Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Նիկոլ Փաշինյանի՝ «աղքատության հաղթահարման» բանաձևը

չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ.

Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացրել էր աղքատության հաղթահարման ուղիները. «Ինչպես 2018թ. ապրիլի 16-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակի ինքնաշեն ամբիոնից հայտարարեցի ՀՀ-ում ոչ բռնի, թավշյա ժողովրդական հողափոխության մեկնարկը, այնպես էլ հիմա՝ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում եմ ՀՀ-ում համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Ինչպես հայ ժողովուրդը հաղթել է ամենաթողությունը, կոռուպցիան, կլանային համակարգը, նույն կերպ հաղթելու է նաև աղքատությունը, խեղճությունն ու անգործությունը... Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի...»:

Այս թեման մեկնաբանել են`

Գևորգ Պետրոսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Ասում եք՝ մարդը նախևառաջ իրա գլխում պետք է հաղթահարի սովն ու աղքատությունը: Կներեք, Դուք ասում եք՝ հանդուրժողականության ու փոխադարձ կամեցողության մթնոլորտում հեղափոխություն արեցինք, հիմա եթե, պայմանականորեն, Ձեր քույրը կամ եղբայրը գա, ասի՝ աղքատ եմ, էդպիսի պատասխան կտա՞ք...

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Աղաքատությունը ծնվո՞ւմ ա գլուխներում, թե՞ հայտնվում ա այնտեղ ինչ-որ պատճառով:

Արթուր Հայրապետյան, լրագրող

Ես դեռ միայն Հայաստանում եմ տեսել աղքատ, թշվառ հայեր։ Աշխարհի ոչ մի երկրում աղքատ հայի չեմ հանդիպել։ Ավելին, Հայաստանից դուրս, աղբամանները քչփորող հայի էլ չեմ հանդիպել... Բա, ինչպես է պատահում, որ Հայաստանից դուրս հայն աղքատությունն իր գլխից հանել է, փռել ասֆալտին, բայց համա իր երկրում աղքատությունը գլխում ապրում է, ոչ մի կերպ չի կարողանում ազատվել... Օ՜ֆ աման, եսիմ է։ Գլուխներդ փոխեք, տեսնենք աղքատությունը կվերանա՞, բայց ոնց որ գլուխը հետո պետք էլ չգա...

Մանուել Մանուկյան, «Դիրքապահ. Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի նախագահ

Պարոն վարչապետ, իսկ իշխանավորների գլխում ի՞նչ պրոբլեմ կա, որ աղքատների գլխում եղած պրոբլեմը չեն կարողանում լուծել...

Դերենիկ Մալխասյան, քաղաքական մեկնաբան

Մարդկանց ուղեղներից աղքատությունը վանելու երկրոպեանոց համապետական սեանսներ են կազմակերպվելու։

Գեղամ Պետրոսյան, ՀՀԿ անդամ

Մինչ մշակույթը տեղավորվել է «Իմ քայլը» խմբակցության, իսկ բացարձակ իշխանությունը` Նիկոլի մեջ, երեկ պարզ դարձավ, որ աղքատությունը վերջնականապես հանգրվանել է ժողովրդի գլխում։ Փնտրվում է Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացումն ու հպարտ երջանկությունը։

Արման Ղարիբյան, «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր

Նիկոլ Փաշինյան. «Եթե թոշակառու տատիկը 1 կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի բարձրանա»։ Մեր վարչապետի շրջապատում չկա՞ մեկը, ով նրան կհուշի, որ եթե թոշակառու տատիկը ՀԴՄ կտրոն պահանջի, հաջորդ անգամ այդ խանութը նրան նիսյա ապրանք չի տա․․․
Հ.Գ. Ո՛չ, աղքատությունը մարդկանց ուղեղում չէ, այլ` ծակ գրպաններում։

Գևորգ Աճեմյան, վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ

Ասելով, թե աղքատությունը մարդկանց գլխում է, Փաշինյանը նաև փորձում է կրկին լեգիտիմացնել օլիգարխների ոհմակը։ Այսինքն` մոնոպոլիաներ չեն եղել, մարդկանց ձեռքից բիզնեսներ չեն խլել կամ կես-կես արել, դիվերսիֆիկացված տնտեսություն է եղել։ Ինչ է ստացվում` քաղաքացիներն իրենք են մեղավոր, որ Հայաստանում իրենք աղքատ են, բայց գնում են արտասահման ու հաջողությունների հասնում։ Արդեն 2 ամսից ավելի է, ինչ ԱՄՆ-ում և մեկ նախադասությունով ուզում եմ պատկերացնեք հայի ստեղծարարության ու աշխատասիրության մակարդակը։ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՎԱՏ ԱՊՐՈՂ ՀԱՅ ՉԵՄ ՏԵՍԵԼ։ Ու նենց չի` ես օլիգարխ եմ, միայն հարուստների հետ եմ շփվում, դրա համար էլ չեմ տեսնում։ Մեծ մասդ շատ լավ գիտի, թե ինչու եմ ԱՄՆ-ում։ Էնպես որ, վարչապետին ասեք` GO HOME BRO, YOU'RE DRUNK...

7054 | 2