Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Օգտատերերը քննարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

երկուշաբթի, 11 մարտի, 2019 թ.
Օգտատերերը քննարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Ինչպես արդեն հայտնել էինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջիկայում սպասվող հանդիպման վերաբերյալ:


Այս թեման մեկնաբանել են`

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն արցախյան հիմնախնդրի կագավորման շուրջ, որոշակի հարցեր է առաջացնում: Դրանց ավելի բաց կանդրադառնամ, երբ մեր ԱԳՆ-ն այդ հայտարարության որոշ ձևակերպումների վերաբերյալ պարզաբանումներ տա: Օրինակ՝ ինչո՞ւ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմավորվածությունների մասին, որոնց վրա Ադրբեջանը հետևողականորեն թքած ունի: Ու երբ Ալիևը հայտարարում է` «Ուժի գործոնը մշտապես եղել և մնում է մեր օրակարգում», հասկանալի չէ, թե ի՞նչ շրջակա տարածքների վերադարձի մասին են խոսում համանախագահները: Մեկ բան հստակ է` անցյալին վերադարձ չկա` մենք շատ թանկ գին ենք վճարել:

Նաիրի Բադալյան, քաղաքագետ

Նաիրի Բադալյան, քաղաքագետ

Արցախյան խնդրի կարգավորման Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ բացել են բանակցությունների սեղանին դրված լուծման պլանը և ընդգծել, որ այն մշակվել ու այս սկզբունքների տեսքի է բերվել դեռ 2009-12թթ.: Այնպես որ լավն է, թե վատն այս տարբերակը, բայց դրա համար նոր իշխանություններին ազնիվ չէ քննադատել։ Հենց որ նախկինները թող ձայններն այս հարցում գոնե կտրեն։ Իսկ հիմա՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ ԱՐՑԱԽՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԱԾ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՊԼԱՆԸ. անդրադառնալով վերջին շրջանում Մինսկի խմբի գործընթացի բովանդակության մասին հակասական հանրային հայտարարություններին, համանախագահները վերահաստատում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի եզրափակիչ ակտի առանցքային սկզբունքների վրա, մասնավորապես, ներառելով ուժի չգործածումը, տարածքային ամբողջականությունը և հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշումը:

Դավիթ Բաբայան, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Դավիթ Բաբայան, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Արցախյան խնդրի վերջնական կարգավորում հնարավոր է, եթե պաշտոնական Ստեփանակերտը մասնակցում է բանակցային գործընթացին: Քանի դեռ այս ձևաչափով է, դժվար կլինի այդ ամենին հասնել և դա նշանակում է, որ տվյալ դեպքում հիմանական շեշտը շարունակվելու է դրվել հենց տարածաշջանում խաղաղության և կայունության պահպանման վրա: Ինչ վերաբերում է մեր տեսլականին, ես կրկնում եմ՝ այն չի փոխվել, չի կարող լինել վերադարձ անցյալին, լինի դա սահմանների, թե կարգավիճակի առումով: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախության և մեր անկախ պետության, ազատ հայրենքի կերտելու համար: Թուլացումն այստեղ ընդհանրապես ազդելու է հայոց պետականության, Սփյուռքի վրա: Բոլոր մարտահրավերներին դիմադրելու համար շատ պարզ բանաձև կա` միասնականություն, հզոր բանակ, համախմբված հասարակություն, որտեղ առանցքային դերակատարություն պետք է ունենա սոցիալական արդարությունը:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Այս հայտարարության մեջ ամենաուշագրավն այն է, որ մերժվում են 2012-ից հետո կարգավորման տարբերակների ռուսական մուտացիաները՝ Կազան, Լավրովի պլան։ Այ սրա համար դուք՝ երկու նախկին նախագահությունների ներկայացուցիչներդ, պետք է մատաղ անեք ու շնորհակալություն հայտնեք Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը։ Իսկ որ Արցախին բանակցային կողմ դարձնելուց Փաշինյանի կառավարությունը չպետք է հրաժարվի, դա հաստատ է։ Հաջորդ հանդիպմանը թող բոլորը՝ Ադրբեջանն ու համանախագահները, փնտրեն հարցի պատասխանը, թե սեղանի շուրջ ո՞վ է ներկայացնում Ստեփանակերտին ու ո՞վ պետք է դիրքորոշումներ հայտնի նրա փոխարեն:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանն Արցախը հանեց բանակցային գործընթացից, ինչով մեծագույն նվեր արեց Ադրբեջանին: Հիմա Նիկոլ Փաշինյանը փորձում է վերականգնել այդ սխալի հետևանքները ու հանդիպում է դիմադրության թե՛ Ադրբեջանի և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Սա է ողջ պատմությունը: Իսկ կարևորագույն հարցն այն է, թե որդյո՞ք Նիկոլը «զադնի» չի տա Ստեփանակերտին բանակցային սեղանին վերադարձնելու իր ուղուց և որո՞նք են այդ հաստատակամության ռիսկերը:

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրն Արցախի հիմնահարցն է: Մնացած բոլոր խնդիրները հնարավոր է լուծել մի քիչ լավ, մի քիչ վատ, մի քիչ ճիշտ, մի քիչ սխալ, սակայն Արցախի խնդիրը դուրս է այս համատեքստից: Այն ամենից առաջ պատասխանատվություն է պատմության և սերունդների առաջ... Հայաստանի հասարակական-քաղաքական էլիտան, մտավոր ընտրանին արդեն 30 տարի կանգնած է այս խնդրի լուծման պռնկին, և լուծում չկա... Այս խնդիրը լուծելու համար ամենից առաջ անհրաժեշտ է ունենալ քաղաքական խիզախություն, համարձակություն, մեր զավակների ապագայի առաջ պատասխանատվության զգացում և հաղթելու կամք...

Ավետիք Չալաբյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ավետիք Չալաբյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում, ևս մեկ անգամ, ընդգծվում են Մադրիդյան սկզբունքների հիման վրա Արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Թեև հայտարարությունն ուղղված է բոլոր կողմերին, ըստ էության, այն ավելի շատ միակողմանի ուղերձ է հայկական կողմին, քանի որ արդեն հիմա ակնհայտ է, որ Մադրիդյան սկզբունքները չեն կարող լինել հակամարտության կարգավորման իրական հիմք, և հանգեցնելու են հայկական կողմի համար միակողմանի զիջումների, և ի վերջո, Արցախում հայկական պետականության կորստի։ Հայաստանյան նոր իշխանությունը կանգնած է այսօր բարդ երկընտրանքի առաջ։ Ակնհայտ է, որ այս սկզբունքների հիման վրա կնքած ցանկացած համաձայնագիր չի ընդունվելու հայության ճնշող մեծամասնության կողմից, և բերելու այն կնքող իշխանության անկման, և դա շատ լավ են հասկանում նոր իշխանության առանցքային անդամները, որոնք սկսել են վերջին շաբաթներին կոշտացնել իրենց հռետորաբանությունը։ Մյուս կողմից, բանակցություններից հրաժարումն այսօր Ադրբեջանին հնարավորություն կտա սանձազերծել նոր պատերազմ, այս անգամ արդեն միջնորդ երկրների լուռ թողտվությամբ, և մեզ համար անկանխատեսելի արդյունքներով։ Լուծումը այսօր միարժեք չէ։

Արմեն Դուլյան, լրագրող

Արմեն Դուլյան, լրագրող

Մինսկի խումբը քանի տարի է հորդորում է Ադրբեջանին դադարեցնել պատերազմի կոչերը, Բաքվում թքած ունեն դրա վրա ու ոչ մեկի, նույնիսկ այնտեղի ընդդիմության մտքով չի անցնում ասել՝ դա ապտակ ու դեղին քարտ է Ալիևին... Հիմա, երբ Մինսկի խմբի համանախագահներն ակնարկել են, որ դեմ են բանակցությունների ձևաչափի փոփոխությանը, մենք պատրաստ ենք դրանից ողբերգություն սարքել... Համանախագահներն, ի դեպ, կարող էին ավելի հեռուն գնալ և փաստել, որ հայկական կողմը ժամանակին՝ ուղիղ 20 տարի առաջ, ինքն է Ղարաբաղին դուրս մղել բանակցություններից.... Ողբերգություն սարքելու փոխարեն հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը մի 10 ամիս առաջ է հայտարարել, որ չի բանակցելու Արցախի փոխարեն ու այսքան ժամանակ համանախագահները քար լռություն են պահպանել, այսինքն՝ պարզապես արհամարհել են հայկական կողմի դիրքորոշումը... Եթե մենք դրանից չենք նեղացել, ինչո՞ւ ենք հանկարծ հիմա խրտնում, երբ վերջապես անդրադարձել են այդ հարցին... Այսինքն՝ ինչ էինք ակնկալում, որ Մինսկի խումբը մեզ ասեր՝ ապրեք՝ 20 տարի շարունակ սխալ դիրքորոշում եք ունեցել, հիմա լավ եք անում, որ վերջապես փոխո՞ւմ եք... Բնականաբար, նրանց համար տարօրինակ է հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը, որովհետև երկու տասնամյակ շարունակ իրենք միայն Հայաստանի ու Ադրբեջանի հետ են բանակցել.... Բայց արդյոք դա նշանակում է, որ հայկական կողմը պիտի մտածի միայն մի բանի մասին՝ հանկարծ Մինսկի խմբի համանախագահներին նեղություն չպատճառենք, հանկարծ մի բան չասեն մեզ... Տարիներ շարունակ համանախագահները կրկնում ու կրկնում են՝ ուժային ճանապարհով հարցը չի լուծվի.... Դա արգելք հանդիսացա՞վ ադրբեջանցիների համար, երբ երեք տարի առաջ լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Արցախի վրա... Բա էդ ինչո՞ւ միայն հայկական կողմը պիտի մտածի համանախագահներին նեղություն չպատճառելու մասին...

Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար

Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար

Բանակցային գործընթացի ճահճացած վիճակում ղարաբաղյան կողմի մասնակցությունը կարող է խթան լինել առաջընթացի համար, ուստիև այս ուղղությամբ Փաշինյանի կառավարության ջանքերն արդարացված են ու հիմնավորված։ Չեն ընդունել՝ չեն ընդունել, մեղքն իրենց վիզը։ Իսկ Հայաստանի ակտիվում այն կմնա որպես մեկ պլյուս, որպես մեկ դրական նախաձեռնություն։ Ու բացարձակապես ոչ մի պատճառ չկա ընտրված ուղուց շեղվելու համար։ Փաշինյանը կարող է շարունակել պնդել, որ չի հրաժարվում բանակցային գործընթացից և մշտապես պատրաստ է Հայաստանի անունից մասնակցել բանակցություններին՝ ստանձնելով իր բաժին պատասխանատվությունը։ Իսկ թե ղարաբաղյան կողմի համար ով է պատասխանատու՝ դա արդեն իր խնդիրը չէ, այլ իր նախաձեռնությունը մերժողների։ Առավելագույնը, ինչ նա կարող է խոստանալ միջնորդներին, հետևյալն է՝ կշարունակեմ «ազդեցություն գործադրել» ԼՂ իշխանությունների վրա՝ «հակամարտությունը դադարեցնելու համար», այսինքն՝ այն, ինչ պահանջվում էր ՄԱԿ-ի բանաձևերով, մասնավորապես՝ թ. 853 և թ. 884 բանաձևերով։

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Ասվում է՝ ԼՂ իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, որը հակասում է հայկական կողմի մոտեցմանը: Արցախի քաղաքացիները 1991-ի հանրաքվեով ինքնորոշվել են ու դա պարտադիր իրավական ուժ ունի և հիմա կրկին պնդել, որ նման հանրաքվե անցկացվի, նշանակում է՝ հաշվի չառնել այդ հանրաքվեն: Մտահոգիչ է նաև ԼՂ-ին շրջապատող տարածքների հարցը և առաջին անգամը չէ, որ այս խոսակցությունը գնում է: Բացի այդ, որևէ կերպ չի դատապարտվում այն հայատյացությունը, որ առկա է Ադրբեջանում՝ մանկապարտեզից մինչև ծերանոց... Անկախ ամեն ինչից՝ մենք պետք է պահենք մեր մոտեցումները:

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Քաղաքական ուժերը բողոքում են ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության հայտարարությունից։ Բայց տրտունջի փոխարեն՝ ավելի հետաքրքիր կլիներ լսել կարգավորման կոնկրետ տեսլական, կոնցեպցիա։ Այլապես ստացվում է՝ ԼՂ խնդրով քաղաքական, հանրային դիսկուրս գոյություն չունի ու ազգովի կառչած ենք ստատուս-քվոյի պահպանման թեզից՝ առանց գիտակցելու, որ լայն իմաստով՝ այն ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ՝ դրա բացակայություն։

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ

Գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ. 2018-ի մայիսից հրապարակային իմ մտահոգությունն եմ հայտնել Արցախյան կարգավորման հետ կապված: Երբ Ալիևն ու Էրդողանը Բաքվում շքերթ էին ընդունում ու հակահայկական ելույթներ էին ունենում, ասում էի, որ Բաքուն ու Անկարան միավորվում են, իսկ Փաշինյանն ազգը բաժանում է սևերի ու սպիտակների: Ալիևը հայտարարում էր տարածքների վերադարձի մասին, իսկ Փաշինյանը տպավորված էր նրա կիրթ ու նորմալ վարքից: Դեսպան Միլսը խոսում էր տարածքներ խաղաղության դիմաց թեզից, իսկ Փաշինյանն այն համարում էր հեռացող դեսպանի հայտարարություն: Ահազանգեցի, երբ Բոլթոնը Երևանում առաջարկում էր մեզ հրաժարվել մեր պատմական կաղապարներից: Ի պատասխան՝ Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց, որ այդ հայտարարությունը վնասներ չի պարունակում: Ահազանգում էի, երբ Ալիևն ու Մամեդյարովը 2019-ը հռչակում էին առաջընթացի տարի: Մեր կառավարությունը այդ ժամանակ էլի լռում էր: Նիկոլի իշխանությունը նույնիսկ լռում էր, երբ դեկտեմբերի 17-ին Ալիևը բաց տեքստով չբացառեց ռազմական լուծման հեռանկարը: Ես կոչ էի անում սթափվելու, միավորվելու ու գիտակցելու հնարավոր ռազմական բախման վտանգը, իսկ Փաշինյանի իշխանությունը խոսում էր խաղաղության մասին: ԵԱՀԿ Մինսկի խումբը մտահոգիչ հայտարարությամբ է հանդես գալիս, իսկ Նիկոլի իշխանությունը նրան մատների արանքով է նայում ու ասում, թե հերթական հայտարարություն է: Ադրբեջանը մայիսից ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը՝ հնարավոր ուղղություններով, իսկ Փաշինյանի իշխանությունը զբաղված է սելֆի անելով, լայվ մտնելով ու ծաղիկ բաժանելով: Տղե՛րք, լրջացեք: Հասկանում եմ, որ գրեթե անհնար բան եմ պահանջում ձեզնից, բայց պարտավոր եք լրջանալ:

3566 | 0