Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է «խոպանչիներին» հարկելու աղմկահարույց նախագիծը

երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Հանրությունը քննարկում է «խոպանչիներին» հարկելու աղմկահարույց նախագիծը

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր նախաձեռնություն, ըստ որի՝ 2020թ-ից 18-65 տարեկան քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը:


ՊԵԿ-ի` հարկեր գանձելու նման մեխանիզմը դժգոհության ալիք է բարձրացրել հանրության շրջանում:

Այս թեման մեկնաբանել են`

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Արեն Ափիկյան, բիզնես-խորհրդատու

Տրանսֆերտները հարկելը ճիշտ գաղափար ա, բայց ոչ այն ձևով, որն առաջարկում է ՊԵԿ-ը: Պետք է գանձել մինչև 5%` հենց ստանալու պահին` բանկում: Այլապես տրանսֆերտները պարզապես կմտնեն ստվեր, ինչից կտուժեն բոլորը, առաջին հերթին բանկերը, դրամական փոխանցումների համակարգերը: 23% հարկ ոչ ոք չի վճարելու, կգնան հին, ստուգված ճանապարհով` օդանավակայանով փող ուղարկելուն:

Արփինե Հովհաննիսյան, ԱԺ փոխնախագահ

Արփինե Հովհաննիսյան, ԱԺ փոխնախագահ

18-65 տարեկան քաղաքացիները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը: Սա նշանակում է, որ գյուղացին, ով վաճառում է իր մթերքը, պետք է եկամուտը հայտարարագրի: Կամ արտագնա աշխատանքի մեկնած մեր քաղաքացին, ով ընտանիքը պահելու համար գումար է ուղարկում` կինը, երեխան դա պետք է հայտարարագրեն: Ըստ նախագծի՝ եկամտի 23%-ը պետք է ուղղվի պետբյուջե, այսինքն, եթե 100 դոլար են ուղարկել ձեզ, 23%-ը պետք է գնա բյուջե: Սա անընդունելի է ու չպետք է կյանքի կոչվի:

Կարեն Հովհաննիսյան, ռազմական վերլուծաբան

Կարեն Հովհաննիսյան, ռազմական վերլուծաբան

ՊԵԿ-ն ինձ հիշեցնում է հանրապետականին` ամեն կերպ քերել ժողովրդին, և միայն ու միայն ժողովրդին: Չգիտեմ, թե ինչ են ծխում, բայց ինձ թվում ա, որ բարձր դոզայով են ընդունել ու մնացել են տակը: Հայաստանից օտար պետություն գնացած մարդը դրսում աշխատում ա, տվյալ պետությունում հարկերը մուծում ա, իր աշխատածի չափով, ու մի երկու կոպեկ ուղարկում ա տուն, իսկ ՊԵԿ-ն էլ որոշում ա, որ դրա 23%-ը պետք ա քաղաքացին մուծի պետական գանձարան: Այ քեզ հիմարություն, հա-հա` հիմարություն: Մարդիկ բարեգործություն են անում, գտնում են մի ընտանիք Հայաստանում ու նրան ուղարկում են գումար, որ Նորտարվան գոնե տանը վառված լույս ունենա ու սեղանն էլ մի քիչ տոնական լինի, բայց չէ, դուք դա համարում եք եկամուտ ու դնելու եք գանձեք: Ու ընդհանրապես պետության ի՞նչ գործն է, թե մարդը դրսից որքան գումար է ստանում: Պետությունը, եթե անելիք ունի այստեղ, ապա միայն մեկն է` պարզել, թե արդյոք այն օրինական է, և որևէ հանցագործության հետ կապ չունի: Սիրուն չի, հեչ սիրուն չի տարոններ...

Վարդան Հարությունյան, հրապարակախոս

Վարդան Հարությունյան, հրապարակախոս

ՊԵԿ-ի շրջանառության մեջ դրած գաղափարը, ըստ որի պետք է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդրվի, նոր չէ։ Շատ վաղուց է այս գաղափարը պտտվում իշխանական միջավայրում։ Ցանկացած գնով պետբյուջեն լցնելու հրամայականից է սա գալիս։ Այս տրամաբանությունից է ծնվել «օդի փողը»՝ 10 000 դրամը, որ ինքնաթիռի տոմս գնելիս յուրաքանչյուրս վճարում ենք։ Ցնդաբանության սահմանը հատած այս հարկը` 1990-ականների վերջերից է գալիս։ Բոլորը գիտեն, որ սա անթույլատրելի գռեհկություն է, բայց ոչ մի նոր եկած իշխանություն այն չի վերացրել։ Հենց «օդի փողի» ներդրման ժամանակներից էլ տրանսֆերտները հարկելու գաղափարը ծնվել է։ Ժամանակ առ ժամանակ այդ մասին խոսվել է, բայց շոշափլի քայլեր չեն արվել։ Հիմա, ինչպես տեսնում ենք, փորձում են ներդնել։ Սա ապացույցն է այն բանի, որ մեզանում կարող են փոխվել առանձին իշխանավորներ, կարող են ամբողջական իշխանություններ փոխվել, անգամ՝ հեղափոխություն լինել, բայց իշխանական տրամաբանությունը չի փոխվում։ Նույն իշխանական սենյակներն ու միջանցքներն են, նույն խնդիրները և, ցավոք, նույն լուծումները։ Իսկ դեռ երեկ թվում էր, որ խնդիրների ու սենյակների նույնության պարագայում լուծումներն այլևս այլ են լինելու։ Հուսանք, որ, իրոք, այսուհետ այլ են լինելու լուծումները և այս գռեհիկ գաղափարը, որպես հներից մնացած ժառանգություն դեն է նետվելու:

Գևորգ Պետրոսյան, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Գևորգ Պետրոսյան, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Ի՞նչ է նշանակում՝ հարկել տրանսֆերտները... Հերիք չի, որ պետությունը չի կարողացել իր քաղաքացուն ապահովել արժանապատիվ աշխատանքով, մարդն իր ընտանիքից կտրվել, հեռացել է օտար երկիր, հերիք չի, որ էտ մարդն օտար երկրում իր կատարած չարքաշ աշխատանքի համար հարկ է վճարել, մի հատ էլ իր երկրում հարկվի՞… Կներեք, բայց դա անելու բան չի... Սա է՞ պետական բյուջեն լցնելու նորովի մոտեցումը... Շատ վատ է...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից, ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը.
1. կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ,
2. իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով,
3. կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ ու հնարավորություններ ստեղծելու, այլ եղածը վտանգի տակ դնելու ճանապարհով,
Այս ամենով հանդերձ, իշխող ուժը խաթարում է պետության շուրջ հանրային պայմանագրի բովանդակությունը, դրա սոցիալական, քաղաքական արադարության սկզբունքը: Հասարակությունները պետություն ստեղծում են, որպեսզի ներքին ու արտաքին քաղաքականությունների միջոցով ու պետական ու տեղական իշխանությունների կողմից իրենց մատուցվեն սոցիալականից մինչև անվտանգային ու պաշտպանական լավագույն ծառայությունները: Պետության կողմից իր գործառույթների պատշաճ կատարման ձախողման արդյունքում խոպանի ինստիտուտը սոցիալական-տնտեսական ոլորտում մի բան էլ ավել իր վրա է վերցրել պետության բեռի զգալի հատվածը՝ ի դեմս բյուջեին հավասար երկիր ուղարկվող մասնավոր տրանսֆերտների, թեպետ պետություն ստեղծելու հիմնական պայմանագրով նա այդ պատասխանատվությունն էլ չունի ու կարող էր չունենալ: Այժմ պետությունը նրան ասում է՝ ավելացրա քո բեռը: Սա պետության շուրջ հայ հասարակության կնքած քաղաքական պայմանագրի սոցիալական ու այլ տեսակի արդարության սկզբունքի խեղում է, պետության կողմից փախուստ իր պայմանագրային պատասխանատվությունից ու պարտավորություններից: Սրա հետևանքն արդեն տեսանելի դիսկուրսն է այսպիսի փիլիսոփայությամբ, անարդարությամբ պետություն ունենալու նպատակահարմարության, մնալ գնալու շուրջ:

Արման Գևորգյան, դերասան-հումորիստ

Արման Գևորգյան, դերասան-հումորիստ

Շուտով խոպանչիների ստատուսներում՝ Էրեխեք, ընկերներիս մեջ Հայաստան գնացող կա՞, մի փոքրիկ փող կա տանելու, բանկով չուղարկեմ էլի... Մերոնք կգան, կվերցնեն...

Վահագն Թևոսյան, հեռուստալրագրող

Վահագն Թևոսյան, հեռուստալրագրող

ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը՝ «խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմի մասին, դեռ լավ չեմ ուսումնասիրել, բայց առաջին հայացքից ոնց որ էն լինի, որ աղջկաս դասերն ստուգելուց ասեմ՝ դե պատմի ինտեգրալն ինչ ա, ասի` բայց դա մենք չենք անցել դեռ, ես էլ ասեմ՝ կապ չունի, դա անցնում են դպրոցում, իսկ դու սովորում ես դպրոցում, պետք ա իմանաս: Հասկացանք, որ նոր հարկային մուտքեր են պետք, բայց դա քերելով չի, հնարավորություններ ու պայմաններ ստեղծելով ա, ախր:

| | |
6397 | 0