիրները լուծելու համար: Պատերազմում կռվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են պետությունները:

Արտակ Զաքարյան, ՊՆ նախկին փոխնախարար

Արտակ Զաքարյան, ՊՆ նախկին փոխնախարար

Անձամբ ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության Արցախում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում առաջին անգամ փորձեց որոշակիացնել ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանի դիրքորոշումները: Այն կարևոր էր որպես մեսիջ ներքին լսարանի համար, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համար և վստահ եմ նաև ադրբեջանցիների համար: Ի՞նչ է փաստացի ասում Հայաստանի վարչապետը. նախ, նշում է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում քմահաճույք չէ, ոչ էլ նախապայման, այլ առանցքային հանգամանք է: Համաձայնվելով Փաշինյանի հետ նշեմ, որ իրականում այս մոտեցումը կարևոր հանգամանք է և առավել քան ակնհայտ է: Բանակցությունները կարող են լիարժեք և արդյունավետ լինել, երբ Արցախը ևս, որպես լիիրավ կողմ կմասնակցի դրանց: Հայկական կողմն անընդհատ պնդել է, որ որևէ տարբերակ ընդունելի լինել չի կարող եթե Արցախը որոշիչ մասնակցություն չունենա բանակցային գործընթացում: Եթե մեր իշխանությունները հենց հիմա են ուզում Արցախին ներգրավվել, ապա նախ անհրաժեշտ է դիվանագիտական ու քաղաքական խողովակներով համոզել պաշտոնական Մոսկվային, Փարիզին և Վաշինգտոնին ընդունել այս մոտեցումը և դրանով հանդերձ համոզել կամ նույնիսկ պարտադրել Ադրբեջանին որպեսզի վերջինս կարգավորման տարբերակների շուրջ բանակցի նաև Արցախի իշխանությունների հետ: Կհաջողվի՞ արդյոք Փաշինյանի կառավարությանը իրականացնել դա թե՞ ոչ, դեռևս հարց է: Իսկ կընդունի՞ այս մոտեցումը Ադրբեջանը թե՞ ոչ, էլ ավելի մեծ հարց է: Այնուամենայնիվ, անկախ նրանից թե կողմերից ո՞վ, ինչպիսի՞ վերաբերմունք կունենա Արցախի մասնակցությանը այս փուլում՝ այդ հարցը միշտ անհրաժեշտ է բարձրացնել՝ առանց ապակառուցողականության դաշտ մտնելու:


Երկրորդ ուշագրավ հանգամանքը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքների և 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմք ՀՀ կառավարության համար ընդունելի լինելու կամ չլինելու վերաբերյալ հարցադրումն է: Պատճառը, ըստ Փաշինյանի՝ կողմերի միջև առկա տարընթերցումներն են և փաստորեն այստեղ նա ակնկալում է, որ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Կարելի է ենթադրել, որ վարչապետը բանակցություններում ձգտելու է հասնել մի փաստաթղթի, որտեղ արձանագրվելու են սկզբունքների և տարրերի նշանակությունները գործնականում: Այսինքն կողմերի իրավասություններն ու դրանց գործողությունների փաստացի նկարագրությունները, իրականացման հաջորդականությունը, ժամկետները, ձևերը, երաշխիքները, իրավական ընթացակարգերը, բոլոր տիպի գործողությունների համար մասնակից ու պատասխանատու սուբյեկտները և այլն: Այդ դեպքում ի՞նչի մասին էր կազանյան տարբերակը, կամ դրան հաջորդած մյուս տարբերակները, եթե ոչ հենց այդ սկզբունքների ու տարրերի գործնական նշանակության հստակեցման: Իսկ վարչապետի կարծիքով, ինչի՞ շուրջ էին մինչ այժմ ընթանում բանակցությունները: Արդյոք հենց այդ հստակեցմանն ուղղված աշխատանքներն ու միջնորդական ջանքերը չէր շարունակ վիժեցնում Ադրբեջանը: Թե՞ նախորդ բանակցողները հաճույք էին ստանում բականցությունների անընդհատությունից ու հակամարտության ձգձգվածությունից: Ինչևիցե, վարչապետի այս հայտարարությունը վկայում է, որ նա գնում է բանակցությունների և հուսամ, որ գիտի թե ինչի՞ համար է գնում: Սա կարևոր է:


Եվ երրորդ առանցքային շեշտադրումը Նիկոլ Փաշինյանի ելույթում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է: Հատկապես, որ մենք պետք է ոչ միայն մեզ, այլ նաև ադրբեջանցիներին պատրաստենք խաղաղության: Սա հետաքրքիր է, անձամբ ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Գուցե նրա համար, որ նախորդ քսանհինգ տարիներին անընդհատ պայքարել եմ նրանց դեմ, ռազմական, քաղաքական, դիվանագիտական, հասարակական, տեղեկատվական բոլոր հարթություններում և դրա համար ունեցել եմ բազմաթիվ պատճառներ: Ես բոլորից շատ եմ ուզում կայուն ու երկարատև խաղաղություն, բայց միևնույն է դեռևս չգիտեմ թե ինչպե՞ս պետք է ադրբեջանցիներին պատրաստեմ խաղաղության: Պատերազմի՞ միջոցով, թե՞ երկխոսության: Վստահ չեմ, որ իմ խաղաղարար կոչերը ազդեցիկ կլինեն ադրբեջանցիների համար, և նրանք վերջապես հանգիստ կթողնեն Արցախին: Իսկ գուցե մեր իշխանություններին կլսե՞ն նրանք: Կյանքը ցույց կտա: Նիկոլ Փաշինյանին հաջողություն մաղթենք առաջիկա բանակցություններում, մենք էլ զենքներս վայր չդնենք:

Միրոսլավ Լայչակ, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար

Միրոսլավ Լայչակ, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար

Մենք ունենք գործընթաց, որն անցկացվում է արդեն գործող ձևաչափով և որն արդեն իսկ որոշակի արդյունքների հանգեցրել է: Իհարկե, Հայաստանի կառավարությունն է, որ պետք է որոշի, թե ինչպես է աշխատելու, բայց բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունվի բոլոր կողմերի համար: Ես կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդիրների քննարկմանը, և վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձև ունի գոյություն ունեցող ձևաչափում բանակցությունների շարունակման համար:

Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար

Զոհրաբ Մնացականյան, ՀՀ ԱԳ նախարար

Վարչապետն իր ելույթում անդրադարձել է երեք սկզբունքների և վեց տարրերի։ Ես կարծում եմ, որ նա բավականին պարզ է եղել իր հայտարարության մեջ, որ մենք նպատակ չպետք է ունենանք լեզվակռվի մեջ մտնելու այս հարցի շուրջ, այլ՝ հստակեցնելու կողմերի մոտեցումներն ու մեկնաբանությունները ընկալումների առումով։ Վարչապետի հայտարարությունն ընկալել որպես վերանայում, կարծում եմ` այդպես չէ, քանի որ նա ոչ մի կերպ նման ազդակ չի տվել, այլ ավելի կարևոր ազդակ է տվել․ այն է, որ մեզ անհրաժեշտ է աշխատել, որպեսզի բացառվեն այնպիսի մեկնաբանություններն ու մոտեցումներն այս հարցի ուղղությամբ, որոնք միակողմանի են դարձնում այդ փաթեթը և խնդիր են առաջացանում ընկալումների առումով։ Խնդիրը վերաբերում է ընկալումներին և թե ինչպես են դա տեսնում կողմերը և որքանով են կողմ նրանց ընկալումներն այս փաթեթին:

Լեյլա Աբդուլաևա, Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար

Լեյլա Աբդուլաևա, Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար

Հայաստանի վարչապետը վերջ է դրել բառախաղին՝ բարձրաձայնելով Ղարաբաղի հայության գաղափարը, ասելով, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը ոչ թե ժողովուրդ են, այլ՝ հայ համայնք: ՀՀ վարչապետը, ով հայտնում է, որ վաստակել է ժողովրդի վստահությունը, ճիշտ ժամանակն է քաղաքական կամք դրսևորելու: Քանզի երկիրը, որը հայտարարում է խաղաղասիրության մասին, չի կարող օկուպացնել այլ երկրի տարածքները... Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի դեպքում չի կարող քննարկման առարկա դառնալ: Կրկնում ենք՝ երկար տարիներ շարունակվող բանակցային ձևաչափը հստակ է, և ներկայացված է Հելսինկյան եզրափակիչ ակտում, որի մասին նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ իրենց վերջին հայտարարության մեջ:

3770 | 0