Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է նախընտրական մեծ բանավեճը

հինգշաբթի, 06 դեկտեմբերի, 2018 թ.

«Առաջին ալիք»-ի ուղիղ եթերում տեղի ունեցած նախընտրական աննախադեպ բանավեճը, որին մասնակցում էին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերը, քննարկումների ալիք է բարձրացրել հանրության շրջանում:

Այս թեման մեկնաբանել են`

Աշոտ Ասատրյան, ռազմական վերլուծաբան

Եվ վերջում մի խորհուրդ տամ: Ավելի լավ ա ընդհանրապես չգնաք բանավեճի, քան գնաք ու աչուկներդ կլորացրած նայեք Փաշինյանի դեմքին ու արտահայտած 4 նախադասությունից 3-ը լինեն նրա հեղինակային մտքերը:


Ավելի լավ ա գնաք ու քննադատեք, գնաք ու քննարկեք, գնաք ու պահանջեք, գնաք ու հարցեր հնչեցնեք, քան պարզապես գլխի դրական շարժումով հանաձայնեք նրա հետ: Երբ որ դուք մտնում եք քննարկման մեջ, մեծ է հավանականությունը, որ ձեր արտահայտած մտքերը կարող են ազդել մարդկանց վրա ու դա ձեզ ձայներ կբերի: Երբ որ դուք սկսում եք խոսել միայն դիմացինի բառերով ու ամեն ինչում համաձայնվում եք նրա հետ, մեծ է հավանականությունը, որ դուք նույնիսկ ձեր հարազատների ձայները նվիրում եք դիմացինին: Մի խոսքով, էս բանավեճերն ամեն մարդու բան չի: Գործ չունեք դրա հետ:

Ավետիք Չալաբյան, «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Նիկոլը բանավեճի ամենաճարտար հռետորն էր, բայց ամոթխած և կմկմացող Սուրեն Սահակյանը բացահայտեց այն ճշմարտությունը, որից մնացածները խուսափում են. անցած յոթ ամիսների ընթացքում Նիկոլը համարյա ամեն ինչ արեց, որպեսզի իշխող համակարգը վերակազմավորվի, ու նոր քաղաքական կյանք ստանա։ Նախկին համակարգի բազմաթիվ օդիոզ դեմքեր այսօր թաքուն ծառայում են Նիկոլին, իսկ նախորդ օլիգարխիկ համակարգն սպասարկող երկու հիմնական կուսակցությունները՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, մեծ հավանականությամբ անցնում են նոր Ազգային ժողով` դուրս թողելով քաղաքացիական ուժերին։ Եթե ձեզ հարց էիք տալիս, թե ինչու հոկտեմբերի 2-ին նրանք «դավադրություն» սարքեցին, Նիկոլն էր դրանից արագ և առանց դիմադրության օգտվեց Ազգային ժողովը հապճեպ ցրելու և շտապ նոր ընտրություններ անցկացնելու համար, հիմա կարող եք ստանալ ձեր պատասխանը։ Ցավոք` քաղաքականությունը այն չէ, ինչ հաճախ թվում է փողոցներ փակող իդեալիստներին, այլ այն, ինչ ծածուկ տեղի է ունենում նրանց թիկունքում:

Ոսկան Սարգսյան, լրագրող

Հեռուստաբանավեճի ժամանակ ծագումով Տավուշից մեր հայրենակից Վիգեն Սարգսյանը մեր մյուս հայրենակից Նիկոլ Փաշինյանին հանդիմանեց, թե վերջինս խմբագրի մակարդակից չբարձրացավ: Ես` որպես լրագրող և մարզային թերթի խմբագիր, գործի բնույթով շփվել եմ Հայաստանի բոլոր ղեկավարների, պաշտպանության նախարարների հետ և կարող եմ ասել, որ նրանք իրենց մակարդակով խմբագիրներից բարձր չեն:

Դիանա Գասպարյան, Էջմիածնի քաղաքապետ

Այս քարոզարշավի թերևս ամենակարևոր ձեռքբերումը: Շնորհավորում եմ բոլորիս. սաղմնավորվում է քաղաքական դեբատների մշակույթը:

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Վիգենը ԼԳԲՏ թեմայով ուզում էր Նիկոլին բռներ, բայց մնաց տակը, որովհետև սխալ հարց տվեց: Պետք էր կոնկրետ հարցնել` պատրաստվո՞ւմ եք ԼԳԲՏ ամուսնությունները թույլատրել, թե` ոչ: Ու դրանով կգցեր Նիկոլին թակարդը, որովհետև ինչ էլ պատասխաներ, կունենար դժգոհություն: Արա դե սովորեք էլի ճիշտ հարցեր տալ, հո գյոռս չեմ տանելու...

Պետրոս Ղազարյան, հաղորդավար

Կայացավ բանավեճի ինստիտուտը։ Թիվիները ցույց տվեցին իրենց կենսունակությունը հանրային կյանքում։ Սրանք հեղափոխության լուրջ ձեռքբերումներից են։

Արմեն Մովսիսյան, երգիչ-երգահան

Ոմանց մեղքս տվեց. մինչև էս բանավեճը գոնե ընտանիքի անդամների ձենի հույս ունեին...

Արիս Վաղարշակյան, լրագրող

Բայց, ամեն դեպքում, ֆիքսենք` Վիգենն ինչի ակտիվիստ էլ լինի, միևնույն է պասիվ անդամ կլինի...

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Վիգեն Սարգսյանն ասում է` մեր ժամանակ ձեր երեխաները խաղաղության մեջ են ապրել։ Հետաքրքիր է՝ Սարգսյան Վիգենն էդ նույն բառերը կարո՞ղ է կրկնել` նայելով ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների աչքերին։

Հակոբ Կարապետյան, Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

8 ամիս առաջ պայմանական թուրքմենստանը ոչ միայն թակում էր մեր դուռը, այլև բացել, մտել էր մեր տները, քայլում էր դեպի մեր ննջասենյակները, որ քնած ժամանակ խեղդեր մեզ, իսկ էսօր` առաջին դեմքերի մակարդակով, Հանրայինի ուղիղ եթերում սուր, անկաշկանդ, բայց միևնույն ժամանակ ցիվիլ, քաղաքական բանավեճ ենք նայում ազգովի: Սա ավելի արժեքավոր է, քան երկու մեգատոննա խոզի բուդն ու երեք կիլոմետր կալբասն՝ իրար հետ վերցրած: Ժողովրդավարության սաղմն ավելի է պնդանում ու կենսունակ դառնում: Սա ժամանակի ընթացքում պետք է դառնա իսկական ազգային արժեք, որը իր հետ կբերի հա՛մ կալբաս, հա՛մ խոզի բուդ, հա՛մ առավելևս` ավտոմատ:

5805 | 0