Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 22 հուլիսի, 2019 թ.

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Տիգրան Պասկևիչյանի՝ «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը

չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.

Ինչպես արդեն հայտնել էինք, Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց Մարտի 1-ի ողբերգության մասին հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը:

Այս թեման մեկնաբանել են`

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Ի պատասխան 5-րդ հեռուստաալիքով վերջերս ցուցադրված 2008թ․ մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին Ռոման Բաբայանի նկարահանած բավականին թույլ և միակողմանի ֆիլմին, Հ1-ը ցուցադրեց «Կորսված գարուն» վավերագրական ֆիլմը։ Ֆիլմի հեղինակն է 2008թ․ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Պասկևիչյանը։ Նա Լևոն Տեր-Պետրոսյանի այն երկրպագուներից է, ով վերջինիս մասին արտահայտվում է որպես Հայաստանի, շեշտում եմ՝ Հայաստանի հիմնադիր նախագահ (այսինքն Հայաստանի հիմնադիր, ավելին քան Հայկ Նահապետը): Արդ, որքանո՞վ կարող է ֆիլմը լինել օբյեկտիվ։ Պարզ է, որ այն միակողմանի քաղաքական քարոզչական նյութ է։ Չգիտեմ` արդյոք ճի՞շտ է Հանրային հեռուստաընկերությամբ «պատասխանել» մասնավորին։ «Մասնագետները» կասեն՝ այոʹ, չէ՞ որ երկուսն էլ հանրային տարածք են զբաղեցնում։ Բայց չէ՞ որ Հանրայինը բյուջետային է, իսկ բյուջեն ձևավորվում է մեր հարկատուների հարկերից, ում չի կարելի պարտադրել միակողմանի քարոզչություն։

Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը եղելությունը ներկայացնող փաստերի շարադրանք է, շատ մարդկային ֆիլմ։ Ուշացած ցուցադրումը նաև մի լավ բան ունի իր մեջ` առավել սթափ հայացքով նայել տարիներ անցած դեպքերին, բայց միևնույնն է ազդեցությունը շատ մեծ է։ Սա անմոռանալի մի եղելություն է, որ մեզ չի լքելու երբեք։ Ի՞նչ երեսով են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ապրում Հայաստանում։

Ռաֆայել Թեյմուրազյան, լրագրող

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը պարբերաբար նայում եմ։ Նայում եմ, որ չմոռանամ, թե ինչեր ենք տեսել։ Զարմանալի է, թե ինչ արագ ենք մոռանում ընդհանրապես։


2000-ից ընդդիմության հանրահավաքներին ու ցույցերին մասնակցել եմ, բայց ամեն անգամ դրանք ավելի են խորացրել անզորության զգացողությունը։ Իսկ այդ զգացողությունը գալիս էր ոչ թե նրանից, որ բռնում բանտերն էին լցնում, կեղծում, ջարդում ու ծեծում էին, այլ որ ընկերոջդ, ծանոթիդ հետ խոսելիս հասկանում էիր պրոպագանդայի ուժը։ Կաթիլ առ կաթիլ, բառի բուն իմաստով արյունով ու քրտինքով ծնվեց այն ուժը, փաստերի այն համախումբը, որն ի վերջո ջարդեց պատը, թույլ չտվեց կոծկել հանցագործությունը։ Ռ.Քոչարյանին և Մարտի 1-ի կազմակերպման գործում ներգրավված մյուս անձանց դատարանի առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ թե վրեժի ցանկությամբ, այլ որ ապագայում Հայաստանի որևէ ղեկավարի մտքի ծայրով անգամ չանցնի անել այն, ինչ արեցին օրվա իշխանությունները 2008-ին։

Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Թե բա «Հայաստանի կորսված գարունը» Հ1-ով ցուցադրելը ճնշում է արդարադատության վրա, որովհետև կողմնակալ է։ Է 11 տարի Հ1-ն էս մասով սերժառոբ է պաշտպանել, թող մի անգամ էլ հակառակ կարծիք տա։ Բերանս չբացեք, խնդրում եմ։

Հակոբ Բադալյան, քաղաքական մեկնաբան

Բաբայանի մարտիմեկյան ֆիլմը ռուսերեն էր, այսպես ասած ռուսալեզու: Ինչո՞ւ, որովհետև հեղինա՞կն էր ռուսալեզու: Բայց չէ՞ որ կարող էին գտնել ուղղակի հայերեն թարգմանություն կարդացող: Հետևաբար պետք ա ենթադրել, որ ֆիլմն իրականում հայաստանյան լսարանի համար չի: Հարց ա, իհարկե, թե ինչ նպատակ կա ռուսալեզու լսարանում, և հատկապես ի՞նչ շրջանակում: Բայց Հ1-ով «Կորսված գարուն ցուցադրելը» հազիվ թե հնարավոր ա պատասխան դիտարկել: Առավելապես բարոյական: Հայաստանում ներկայումս Մարտի 1-ով որևէ նոր և առարկայական բան ցուցադրելու անհրաժեշտություն ունի մի մարմին, դա ՀՔԾ-ն ա:

Նարեկ Սարգսյան, ջութակահար

Եթե մի պահ վերանանք մարտի մեկի զոհերի չմխիթարվող ցավից, ապա զուտ թվերով 2008-ի արյունոտ հեղաշրջումը Հայաստանին արժեցավ շուրջ կես միլիոն մարդու արտագաղթ, տնտեսական գահավիժում, ապա` լճացում, Ղարաբաղի խնդրի լուծման ձգձգում, հարյուրավոր զոհեր սահմանին, տասնյակ միլիարդների պետական թալան, ավերված ենթակառուցվածքներ, ծայրահեղ աղքատություն և սով։ Ժողովրդավարության և մամուլի ազատության առումով Հայաստանն իջավ աշխարհի ամենահետամնաց երկրների մակարդակին։ Ռազմական ծախսերով Ադրբեջանից ետ ընկավ կրիտկական աստիճանի, իսկ տնտեսությամբ դարձավ մեր առանց այն էլ ոչ առաջավոր տարածաշրջանի ամենաաղքատ երկիրը։ Մարտի մեկը Հայաստանից խլեց տաս տարի։ 21-րդ դարի խելահեղ զարգացումների ժամանակներում 10 տարի, որը թերևս համարժեք է միջնադարի 100 տարվան։ Ու եթե հաշվի առնենք, որ հեղափոխության ձախողման դեպքում 10-ը հեշտությամբ կարող էր դառնալ 15 կամ 20 տարի, ապա մոտավոր կերպով պարզ կդառնա, թե ինչպիսի աղետ էր մարտի մեկի պետական հեղաշրջումը։ Մարտի մեկը հիրավի պատմական նշանակության իրադարձություն է։ Այն ամեն օր քարոզվելու, պատմվելու, բացատրվելու և լուսավորվելու կարիք ունի, ինչպես Հայոց ցեղասպանությունը, ստալինյան ռեպրեսիաները և հոկտեմբերի 27-ի ոճիրը։ Մարտի մեկը պիտի բացահայտվի 100%-ով, մեղավորները պիտի պատժվեն մինչև վերջին մարդը։ Բայց նույնիսկ դրանից հետո երբեք չպետք է դադարել խոսել այդ մասին` մամուլում, ընտանիքներում, դպրոցում, ամենուր։ Ամեն մի հաջորդ սերունդ նույնպես դեռ պատանի տարիքից պիտի իմանա, որ եղավ մի ժամանակ, որ Հայաստանի ղեկավարները կրակեցին հայ ժողովրդի վրա։ Միայն այդպես հնարավոր կլինի բացառել մարտի մեկի կրկնությունը նույնիսկ հեռավոր ապագայում:

Արիս Վաղարշակյան, լրագրող

Հեղափոխությունից հետո էս կինոն նայելը մի ուրիշ կայֆ ա: Հատկապես երիտասարդ սերունդը պետք է գիտակցի, թե ինչ հրեշներից ենք պրծել: Հա, ու հատկապես կայֆ ա, ոնց են ֆեյսում հոգեխարգամունքի մեջ ընկել «հակահեղափոխական դիշովկեքը»...

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Երեկ նորից նայեցի Պասկևիչյանի ֆիլմը և վերջնականապես հասկացա, որ Մարտի 1-ը չի բացահայտվի, մինչև իշխանության չգա մի ուժ, որն այդ իրադարձություններին չի մասնակցել ոչ մի կողմից: Մինչ այդ երկու կողմերն էլ մեղավորությունը բարդելու են իրար վրա, երբ իրականում երկու կողմն էլ մեղավոր են: Արանքում ուղղակի 10 մարդ զոհվեց, հանուն ինչի՞: Իսկ մինչև մենք ներսում իրար միս ենք ուտում, Արցախի շուրջ գնում են պրոցեսներ, որոնց մասին մեզ չեն տեղեկացնում, բայց որոնք շատ անհանգստացնող են: Դուք պատրաստվեք խաղաղության, ես գնամ կրակել սովորեմ...

Արթուր Հայրապետյան, լրագրող

Պասկևիչյանի ֆիլմը նայելուց հետո ամեն ինչ կրկին վերապրեցի։ Ես էլ կարող էի այսօր չլինել, դու էլ... Ափսոս էին տղաները։ Տղաներին դաժանաբար սպանեցին։ Մեզ՝ ապրողներիս էլ հոգեկան ծանր ապրումների մեջ թողնելով` թաղեցին մեր գարունները։ Ռոբը պետք է ցմահ դատվի, հետը նաև նրանք, որոնք գլուխկախ կատարող էին... Ցավը չի անցնի։ Չի անցնում։ Գոնե հիմա ապրենք։

Վահե Գրիգորյան, փաստաբան

Այս ֆիլմը 2008թ-ի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ քննության մասին տեղեկատվության սովի պայմաններում փաստական տվյալների հսկայական շտեմարան էր, հատկապես՝ տեսագրությունների մասով։ Այս ֆիլմը, հիշում եմ, որ ներառված է եղել նաև 9 զոհերի հարազատների կողմից ՄԻԵԴ ներկայացված նյութերի/հավելվածների ցանկում՝ կոնկրետ հղումներով տեղեկատվության աղբյուր հանդիսացող տեսագրությունների վայրկյաններին։ Ես հիշում եմ այն ժամանակն ու պայմանները, երբ այս ֆիլմը նկարահանվել է․ հարյուրավոր քաղբանտարկյալներ բանտերում, նրանց նկատմամբ խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք, փողոցներում զոհերի միտինգներ անող հարազատներ, քաղաքացիական ակտիվիստներ և քաղաքական գործիչների ընտանիքների անդամներ, որոնց անմարդկային վերաբերմունքով լավագույն դեպքում բազազներն ու գազազները ցրում էին բողոքի ցույցերի ժամանակ, փաստաբաններ, որոնց նկատմամբ քրեական գործեր էին հարուցված իրենց մասնագիտական պարտականությունների կատարման համար (իսկ նրանցից Մուշեղ Շուշանյանի դեմ նույնիսկ 2 թե 3 քրեական գործ), իրավապաշտպաններ և իրավակիսապաշտպաններ։ Շատ ու շատ այլ բաներ էլ, որոնք ոչ միայն հիշում եմ, այլ նաև փաստագրված պահպանվում են մեր տարբեր գործերում։ Մեր ժամանակների զավեշտն այն է, որ նախորդ տասնամյակի պրոպագանդան իր համար ամենահարմար և բերրի միջավայրն է գտել մեր օրերում, երբ տասնամյա հնության պրոպագանդան ավելի հեշտ իրացվելու հնարավորություն ունի, քան երբ ներկայիս «քաղբանտարկյալներն» իշխանության էին և որ դժվար էլ մենք այսօր դիտեինք այս ֆիլմը, եթե մեզ այդ հարցում չօգնեին նովոկշոնով-բաբայանը, որոնց հայալեզու տեսակի որջն այն ժամանակներում հենց Հ1-ն էր։ Ու այդ ընթացքում Տիգրան Պասկևիչյանը, Արա Շիրինյանն ու իրենց թիմն անխոնջ ու առանց շեղվելու առաջ էին տանում փաստահավաքության և նկարահանումների իրենց գործը։

Լիզա Ճաղարյան, լրագրող

Մի քանի անգամ նայել էի «Հայաստանի կորսված գարունը», բայց միայն էս անգամ նկատեցի, որ էն արյան զարհուրելի լճակի, մարդկային ծնոտի ու ուղեղի հատվածներն ԱԺ պատգամավորները, երբ նայում էին, Արշակ Սադոյանը վերցրեց լուսանկարը, նայեց ու հռհռաց։ Հոկտեմբերի 27-ին սրա կուսակցական շեֆ մանուկյան վազգենի երջանիկ դեմքը հիշեցի։ Ձեր միակ ուրախությունը էդ լինի։

| | |
4821 | 0
COMMENT.am