Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Պետության խորհրդանիշերն ԱԺ աշխատասենյակ չեն, որ ամեն մի նոր իշխանություն ռեմոնտ անի». համացանցը քննարկում է հիմնը փոխելու հարցը

ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ.

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ հայտարարվում է մրցույթ՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի տեքստի մրցույթին մասնակցելու համար:


Հիեցնենք, որ ավելի վաղ նա ֆեյսբուքյան էջում կիսվել էր Արամ Խաչատրյանի օրհներգի տարբերակով և գրել. «Այ սա հզոր օրհներգ է, որն համապատասխանում է բոլոր պահանջներին»:

Այս թեման մեկնաբանել են`

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրդվելի է։ Հավանաբար նա մանկուց երազել է լինել ՀՀ հիմնի հիմնադիր, որ իր անունը հավերժ մնա հայոց պատմության մեջ։ Անկեղծ, սկզբում չարձագանքեցի նրա նախաձեռնությանը, հետո կարծես կիսապաշտոնապես հերքվեց հիմնը փոխելու օրակակարգային հարցը, բայց Ալեն Սիմոնյանը համառում է։ Հիմնի և տեքստը և երաժշտությունը հավանել կամ չհավանելը, այն համեմատելն այլ, մասնավորապես, Արամ Խաչատրյանի հեղինակած ՀԽՍՀ հիմնի մեղեդու հետ, ընդունենք որ ոչ թե քաղաքական, այլ զուտ ճաշակի հարց է։ Եթե այդպես է, ապա արդյոք պարոն Սիմոնյանը ցանկանում է իր ճաշակը պարտադրել, ոչ միայն Հայաստանի, այլև ողջ հայ ժողովրդին։ Իհարկե, նա կպնդի, թե սա ոչ թե պարտադրելու է, այլ քննարկելու, համոզելու և եթե, և այլն և այլն․․․ Բայց որքան էլ խոսենք ճաշակի, Խաչատրյանի մեծության, ՀԽՍՀ հիմնի խրոխտության և այլնի մասին, ամեն դեպքում հիմնի փոփոխությունը կունենա շատ խորհդանշանական բնույթ՝ մեծարում Խորհրդային, ոչ անկախ Հայաստանին։ Իսկ «Մեր Հայրենիքի» տեքստը Միքայել Նալբանդյանինն է՝ հայ ժաղովրդի ազատության խորհդանիշ բանաստեղծինը։ Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ հայտնի ճշմարտություններին, որ պետության խորհրդանիշներն այն ավանդույթներն են, որոնց փոփոխությունների համար շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ, այնպիսիք, ինչպես եղավ 1990թ․ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունելով։ Գիտի՞, արդյոք Ալեն Սիմոնյանը, որ «Մեր Հայրենիք» երգելով իր պապերը հաղթել են Սարդարապատում և կերտել անկախ Հայաստան։ Ալեն Սիմոնյանն իր պատանեկությունն ու երիտասարդությունն անցկացրել է․ ոչ թե խորհրդային, այլ արդեն անկախ Հայաստանում։ Հավանաբար, նա չի պատկերացնում, թե ինչ էր անկախության երազանքը, երբ արգելված էր եռագույնը, գերբը, «Մեր Հայրենիքը»։ Չի պատկերացնում գաղտնի և կիսագաղտնի հավաքները, երբ ընկերներով հուզմունքով երգում էինք «Մեր Հայրենիքը», իսկ անկախությունը թվում էր՝ այնքան անհասանելի․․. Գուցե այս նախաձեռնությունն ընդամենը ինքնահաստատմա՞ն հարց է․․․

Սուրեն Սուրենյանց, քաղաքագետ

Ալեն Սիմոնյանը, որին միշտ համարել եմ Նիկոլ Փաշինյանի թիմի ամենակայացած գործիչներից մեկը, վերջնականապես կորցրել է քաղաքական ադեկվատությունը։ Ալենը «խաչակրաց արշավանք» է սկսել Առաջին ու Երրորդ հանրապետությունների դեմ՝ ռեստավրացնելով բոլշևիկյան, օկուպացված Հայաստանի խոհրդանիշները։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է սանձել Ալենին, հակառակ պարագայում ստացվում է, որ հեղափոխությունն ուղղված է Երրորդ Հանրապետության դեմ՝ մեզ վերադարձնելով սովետական օկուպացիա։ Արամ Խաչատրայանը մեծություն է, նրա ստեղծագործությունը, սակայն, անկախ դրա գեղարվեստական բարձր արժեքից, նույնանում է սովետական գաղջ անցյալի, այն նոմենկլատուրայի հետ, որոնք մնացին 88-ի շարժման հզոր ալիքի տակ...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Մի բան էլ խաչատուրյանական հիմնի մասին. քաղաքագիտորեն ու իրավական առումով Հայաստանի ներկայիս Հանրապետությունը Խորհրդային միության բովանդակությունից իսպառ հրաժարված պետություն է՝ քաղաքական ռեժիմ, տնտեսական կացութաձև, արժեհամակարգ, անգամ խորհրդային պատմության առանցքային դրվագներ՝ Ղարաբաղի հարցով Կավբյուրոյի որոշումից մինչև Ստալինյան ռեպրեսիաներ (տես դրանք ուղղակի կամ անուղղակի դատապարտող նորմատիվ ակտերը) և այլն: Որքան էլ ընդունեմ բոլորի իրավունքների հավասարությունը, հենց այս կոնտեքստում խորհրդային անցյալի ատրիբուտիկային, թեկուզև՝ անզուգական խաչատուրյանական մելոդիային, վերադառնալը մերժող քաղաքացիների իրավունքը միանգամայն իրավազոր է, օրինական, գերակա, քան այն հարգարժան քաղաքացիներինը, ովքեր այդ ատրիբուտիկային վերադառնալու պահանջ են դնում: Այնպես որ՝ իրավիճակը ամենևին երկու ճամբարների հավասար իրավունքների մասին չէ: Սա մեկընդմիշտ հիշեք:

Լիզա Ճաղարյան, լրագրող

Ես կտրականապես դեմ եմ Արամ Խաչատրյանի օրհներգը վերականգնելու առաջարկին։ Ինչքան ուզում է մեծ լինի Արամ Խաչատրյանը, այդ օրհներգը գրվել է ռուսական կայսրության գաղութ Հայաստանի համար, և մարդկանց գիտակցության միջից դա հանել հնարավոր չէ ու պետք էլ չէ, որ հանվի։ Ի դեպ, պարոն Ալեն Սիմոնյան, ես դեմ եմ, որ օրհներգը փոխվի, բայց դաշնակ չեմ և նույնիսկ ամենամղձավանջային երազում երբեք դաշնակ չեմ եղել:

Արփի Մախսուդյան, լրագրող

Պետության խորհրդանիշներն ԱԺ աշխատասենյակ չեն, որ ամեն մի նոր իշխանություն, ըստ իր ճաշակի, ռեմոնտ անի...

Լիլիթ Բլեյան, երգչուհի

Մեր օրհներգի մասին շատ եմ մտածել, հատկապես երբ սկսեցի հայերեն երգերում առկա բառային ու երաժշտական շեշտերի անհամաձայնություններն ու դրանց պատճառներն ուսումնասիրել։ «Մեր հայրենիքը» էդ առումով անհամաչափության օրինակ է՝ բառերի շեշտերն անընդհատ բախվում են այլ ռիթմ ունեցող մեղեդուն, ու էդտեղ մեր ականջը բնականորեն «նեղվում է»։ Կան այլ հարցեր էլ՝ կապված մեղեդու ծագման, տեքստի սկզբնական իմաստի հետ և այլն։ Բայց։ Արդյոք դա պիտի պատճառ հանդիսանա՝ այսօր օրհներգը փոխելու։ Օրհներգը խորհրդանիշ է՝ խորհրդանշում է մի ժամանակաշրջան, երբ բազմադարյա անորոշությունից հետո վերջապես հանկարծ հստակ գծվեց մեր պետությունն աշխարհի քարտեզի վրա, ու սկսվեց մեր երկրի նոր կյանքը։ Խաչատրյանի հեղինակած օրհներգը մեր երկրի ա՛յլ փուլի արտացոլումն էր՝ հիմնված բավականին արհեստական տեքստի վրա (ի դեպ՝ բազմաթիվ ռիթմիկ անհարթություններով), պետության պատվերն էր՝ պետություն, որն, այնուամենայնիվ, էլի՛ ժառանգորդն էր Առաջին Հանրապետության։

Տիգրան Աթանեսյան, փաստաբան

Սովետական Հայաստանի օրհներգն իր դարն ապրել է, այն կարելի է հիշել զուտ որպես պատմություն: Պետք չէ հիշել միայն պահեստից անպատիժ գողանալու «անհոգ տարիները», այլ նաև՝ հարյուր հազարավոր անմեղ զոհերին, քաղբանտարկյալներին, խոսքի և խղճի ազատության կատարյալ բացակայությունը, չհավատալ լավ կյանքի և անվճար ամեն ինչի հասանելիության մասին կեղծ լեգենդներին: Սովետիզմը պետք է թողնել անցյալում՝ իր խորհրդանիշներով հանդերձ: Իսկ Արամ Իլյիչի անունն անիմաստ են շահարկում. նա ունի շատ ավելի լավ ստեղծագործություններ, բայց դե ընդունեք, որ «Սուսերով պար»-ից օրհներգ դժվար թե ստացվի:

Լիլիթ Գալստյան, ԱԺ նախկին պատգամավոր

Տղաներ և աղջիկներ, լրջացեք, մի արժեզրկեք ձեր խոսքի արժեքը, թեև այն արժեզրկելու իրավունքը ձերն է։ Բայց, այ մեր պետական ինստիտուտներն, ուր հայտնվել եք, արժեզրկելու իրավունք մի՞թե ունեք։ Մի՞թե ինքնաիրավչություն չէ, երբ քաղաքական մեծամասնության ղեկավարը հայտարարում է, որ օրակարգում ՀՀ օրհներգի փոփոխության հարց չկա, ու մեկ էլ նույն խմբակցությունից մի պատգամավոր անհատական նախաձեռնությամբ օրհներգի տեքստի մրցույթ է նախաձեռնում ու մրցութային անձնական աշխատանքային խումբ ձևավորում։ Այսպիսի լիազորություններ որտե՞ղ են ամրագրված, ո՞վ է հաստատել այդ աշխատանքային խումբը և նրան օժտել այդպիսի լիազորություններով։ Ու այստեղ սկսվում է զվարճալին ու զավեշտականը․ հին օրերի ներկայացուցչական կաղապարով հղացած այդ աշխատանքային խմբում ընդգրկված արհեստավարժներն իրենց հարց տվե՞լ են՝ ո՞ւմ անունից են հանդես գալիս․.. Գուցե անսաք վարչապետի հորդորին՝ «հանգիստ նստեք տեղներդ» ու գործ անեք։

5169 | 1