Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրության արձագանքը՝ ԲՀԿ-ԼՀԿ «փոխհրաձգությանը»

երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.

Հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկվում է ԲՀԿ-ԼՀԿ «փոխհրաձգությունը», որն սկսվեց հայտնի հեռուստաբանավեճից հետո ու լայն թափ առավ վերջին շաբաթվա ընթացքում:

Այս թեման մեկնաբանել են`

Արթուր Հայրապետյան, լրագրող

Ասել եմ ու էլի կրկնեմ՝ դոդը քաղաքականության մեջ անելիք չունի, իսկ այսօր մնալով քաղաքական վարձկանի դերում, ինչ այլընտրանքային ծառայություն կմատուցի առաջիկայում՝ կտեսնենք։ Նոր խորհրդարանում բարգավաճցիք դեմ են լինելու Մարուքյանին, որովհետև Մարուքյանը դոդի կոկորդին խրված փուշ է՝ քաշին բարա, խելքից խարաբ:

Անի Սամսոնյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ

Ես խղճում եմ Գագիկ Ծառուկյանին, իրապես խղճում եմ․․․


Երբ 2006-ին Ռոբերտ Քոչարյանն ստեղծեց Գագիկ Ծառուկյան քաղաքական կերպարին, նրան նաև կոդավորեց։ Օրինակ՝ ըստ այդ կոդավորման, բոլոր քաղաքական գործիչները ունեն ՊԱՊԱ։ Եթե որևէ քաղաքական գործիչ չունի ՊԱՊԱ, ուրեմն նա գոյություն չունի։ Այստեղից է գալիս այն պրոբլեմը, որ առավոտից իրիկուն Գագիկ Ծառուկյանը պտտում է Էդմոն Մարուքյան և ԼՀԿ-ի՝ Միշիկի պրոյեկտ լինելու հնացած փչացած պլաստինկան։ Նա անկեղծորեն հավատում է դրան, որովհետև, եթե Էդմոն Մարուքյանը գոյություն ունի, ապա նա պիտի ունենա ՊԱՊԱ։ Հակառակ դեպքում Էդմոն Մարուքյան անուն ազգանունով մարդ չկա։ Այս տրամաբանությունից դուրս պարոն Ծառուկյանի կոդավորված համակարգը, որևէ բան չի կարդում։


Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ եթե դու ունենաս շատ փող, պիտի մասնակցես բոլոր քաղաքական ընտրություններին, որովհետև ընտրություններին միշտ պետք է լինի մեկը, ով քաղաքացանիներին մոռացնել չտա քվեի դիմաց նյութական շահ ստանալու մշակույթը։


Գագիկ Ծառուկյանին կոդավորել են, որ ցանկացած քաղաքական կամ անձնական պատասխանատվության հարցից խուսափելու համար պետք է հավաքել երկու կոդ՝ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ:

Գևորգ Գորգիսյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ

Քաղաքական մեծ դեբատից հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է իր ենթականերին հարվածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը, սևացնել մեզ և այս գործին է այսօր լծվել նաև Կենտրոն հեռուստաընկերությունը։
Մեր մոտեցումը մնում է անփոփոխ․ օլիգարխները չպետք է ապականեն քաղաքականությունը, որը մեզ համար մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է:

Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ պատգամավոր

Այսօր «Լուսավոր Հայաստան»-ի քաղաքական մանրադրամներից ևս մեկը՝ Գևորգ Գորգիսյանը, շարունակելով լուսավորյալ մանրադրամների շքերթը, որոշել է կրկին անդրադառնալ Բարգավաճ Հայաստանին։ Փաստորեն, քաղաքական սադոմազոխիզմը լուսմավորյալների շարքում խիստ ակտուալ է և այս մարդիկ գերագույն հաճույք են ստանում, երբ իրենց հիշեցնում ես իրենց անփառունակ անցյալն ու նույնքան անփառունակ ներկան։ Հիշեցնենք` խոսքն այն երիտասարդի մասին է, ով Փաշինյանի շարժման առաջին օրից սվաղվել է հայաստանյան բոլոր եթերներին ու լրատվամիջոցներին և անարգանքի սյունին էր գամում Նիկոլին, հայտարարելով, որ վերջին քցել է իր գործընկերներին և զբաղված է անիմաստ քայերով։ Իսկ երբ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը խորհրդարանում վառեցին ազատության ջահը, սույն երիտասարդը թաշկինակով փակեց իր լուսավոր քիթը, որովհետև, պարզվեց, հեղափոխության շնչից ալերգիա ունի։

Զարուհի Փոստանջյան, «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ

Սա միտված է նրան, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն հիմնական խնդիրներից ու մարտահրավերներից: Տեսան՝ չեն կարողանում ապահովել բնակչության պարենային նվազագույն զամբյուղը, մարդիկ քաղցած են, հացը թանկացել է, առաջին սպառման ապրանքները թանկացել են, պետք էր մի ձև՝ հանրության ուշադրությունը շեղելու և անցան նման թատրոն մատուցելուն:

Գևորգ Պետրոսյան, ԲՀԿ պատգամավոր

Ես միշտ ձեռնպահ եմ մնացել քաղաքական հակասություններն անձնավորելուց, առավելևս վիրավորանքներ սփռելուց, բայց երբ անհարկի վիրավորում են իմ ղեկավարին, անկարող եմ լինում ապահովել հուզական լիակատար չեզոքություն․․․ Հիմա ես Էդմոն Մարուքյանին ՀՂՈՒՄ ԵՄ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ՝ իր նշած հեռուստաընկերությունում, իր նշած հաղորդավարի մասնակցությամբ։ Ինքը 24 ժամ ունի՝ համաձայնություն տալու համար․․․ Ակնկալում եմ, որ կլասիկ գործընկերոջս քաջությունը կբավարարի՝ ընդունել առաջարկս՝ փոխարենը խնայելով իր եղբորն ու ազնիվ կուսակիցներին․․․Սպասում եմ արձագանքի․․․

Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ պատգամավոր

Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից... Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից և օրենքից խոսող, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, ով Ազգային Ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից։ 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր և իր հովանավորների հետ միասին քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։ Բանն այն է, որ 2009-ի հունիսի 13-ից մինչև 2010-ի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինս Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009-ի հունիսի 13-ից մինչև 2010-ի օգոստոսի 30-ը ընկած ժամանակատահվածում։
Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում։ Ու եթե լուսավոր Էդմոնն անձի երկվությամբ չի տապառում, ապա նույն ժամանակահատվածում նա չէր կարող լինել միաժամանակ ևʹ Հայաստանում, ևʹ Միացյալ նահանգներում։

Կարպիս Փաշոյան, հրապարակախոս

Ճիշտն ասած ես երբեք չեմ հավատացել, որ Էդմոն Մարուքյանը «Միշիկի» պրոյեկտն է։ Ու էդ հարցով շատերի հետ եմ վիճել, նույնիսկ ՔՊ-ի իմ ընկերների։ Մարուքյանը սուրբ չի, բազմաթիվ սխալներ է գործել, բազմիցս նրան քննադատել եմ, բայց վերջին օրերին նրա դեմ կազմակերպված արշավը մեղմ ասած անընդունելի է։


Մարդն ազնիվ կերպով ասում է, որ ինքը հեղափոխական չի, բայց իրեն նորից քննադատում են, որ ինքը հեղափոխական չի։ Իմաստը՞։ Իմաստ չկա։ Բա ո՞վ ա հեղափոխական։ Մեծ մասը հեղափոխության դրոշի տակ հանդես եկող հեղափոխության թշնամիներն են, որոնք պղծում են այդ հեղափոխության արժեքները։

Ոսկան Սարգսյան, լրագրող

ԱԺ ընտրություններից առաջ կուսակցությունները նոր, թարմ գաղափարներ չառաջարկեցին: Որտեղ գաղափարների պայքար չկա, անձերի պայքար է: Ո՞ւմ է ձեռնտու Բարգավաճի և «Լուսավոր Հայաստան»-ի կռիվը, դա ի՞նչ արդյունք է տալու: Երկու կուսակցություններ, որոնց ընդդիմադիր լինելը բախտ, թե՞ պարտավորություն է, վիճում են՝ դեռ խորհրդարանում չհայտնված: Վաղն օրենսդրական որևէ նախագիծ անցկացնելու գործում նրանց մեջ համագործակցություն չի լինի: Հիրավի, բաժանիր, որ տիրես:

«Փաստերի ստուգման հարթակ»

ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ նա 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծել է իր հաշվառման հետ կապված մի շարք փաստաթղթեր, սակայն նույնիսկ այս գործող Ընտրական օրենսգրքով Էդմոն Մարուքյանի գործողությունները հակաօրինական չեն, քանի որ նա երկրից բացակայել է 382 օր (1 տարի 17 օր), ինչպես նաև այդ բացակայությունը պայմանավորված է եղել արտերկրում սովորելու հանգամանքով։

Էդմոն Մարուքյան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ

Դուք, ում ասես, հանել եք մեզ վրա, որ մենք իրանց հարվածենք, բայց ես ուրիշների ետևում թաքնվողը չեմ, կմաշենք ձեզ, այնքան երկար կպայքարենք, որ կմաշեք:


Դուք 2017-ին եկաք ընտրության, կլանեցիք «Ելք»-ի ընտրող ուժը և եթե դա չանեիք, մենք կլինեինք երկրորդ ուժը ու չենք թողնի՝ Սերժ Սարգսյանն իր շուրջն ստեղծի այս բուֆերային ուժը: Հիմա դուք եկաք ու դարձաք երկրորդ ուժն ու նեղանում եք, որ ձեզ ասում ենք՝ ինչ եք արել երկրորդ ուժը լինելով... Ապրիլի 17-ին ո՞ւր էիք, երբ որ ԱԺ-ում Սերժ Սարգսյան ընտրեցին:


Ձեր ֆեյքերը գրում են՝ սրանք ծախվել են, Միշիկի մարդիկ են: Որեմն լսեք՝ ոʹչ Միշիկը, ոʹչ Սաշիկը, ոʹչ Սերժիկը մեզ չիʹ օգնել, չիʹ օգնում ու չիʹ կարա օգնի: Միշիկը մեզնից չի կարա փողերը հետ ուզի, բայց այ Ռոբերտ Քոչարյանը` ձեր կուսակցության հիմնադիրը, ձեր նկատմամբ պահանջներ ունի, փողերն էլ է հետ ուզում, որովհետև իրա շնորհիվ եք ստեղծվել: Բայց ինչ եք անում էդ մարդու համար, ոնց որ 2015-ին եք ժողովրդին լքել, տենց էլ էդ մարդուն եք լքում:


Կամ ասում եք՝ ձեր կուսակցության պապաները... Մենք պապա չունենք, որբ չենք, բայց պապա էլ չունենք...


Ընտրությունները պրծել են, նո՞ր եք հակաքարոզ անում, չնայած ընտրություններին էլ էիք անում: Ձեր ախրանիկին չդնեիք Աբովյանում, երրորդ տեղում էիք լինելու: Ձեր պատգամավորներին ստիպում եք՝ օրը մի կեղտ գրեն Մարուքյանի հասցեին, բա էդ տղերքը մեղք չեն, սաղի հետ ճամփա ենք գնացել, հաց ենք կիսել գործուղումներին, ոնց են աչքերիս նայելու: Դեբատից դժգոհ եք՝ եկեք մի հատ էլ դեբատ կազմակերպենք, բոլորին պատմեք՝ ոնց եք ֆորմաներ ստացել մարտի 1-ի ժամանակ...

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Ի պատասխան Էդմոն Մարուքյանի մերկապարանոց պնդումների.


1. Պնդում առաջին`


Ըստ Մարուքյանի՝ Գագիկ Ծառուկյանը չի կարողացել պատասխանել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող դեբատի ժամանակ Մարուքյանի հարցին։


-Դեբատները հեռարձակվել են ուղիղ եթերով և Հայաստանի հանրապետության բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Էդմոն Մարուքյանի և իր թիմի, հստակ և սպառիչ էր Գագիկ Ծառուկյանի պատասխանը թե՛ «Շանգրիլայի», և թե՛ քաղաքականության ու բիզնեսի տարանջատման մասով։ Որպես իրավաբան, Մարուքյանը, կարծում ենք, տեղյակ պիտի լինի Հայաստանի Սահմանադրությանը, որտեղ որևէ արգելանք չկա սեփականություն ունեցող մարդկանց համար՝ զբաղվելու քաղաքականությամբ և օրենսդիր գործունեությամբ։ Ինչ վերաբերում է «Շանգրիլային», ապա Մարուքյանը, որպես օրինակելի օրենսդիր, հրաշալի տեղյակ է խորհրդարանում ընդունված օրենքին, ըստ որի, 100 միլիոն դոլար ներդրման դեպքում տրվում է նշյալ արտոնությունը և այսօր էլ ցանկացած ոք, ով պատրաստ է նման ներդրում անել, ինչպես «Շանգրիլայի» ներդրողները, կարող է ունենալ նույնպիսի պայմաններ։ Ի դեպ, ևս մեկ պարզաբանում հատուկ Մարուքյանի համար։ Էդուարդո Էռնեկյանն առանց նշյալ 100 միլիոն դոլարի ներդրումն ապահովելու արդեն ունի լիցենզիա` օդանավակայանի տարածքում կազինո հիմնելու, սակայն չի օգտվում այդ հնարավորությունից այն պարզ պատճառով, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում նշյալ բիզնեսը շահութաբեր լինել չի կարող։ Ուստի հորդորում ենք Մարուքյանին ցույց տալ, թե որտե՞ղ է տվյալ դեպքում ոլորտի մենաշնորհը։ Այն, պարոն Մարուքյան, պարզապես չկա։


2. Պնդում երկրորդ՝ մարտի 1-ի մասով։


«Բարգավաճ Հայաստանը» և Գագիկ Ծառուկյանը քանիցս հայտարարել են, որ կողմ են մարտի 1-ի օր առաջ բացահայտմանը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբին, ապա այս պահին ընթանում է բավականին ակտիվ քննություն «Մարտի 1»-ի գործով, այսօր արդեն, նոր Հայաստանում որևէ ճնշում չի կարող լինել իրավապահների վրա և գոնե մենք վստահ ենք, որ մարտի մեկի գործով ճշմարտության բացահայտումը սարերի հետևում չէ։ Հույս ունենք, որ ճշմարտության բացահայտումից հետո բոլոր չարախոսները, այդ թվում Մարուքյանը, կունենան այնքան արժանապատվություն, որ ընդամենը ներողություն կխնդրեն։

5806 | 1