Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Ընտրական նոր օրենսգրքի տապալումը

երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Հանրությունը քննարկում է Ընտրական նոր օրենսգրքի տապալումը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ, ՀՀԿ-ն տապալեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը:


Տեղեկացնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ էր 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:

Այս թեման մեկնաբանել են`

Արարատ Միրզոյան, ՀՀ առաջին փոխվարչապետ

Արարատ Միրզոյան, ՀՀ առաջին փոխվարչապետ

Ուզում եմ հստակ արձանագրել, որ ԸՕ֊ի առաջարկված փոփոխությունները միանշանակ ժողովրդավարական և առաջադիմական էին և շահավետ էին առաջին հերթին հենց ո՛չ առաջատար, ո՛չ իշխանական քաղաքական ուժերի համար:


Ցավում եմ, որ որոշ ուժեր սա չհասկացան և գործընթացը վերածեցին մկանների ցուցադրության՝ հերթական անգամ դառնալով մեր երկրի զարգացման խոչընդոտ և հերթական անգամ մեր երկիրը դարձնելով իրենց, թույլ տվեք ասել, անիմաստ տվայտանքի գերին:


Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ ՔՊ֊ն և «Իմ քայլը» դաշինքը պատրաստ են ընտրություններին թե՛ առաջարկվող, թե՛ գործող օրենքով:

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը:


Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր:


Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը:

Արմեն Վարդանյան, իրանագետ

Արմեն Վարդանյան, իրանագետ

Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հասներ նրան, որ ԱԺ-ն ընդուներ Ընտրական օրենսգիրքը, հետո նոր հրաժարական տար, որ ռեյտինգային համակարգով ընտրություններ չանցկացվեին: Հիմա վերադառնում ենք էլի հին, արատավոր ռեյտինգային համակարգին, որը լրիվ անկանխատեսելի ընտրություններ ա բերելու: Էլի թաղի տղերքի, մեծ փողեր ունեցողի, ոʹչ գաղափարական, ոʹչ ծրագրային ընտրություններ են լինելու:

Տիգրան Ուրիխանյան, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Տիգրան Ուրիխանյան, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Հերիք է խաղեր անել ու ՀՀԿ-ին խորհրդարան մտցնելու ձևեր ստեղծել: ՀՀԿ-ի պատգամավորներն են, որ դարձել են հրեշտակի պես հեղափոխական, գնում, իշխանության դռների առջև երդումներ են կազմակերպում ու հնարավորություն են ստանում և մեր գործընկերների, և մեր թիկունքից նախկին ընտրակարգով, հիմար ձևով ճողոպրելու խորհրդարան: Գործադիրին ու ՔՊ-ին դիմելով կոչ եմ անում՝ միջոցներ ձեռնարկել: Երբ հոկտեմբերի 2-ին օրենք էր ընդունվում, ժողովուրդը եկավ ԱԺ, ուրեմն հանեք ժողովրդին նորից, ճնշում գործադրենք, որպեսզի խալտուրաներով չպահեն հին ԸՕ-ն:

Արտակ Զաքարյան, ՊՆ նախկին փոխնախարար

Արտակ Զաքարյան, ՊՆ նախկին փոխնախարար

Ազգային ժողովը մերժեց Ընտրական օրենսգրքի չհիմնավորված փոփոխությունները: Կա տեսակետ, որ Հանրապետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար: Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերում ընտրական օրենսդրության բարելավմանը: Իսկ ձևացնել, թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է: Խորհրդարանական երկրում, խորհրդարան ձևավորող ընտրական մեխանիզմը չի կարող կոնսենսուս չունենալ, ընդունվել հենց այնպես, հարևանցի և համարվել, որ վաղն ավելի արդյունավետ խորհրդարան ենք ունենալու:

Ալեն Սիմոնյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Ալեն Սիմոնյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Ապացուցվեց, որ այս ԱԺ-ն պետք է ցրվեր: Ցավում եմ, որ ՀՀԿ խմբակցության մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին: Փաստացի ստացվում է, որ նոր Ընտրական օրենսգրքում մենք ունենալու էինք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել և ավելի շատ քաղաքական ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Նրանք ամեն ինչ արեցին, որ շարունակեն ոչնչացնել քաղաքական դաշտը:

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Երկուշաբթի արտահերթ նիստ ենք հրավիրելու՝ կրկին ԸՕ փոփոխությունների հարցի օրակարգով: Հորդորս է Հանրապետական կուսակցությանը, որպեսզի չփորձեն վերջին անգամ սեպ խրել այն փոփոխություններին, որոնք արվելու են խորհրդարանում: Շատ դեպքերում մեր խորհրդարանն առաջնորդվում է իռացիոնալ տրամաբանությամբ, ես հույս ունեմ, որ այս անգամ կհաղթի սթափ տրամաբանությունը, որովհետև իրենք ևս իրենց ելույթներում բազմիցս ասել են, որ նոր ընտրական օրենսգիրքը ժողովրդավար ընտրական ընթացակարգեր է սահմանում, քան` գործողը: Այն, ինչ իրենք արեցին երեկ, որևէ քաղաքական տրամաբանության չէր ենթարկվում:

| | |
2396 | 0